ՀԱԿ-ը կհամագործակցի՞ Կարապետիչի հետ
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ում լիբերալ դաշտը պետք զբաղեցնի ԲՀԿ-ն, մեղմ ասած' զարմացնում է լիբերալ գաղափարակիր, ՀՀՇ վարչության եւ ՀԱԿ անդամ Սարգիս Թամազյանին: Իսկ, թե ինչու, պարոն Թամազյանը հիմնավորեց «Ա1+»-ի հետ զրույցում:
- Որպես լիբերալ գաղափարներ կրող մարդ, ասեմ, որ Ռազմիկ Զոհրաբյանը չպիտի որոշի, թե որ կուսակցությանը որ դաշտ գործուղի: Իշխանության ներկայացուցչի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նրանք միանշանակ փորձում են կեղծել առաջիկա ընտրությունները' այս կամ այն կուսակցությունները տարբեր դաշտերում տեղավորելով: Վերջում թվեր են գրելու եւ ասեն, այսպիսին էր քաղաքական դաշտը: Իրականում լիբերալ դաշտում մենք ենք' այդ գաղափարախոսության կրողները: Լիբերալ դաշտում գտնվող ուժը պետք է հետեւեի լիբերալ սկզբունքներին' տնտեսական, մարդու իրավունքների ազատությանը եւ այլն:
- ԲՀԿ-ն այդպիսի կուսակցություն չէ՞:
- ԲՀԿ-ն նույն քրեաօլիգարխիկ համակարգի, ավազակապետության այն կուսակցություններից է, որոնք այս տարիներին եւ ընտրությունները կեղծելու, եւ բռնություններ կատարելու եւ մարդու ազատությունները սահմանափակելու բոլոր քայլերին մասնակցել են: Ծիծաղելի է, որ նրանք փորձում են լիբերալ ներկայանալ:
- Համամի՞տ եք այն տեսակետին, որ Տիգրան Կարապետյանը գրավել է ընդդիմադիր դաշտը: - Տիգրան Կարապետյանը դեռ չի ասել, թե ինքը ինչ է ուզում, նա դեռ պետք է հստակեցնի իր պահանջները: - Արդեն ասել է, որ արդարություն, արտահերթ ընտրություններ է պահանջում, պայքարելու է հանուն ժողովրդի եւ այլն:
- Նախ իր կուսակցության անունից ժողովրդի առաջ պետք է սահմանի իր պահանջները' Սերժ Սարգսյանի պահանջներից սկսած, եթե նա իսկապես ընդդիմադիր է:
- Տիգրան Կարապետյանը ՀԱԿ-ին հրավիրել է հարթակ'համագործակցելու: Ինչպե՞ս եք վերաբերում այդ առաջարկին:
- Համագործակցում են սկզբունքների, բարձրացված խնդիրների իրագործման շուրջ: Այն խնդիրները, որոնք ՀԱԿ-ը դրել է իր առաջ, եթե հետաքրքրում են Տիգրան Կարապետյանին, մենք անպայման կհամագործակցենք:
- ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը նաեւ ասել է, թե հանուն երկրի կայունության իրենք պատրաստ է համագործակցել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ես այդ հայտարարությանը լուրջ չեմ վերաբերում: Եթե նույնիսկ ասել է, ստիպված է ասել, մենք իշխանություններից նման հայտարարությունները շատ ենք լսել: Համագործակցությունը գործով է լինում, խոսքով չի լինում: Եթե նրանք իսկապես ցանկանային համագործակցել, այսօր Հայաստանում չպետք է քաղբանտարկյալներ լինեին, «Ա1+»-ը պետք է վերաբացվեր:
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունի ՀԱԿ-ը: Չեք կարծում, որ պասիվ եք:
- Ոչ, ՀԱԿ-ը պասիվ չէ: Մենք շատ մտածված, գիտակից քայլ ենք անում, որպեսզի մեր երկրում ավազակապետությունն իսկապես վերանա: Ժամանակը ցույց կտա, որ ՀԱԿ-ն անում է իր գործը:
- Առաջիկայում զանգվածային միջոցառումներ նախատեսո՞ւմ եք:
- Այս պահին զանգվածային միջոցառումների ծրագրի մասին, ես տեղյակ չեմ, սակայն կարծում եմ, որ մարտի 1-ին մենք միջոցառում կունենանք: Մնացած քայլերի մասին կտեղեկացնենք:
Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը