Երևանի կոնցեպտուալ խնդիրների, դրանց պատճառների և լուծման ուղիների մասին. Հայկ Գրիգորյան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի խնդիրները ավելի ակնառու են դառնում մայրաքաղաքից երկարատև բացակայելուց, այլ խոշոր քաղաքներում շրջելուց և վերադառնալուց հետո: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը, ով վերջերս հայտարարել է գալիք տարում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին:
«Որոշ ժամանակ Երևանից բացակայելուց հետո, վերադառնալով մայրաքաղաք, արձանագրեցի, որ մի շարք կարևորագույն խնդիրներ իրենց լուծումը ստանալու փոխարեն, էլ ավելի են խորացել:
Խոսքս, մասնավորապես տրանսպորտային հիմնախնդրի մասին է, որը այս տարիներին ոչ միայն այդպես էլ լուծում չստացավ, այլև աշխարհաքաղաքական վերջին զարգացումների արդյունքում Երևան ժամանած բազմահազարանոց րելոկանտների ֆոնին վերածվեց կոլափսի: Երևանի առանց այդ էլ գերծանրաբեռնված տրաֆիկը պիկ ժամերին ուղղակի կանգնում է, մայրաքաղաքի անհարմարավետ կյանքը դարձնելով էլ ավելի անհարմար:
Եվ ամենամտահոգիչը այն է, որ կառավարությունը և քաղաքային իշխանությունները չեն էլ պատրաստվում երկարաժամկետ, ստրատեգիական լուծումներ տալ խնդրին, բավարարվելով ամենապրիմիտիվ այսրոպեական լուծումներով` օրինակ ավտոբուսների նոր խմբաքանակ ներմուծելով: Մինչդեռ մոտ ապագայում, խնդրին հիմնարար լուծում չտալու դեպքում, երթևեկը այդ նույն ավտոբուսների համար անանցանելի է դառնալու, արդեն իսկ պիկ ժամերին դարձել է:
Որն է խնդրի երկարաժամկետ լուծումը` վերանայել Երևանի տրանսպորտային զարգացման պլանը, որը ի սկզբանե նախատեսված չի եղել այսքան խիտ տրաֆիկի համար և վաղուց հնացել է: Ուսումնասիրելով առաջադեմ երկրների այլ խոշոր քաղաքների փորձը և ադապտացնելով դա մեր պայմաններին` մշակել տրանսպորտային զարգացման նոր պլան, որը կներառի Երևանի բանուկ խաչմերուկներում նոր էստակադաների և վերգետնյա անցումների, քաղաքի գերծանրաբեռնված փողոցները շրջանցող, նոր այլընտրանքային երթուղիների կառուցում: Միառժամանակ պետք է ներմուծել քաղաքը տրանսպորտային ծանրաբեռնվածությունից թոթափող միջոցներ: Դրանց թվում կարող են լինել հնամաշ մեքենաների, Երևան քաղաքում ամենագնացների, մեծ տրամաչափով ներկայացուցչական մեքենաների (բացառությամբ արարողակարգային միջոցառումների) շահագործման արգելքը: Միևնույն ժամանակ կարելի է ներմուծել արտասահմանյան որոշ խոշոր քաղաքներում վաղուց ի վեր կիրառվող փորձը` օրինակ, շաբաթվա մի մասը թույլատրել կենտ պետհամարանիշներով մեքենաների, մյուս մասը զույգ պետհամարանիշներով մեքենաների երթևեկը, քաղաքի փոքր կենտրոնը ընդհանրապես դարձնել տրանսպորտային երթևեկությունից ազատ գոտի:
Հաջորդ խնդիրը, որի վրա ուզում եմ կանգ առնել, և որը չի կարող չմտահոգել որևէ բնիկ երևանցու, դա մայրաքաղաքի փոքր կենտրոնի պատմամշակութային կերպարի վերջնական կորստի վտանգն է: Այս խնդրին ավելի մանրամասն ես դեռ կանդրադառնամ հաջորդիվ, քանզի դրա լուծման բաղադրիչները ոչ միայն զուտ քաղաքային, տեխնիկական բնույթ ունեն, այլ այստեղ միահյուսվել են լուրջ քաղաքական, տնտեսական, կլանային շահեր:
Տասնամյակներ շարունակ Երևան քաղաքի կերպարի նկատմամբ մեր անփույթ, փնթի, սպառողական և հանցավոր վերաբերմունքը բերել է քաղաքի ճարտարապետական տեսքի ի սպառ աղճատման, այն եզակի պատմամշակությային կոթողներն էլ, որ հրաշքով փրկվել են և հասել մեր օրեր, վկայելով զբոսաշրջիկներին Երևանի պատմական անցյալի մասին, այսօր տարբեր ժամանակների և ներկայիս իշխանության թեթև ձեռքով հայտնվել են փլուզման եզրին, քանզի դրանք տնօրինող գործարարները մատը մատին չեն տալիս այդ հուշարձանները վերանորոգելու և օգտագործելու ուղղությամբ` պատճառաբանելով իրենց տնտեսական շահերով: Ստացվում է, որ ժամանակին տարբեր հանցավոր գործարքների միջոցով ստանալով Երևանի սրտում սիմվոլիկ գումարներով մեծամասշտաբ տարածքներ տասնամյակներ տնօրինելու իրավունք, այդ տնտեսվարողները զուտ իրենց սպառողական շահերից ելնելով, չեն ուզում կատարել պայմանագրային պարտավորությունները, պետությունն էլ մատը մատին չի տալիս այդ հարցին լուծում տալու համար` արդյունքում քաղաքի փոքր կենտրոնում ունենք իրարամերժ մի պատկեր` անդեմ ու անճոռնի «էլիտար» բարձրահարկների կողքին ծվարել են Երևանի երբեմնի զարդը համարվող, այսօր արդեն կիսաքանդ և անոթևանների ապաստարան դարձած գողտրիկ պատմական շինությունները: Հանրապետության Հրապարակի թամանյանական չորս մոնումենտալ շենքերից մեկը, որը Երևանի կարևորագույն այցեքարտերերից է, այսօր բարձիթողի վիճակում է և բռնել է վթարային շինության կարգավիճակ ստանալու անշեղ ճանապարհը, նույն ճակատագիրն է սպառնում ԱՕԿՍ-ի, նախկին Մանկական հանրախանութի, երկրորդ բուժմիավորման պատմական մասնաշենքին:
Այս հարցերի լուծումը իրավական է և բավական պարզ, կան բազմաթիվ մեխանիզմներ ստիպելու տնտեսավարողներին իրենց պայմանագրային պարտավորությունները կատարել կամ լուծարել պայմանագրերը` խնդիրը վերցնելով ուղիղ պետության հոգածության ներքո: Դրա համար ուղղակի քաղաքական կամք է պետք, որը չի կիրառվում, իսկ թե ինչ պատճառներով, կարելի է կռահել:
Երևանի այլ կոնցեպտուալ խնդիրներին և դրանց լուծումներին կանդրադառնամ հաջորդիվ...»: