Ռոման Բերեզովսկին ու Ալեն Ժիրեսը պատասխանել են լրագրողների հարցերին
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը կայանալիք Կոսովո - Հայաստան ֆուտբոլի ընկերական հանդիպմանն ընդառաջ, այսօր Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու և Կոսովորի ընտրանու գլխավոր մարզիչ Ալեն Ժիերսի մամուլի ասուլիսները։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, Ռոման Բերեզովսկին խոսելով վաղվա մրցակցի մասին, նշել է, որ իրենք դիտել և ուսումնասիրել են Կոսովոյի հավաքականի խաղերը:
- Կոսովոյի հավաքականի ցուցակում հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ են, իսկ Հայաստանի հավաքականում կան նաև փորձառու ֆուտբոլիստներ: Ի՞նչ սպասելիքներ ունեք և ի՞նչ եք փորձարկելու այս խաղում:
- Մենք էլ բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, իսկ այն փորձառու ֆուտբոլիստները, որոնք կան, հուսով ենք կկիսվեն իրենց փորձով երիտասարդների հետ, կօգնեն, որ նրանք վստահություն ձեռք բերեն թե՛ դաշտում, թե՛ ընդհանրապես մեր թիմում:
- Դուք երկար տարիներ հանդես եք եկել Հայաստանի հավաքականի կազմում, այժմ ժամանակավորապես գլխավորում եք այն: Ի՞նչ զգացողություններ ունեք այս նոր կարգավիճակում:
- Ես շատ հպարտ եմ և կարող եմ ասել, որ մեր մարզչական շտաբը շատ փորձառու է: Իմ կողքին գտնվող մարդիկ մեծ գործ են անում, ու իմ կարծիքով նրանցից յուրաքանչյուրն իրեն կարող է համարել գլխավոր մարզիչ:
- Առաջիկա խաղում կարևո՞ր է արդյունքը, չնայած խաղի ընկերական բնույթին, թե՞ այն ավելի շատ փորձարկումների համար է:
- Ազգային հավաքականի համար չկան ընկերական խաղեր, որովհետև մեր մարզաշապիկի վրա մեր զինանշանն է, ու մենք պիտի հպարտ լինենք դրանով, ամեն ինչ անենք, որ արդյունքն էլ լավը լինի:
- Մի փոքր էլ առաջիկա խաղի մասին: Նշեցիք արդեն, որ կան ինչպես երիտասարդ շատ ֆուտբոլիստներ, այնպես էլ փորձառուներ: Ո՞րն է հիմնական խնդիրը, որը փորձելու եք լուծել:
- Առաջին հերթին հնարավորինս շատ ֆուտբոլիստների փորձարկել՝ չմոռանալով արդյունքի մասին:
Կոսովոյի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեն ժիրեսը նույնպես խոսել է վաղվա հանդիպման խնդիրների մասին:
«Առաջիկա երկու ընկերական խաղերում կարևոր է տեսնել երիտասարդ խաղացողներին։ Նրանք պետք է ցույց տան իրենց բոլոր արժեքները, որպեսզի ապագայում դառնան Կոսովոյի հավաքականի մի մասը», - ասել է ֆրանսիացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Կոսովո - Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: