Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթական թուրքական փափուկ բարձը

Հարցազրույց
a7c44bb858cf1f4979a5d68babdc328b

ՌԴ Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը համոզված է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պայմանավորված չէ միայն ՌԴ-ի կամ միայն ԱՄՆ-ի կամքով: Իսկ թե ինչու. Արայիկ Սարգսյանը հիմնավորեց «Ա1+»-ի հետ զրույցում, ինչպես նաեւ պատասխանեց այլ հարցերի:

- Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հատուկ դեսպան է ուղարկելու Հայաստան: Նա պատրաստվում է նամակ գրել եւ խնդրել Սերժ Սարգսյանին, որպեսզի Հայաստանը կողմ քվեարկի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թուրք դիվանագետի թեկնածությանը: Մենք տեսանք, թե ինչ արեց ազգությամբ թուրք ԵԽԽՎ նախագահը, ի՞նչ կարող է անել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ԼՂ հարցում:

- ՀՀ-ի նկատմամբ արտաքին մարտահրավերները գնալով շատանում են: Մեր կառավարությունը չի կարող դիմագրավել դրանց: Ինչ վերաբերում է Գյուլի բանագնացին, ապա գաղտնի չէ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարբեր խողովակներով շարունակվում եւ շարունակվելու են գաղտնի բանակցությունները: Բանագնացի հասարակության համար իմիտացիոն քայլ է: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավելի ինտենսիվ են դարձել 2007թ.-ից: Այս հարցում Հայաստանից ոչինչ կախված չէ, իսկ Թուրքիան դեռ շարունակում է աչքակապությունը գործընթացում: Այսօր Թուրքիայում այլ խնդիր կա: Ապրիլի 24-ից առաջ թուրքերը ցանկանում են ԱՄՆ Կոնգրեսին ցույց տալ, որ իրենք, որքան դրական են տրամադրված Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, հարաբերությունների բարելավման հարցում: Սա հերթական փափուկ բարձն է Թուրքիայի կողմից ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնողների համար: Պետք չէ մոռանալ, որ 90-ականներին անձամբ Աբդուլա Գյուլը Հյուսիսային Կովկասում ֆինանսավորում էր ահաբեկչական խմբավորումներ: Նա թուրքական իշխանությունների կողմից ստեղծված հատուկ հիմնադրամի ղեկավարն էր:
- Պարոն Սարգսյան 2012թ. բյուջեով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայաստանին հատկացրած գումարը կրճատվել է, իսկ Ադրբեջանինը` ավելացել 450 հազ. դոլարով: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը:
- 450 հազար դոլարը ծիծաղելի թիվ է թե ՀՀ-ի եւ թե Ադրբեջանի համար: Խնդիրն այստեղ աշխարհաքաղաքական է, այն ուղենիշն է, որն նախագծվում է 2012թ. մեր տարածաշրջանում` մարդու իրավունքների, ժողովրդավարության համար, քանի որ այդ գումարները հենց դրա համար են տրվում: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա 2012թ-ից ԱՄՆ Կոնգրեսն ամենայն հավանականությամբ ԼՂՀ-ին ամեն տարի կհատկացնի 10 միլիոն դոլարի օգնություն:
- Դա ի՞նչ է նշանակում: Մի կողմից ԱՄՆ-ն չի ճանաչում ԼՂՀ-ի ինքնորոշումը, մյուս կողմից` գումար է հատկացնում իր կողմից չճանաչված պետությանը:
- Եթե ԱՄՆ դե յուրե չի ճանաչում ԼՂՀ -ի անկախությունը, ապա դե յուրե ֆինանսական միջոցներ է հատկացնում ԼՂՀ-ին: Խոսքը աշխարհաքաղաքական այն հակասության մասին է, որ մեր տարածաշրջանում ընթանում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի, Եվրոպայի եւ Չինաստանի միջեւ: Մեր տարածաշրջանում շատ լուրջ եւ չերեւացող հակամարտություն կա, որտեղ չլուծված հակամարտությունները դառնում են աշխարհաքաղաքական ակտիվներ, եւ ցանկացած պետություն իր ներդրումն է ունենում նման ակտիվներում: ԱՄՆ-ն պաշտոնապես ասում է` մենք 10 միլիոն դոլար կտանք ԼՂՀ-ին: Խնդիրն այն է, որ պատերազմի վերսկսման հավանականությունը ԼՂՀ-ում դեռ պահպանվում է: Այսինքն, եթե նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվեն ստատուս քվոյի պահպանման հարցում, ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Եվրոպան դեռ չլուծված խնդիրներ ունեն այս տարածաշրջանում, որոնց թատերաբեմը ԼՂ հակամարտությունն է:
- Տեսակետ կա, որ ԼՂ հիմնախնդրի լուծման բանալին այսօր ՌԴ-ի ձեռքում է: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:
- Իրականում եւ ՌԴ-ի, եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ԵՄ-ի դերակատարությունը ԼՂ հարցում հավասարակշռված է: Չկա մեկը, որ ավելի զորեղ է, չկա մեկը, որ ավելի թույլ է: Կար մի պահ, երբ ԱՄՆ-ի ձեռքում էր գտնվում ԼՂՀ-ի ճանաչման խնդիրը: Այնպես ինչպես նրանք ճանաչեցին Կոսովոն, նույն հաջողությամբ կարող էին ճանաչել ԼՂՀ-ն: Նրանք այսօր էլ կարող են ճանաչել: Նրանք նույնիսկ փորձագիտական մակարդակով այդ մասին խոսել: Ես վստահ եմ, որ եթե ԱՄՆ- ն եւ ՌԴ-ն կամենան, նրանք կարող են համատեղ գործել եւ հանուն Կովկասի խաղաղության, նրանք մեկ օր առաջ կարող են ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Եւ կարեւոր չէ, թե ինչ սահմաններով կճանաչեն ԼՂՀ-ի անկախությունը, խոսքը` ազատագրված տարածքների մասին է: Նման խոսակցությունների բացակայությունը վկայում է այն մասին, որ հակամարտությունը շարունակվում է:
- Առաջիկայում, ԼՂ բանակցային գործընթացում Դուք առաջընթաց կանխատեսո՞ւմ եք:
- Մինսկի խմբի շրջանակներո՞ւմ:
- Այո:
- Երբեմն, խոսակցություններ է գնում նաեւ Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ ձեւաչափի մասին: Փորձագիտական մակարդակով կա կարծիք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման առաքելությունը ցանկանում են փոխանցել Մեդվեդեւին: Նրանք արդեն 7 անգամ հանդիպել են: Այնուամենայնիվ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի ձեւաչափով: ԼՂ հիմնախնդրի լուծման երկու տարբերակ կա. առաջին` սկսել այնտեղից, որտեղ վերջացել է, այսինքն, 1994թ. զինադադարից: Այսօր մենք ունենք զինադադարի պայմանագիր, բայց չունենք խաղաղություն:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը