Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ պատվերը կատարեց Ամալյանը (տեսանյութ)

Հարցազրույց
571e4e20451b6e16f72eaaf6ccb41cd1

«Սա կրիմինալ է»,-ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ ստանալով «Արմնյուզ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային փաթեթները' հայտարարում է «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը:

-         Դուք արդեն ստացել եք դեկտեմբերի 16-ի ՀՌԱՀ-ի հայտարարած հեռուստակապուղիների մրցույթում  «Արմնյուզ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցույթային փաթեթեները: Ի՞նչ եք պատրաստվում անել:

-         Ծանոթանալով այդ փաթեթեներին' ես հասկացա, որ պատրաստվելու կարիք չկա, ամեն ինչ պարզ է: Վաղը ես հայց կներկայացնեմ ՀՌԱՀ-ի եւ մասնավորապես ՀՌԱՀ  նախագահ Գրիգոր Ամալյանի դեմ: Ես զարմացած եմ ՀՌԱՀ-ի վրա, այն անգործների հավաքածու է, որը հարկատուներիս հաշվին ապահովել են իրենց հանգիստ կյանքը եւ մտել կրիմինալի մեջ:  Դրա համար պետք է պատասխան տան ՀՌԱՀ բոլոր անդամները' Գրիգոր Ամալյանի գլխավորությամբ:

-         Ի՞նչ նկատի ունեք' կրիմինալ ասելով:

-         Բոլորն այդ մասին կիմանան դատարանում: Ասեմ, որ ինձ ամենեւին հաճելի չեն դատավարությունները, սակայն փաստն այն է, որ ՀՀ-ում մենք չունենք դատական համակարգ եւ դա եւս մեկ անգամ ցույց տալու համար ես կդիմեմ դատարան: Դատարանում մենք նաեւ կապացուցենեք, որ որքան հնարավոր շուտ պետք է ցրել ՀՌԱՀ-ը, և, մասնավորապես ազատվել Գրիգոր Ամալյանից: Մեր երկրին նույնիսկ 1988թ. երկրաշարժը այնքան վնաս չի հասցրել, որքան  Ամալյանը' զրկելով երկիրը գաղափարախոսությունից, դեպի ժողովրդավարական գործընթացներից,  աշխարհին ինտեգրվելուց:

-         Դուք հայց եք ներկայացնում ՀՌԱՀ-ի եւ մասնավորապես Գրիգոր Ամալյանի դեմ, սակայն պարոն Ամալյանը  «Ա1+»-ին մեղադրեց կեղծարարության մեջ եւ «0»-ներ նշանակեց մրցույթում:

-         Պարոն Ամալյանը կեղծարարության մեջ «Ա1+»-ին մեղադրեց' չգիտակցելով, որ այդ ամենն իր դեմ է շրջվելու: Մրցույթից առաջ ի պաշտպանություն «Ա1+» - ստեղծվել էր «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը, եւ «Ա1+»-ի օգտին աշխարհի տարբեր ծայրերից  քվեարկել են 30 հազար մարդ, եւ այդ 30 հազարի մեջ ՀՌԱՀ-ը երկու «անվավեր» ձայն է գտել: Ես այդ մասին էլ եմ պատրաստվում խոսել դատարանում:

-         Եթե նույնիսկ այդ երկու փաստաթղթերը կեղծ էին, ի՞նչ պետք է աներ ՀՌԱՀ-ը:   ՀՌԱՀ-ի ներկայացուցիչը վերջերս «Ա1+»-ին ասաց, որ մինչեւ մրցույթի օրը իրեն իրավունք չունեին բացել մրցութային փաթեթները եւ չէին կարող իմանալ այդ փաստաթղթերի կեղծ լինելու մասին:

-         Երբ բացում են մրցույթային փաթեթեները եւ տեսնում են, որ  այն իր մեծ կեղծիքներ, խախտումներ է պարունակում, պարոն Ամալյանը պարտավոր էր հրավիրել ինձ եւ բացատրություն պահանջեր: Եթե  պատասխաններն իրեն չբավարարեին, նա պետք է մեր փաթեթը հաներ մրցույթից եւ առանց մրցույթը շարունակելու'անմիջապես հաղթող ճանաչեր մեր մրցակցին: Գրիգոր Ամալյանը նման բան չարեց, քանի որ մեկ նպատակ ուներ' ամեն գնով վարկաբեկել «Ա1+»-ին, որը նրան չհաջողվեց եւ չի հաջողվի: Այն բացատրությունները, որոնք չցանկացավ լսել պարոն Ամալյանը, մենք դա կներկայացնենք դատարանում, ինչպես նաեւ կներկայացանենք «Արմնյուզի» եւ «Արմենիայի» մրցութային փաթեթներում առկա խախտումները, թող դատարանը որոշի:

