Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Չարենցի հուզական պոեզիայի նմուշները` ֆրանսիացի ընթերցողին (տեսանյութ)

«Ես Չարենցագետ չեմ, նրա ստեղծագործական ժառանգության մասին թող մասնագետները խոսեն, բայց գիտեմ, թե ինչ է հայ ժողովրդի համար եղել ու կա Չարենցը։ Ես ինքս ինձ համար բացահայտել եմ մեծ պոետի տուն-թանգարանն ու նրանց, ովքեր չեն եղել, խորհուրդ կտամ այցելել։ Մեծ բավականություն կստանան»,- Եղիշե Չարենցի «Ծիածանը» և․․․» գրքի շնորհանդեսին իր խոսքում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ հրատարակված երկլեզու՝ ֆրանսերեն և հայերեն գիրքը նվիրված է Չարենցի ծննդյան 125 և մահվան 85–ամյակներին։ «Ծիածանը» և․․․» վերնագիրը սիմվոլիկ է այնպես, ինչպես գրքում զետեղված հեղինակի «Ծիածանը» շարքը ու «Ողջակիզվող կրակ», «Ութնյակներ արևին», «Զանազան բանաստեղծություններ» շարքերից ընտրվածները։

«Մենք ունենք շատ ամուր կապեր Հայաստանի ու հայերի հետ։ Այս գրքի հրատարակումը ևս մշակութային համագործակցության օրինակ է։ Դեսպանատան ու նաև իմ անունից ցանկանում եմ հարգանքի տուրքը մատուցել ֆրանսերեն թարգմանության հեղինակ Արամ Բարլեզիզյանին։ Սա, ցավոք, թարգմանչի կյանքի վերջին ամիսների աշխատանքն էր»,– ասաց պարոն Նարժոլեն։

Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով՝ գրքի հրատարակության մտահղացումը ծնվեց դեսպանատան աշխատակիցների ու մասնավորապես պարոն Նարժոլեի թանգարան այցի ժամանակ։

Տիկին Մանուկյանը նաև նշեց, որ նմանօրինակ թարգմանչական գրականությունը կարևոր է աշխարհին ներկայացնելու մեր ժառանգությունը, իսկ ավելի քան երեսուն լեզուներով թարգմանված Չարենցի ժառանգությունը դեռ նոր բացահայտման շերտեր ունի։ Շնորհանդեսին ներկա Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, ով թանգարանի ավագ գիտաշխատող է, իր խոսքում նշեց, որ ժողովածուում ընդգրկված 74 բանաստեղծությունները պատահական չեն ընդգրկված։

Ֆրանսիացի ընթերցողի համար ընտրել են Չարենցի հուզական պոեզիայի նմուշները։ Չարենցը 1925 թվականին եղել է Փարիզում և հենց այնտեղ է գրել «Կոմունարների պատը Փարիզում» պոեմը։ Շատ սիրում էր ֆրանսիական պոեզիան, իմպրեսիոնիստերի գործերը։ Ասում են՝ կարող էր ժամերով կանգնել ու մեկնաբանել կտավները։ Թարգմանություններ ունի կատարած՝ մասնավորապես Վիկտոր Հյուգոից։

Շնորհանդեսին հրավիրված էր նաև Կոմիտասի լարային քառյակը, որի կատարմամբ հնչեցին Կոմիտասի մանրանվագներից։ Տեղի ունեցավ նաև գրքի կոնյակաձոն և մակագրություններ՝ թանգարանի օրինակի վրա։