-         Դուք ասում եք, որ մրցույթից առաջ «Ա1+»-ի օգտին քվեարկել է 30 հազար մարդ: Դուք պարտավո՞ր էիք ստուգել, այդ մարդկանց կամ ընկերությունների ով լինելը կամ նրանց փաստաթղթերի հավաստիությունը:

-         Ոչ: Դրանք եղել են նամակների, ցուցակների,  էլեկտրոնային փոստի միջոցով: Այդ երկու ընկերությունները, որոնք «Ա1+»-ի օգտին քվեարկվել են  էլեկտրոնային փոստի միջոցով, մեզ նաեւ հետագայում համագործակցելու առաջարկ են արել: Բոլորին է հայտնի, որ ընկերությունները հեռուստաընկերությունների հետ համագործակցում են գովազդի միջոցով: Այդ ընկերությունը «Ա1+»-ին 5 տարվա համար առաջարկում էր 55 հազար ԱՄՆ դոլարի աջակցություն: Եթե այդ գումարը մենք բաժանենք 5 տարվա, դա նշանակում է, որ յուրաքանչյուր օր' 27 դոլարի դիմաց ես պետք է գովազդեի այդ ընկերությանը: Գովազդի համար դա այնպիսի գումար է, եթե ես նման թիվ հայտարարեմ, ապա «Ա1+»-ի մոտ հերթեր կգոյանան: Առնվազն հիմար պետք է լինել նման փաստաթուղթ կեղծելու համար: Դա անիմաստ է: Երբ դատախազի կեցվածքով մեղադրանքներ են ներկայացնում, դեռ պետք է պատասխան տան:

-         Փաստն այն է, որ ՀՌԱՀ-ը հայտարարեց, որ այդ փաստաթղթերը կեղծված են, եւ «Ա1+»-ի այս անգամ «0»-ներ նշանակեց: Ձեր կարծիքով' «0»-ները «Ա1+»-ի ներկայացրած ծրագրին տրվե՞ց, թե այդ փաստաթղթերին:

-         Մրցույթ ընդհանրապես չի եղել: Ամենամեծ ցանկության դեպքում ՀՌԱՀ-ի 8 անդամները 36 աշխատանքային օրվա ընթացքում չէին կարող ծանոթանալ 20 հեռուստաընկերության ներկայացրած մրցութային փաթեթեներին, որոնք մոտ 200 էջ էին կազմում: Իսկ «Ա1+»-ի տված գնահատականը «0»-ները միայն մեզ վարկաբեկելու համար էր: Դրանում որեւէ մեկը կասկած չունի: Հակառակ դեպքում ՀՌԱՀ-ը կարող էր միայն ֆինանսական մասով «0» նշանակել, իսկ մյուս 6 չափորոշիչներով գնահատականներ տալ: Ես ծանոթանալով մեր մրցակցի' «Արմնյուզի» մրցութային փաթեթին, վստահեցնում եմ, որ դա ոչ թե «0»-ի , այլ  մինուսի  ծրագիր է: Այս ամենի' իր իշխանազանցության համար պարոն Ամալյանը պատասխան է  տալու:

-         Բացի «Արմնյուզի» մրցութային փաթեթից Դուք ՀՌԱՀ-ից պահանջել էիք նաեւ «Արմենիայի» մրցութային փաթեթը' հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկու հեռուստաընկերությունների սեփականատերը նույնն է: Ներկայացված ծրագրերն էլ էին նո՞ւյնը:

-         Նույն էր նաեւ ներկայացված կազմը' երկու մասի բաժանված, տեխնիկական եւ այլն: Այն բլեֆը, որը ներկայացվել է ՀՌԱՀ-ում, շատ փնթի էր եւ ծիծաղելի, եւ դատարանում  ակնհայտ կլինի:

Հարցազրույցը  վարեց Վիկտորյա Աբրահամյանը