Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ինչպես են Չարենցի հետ նստել, երբ նա մեկուսարանում է եղել. Զրույց բանաստեղծի թոռան հետ

85 տարի առաջ նոյեմբերի 27-ին Երևանի բանտի հիվանդանոցում, քառասուն տարեկանում, մահկանացուն կնքեց հայ պոեզիայի հանճարը՝ Եղիշե Չարենցը:

Կարմիր տուն, այսպես էր անվանում Չարենցը այն ժամանակ Սունդուկյան 6, այսօր Մաշտոցի 17 հասցեում գտնվող շենքը ու ասում, որ այստեղ է ուզում բնակվել։ Մի օր էլ ստացավ բնակարան այդ շենքի երրորդ հարկում, բայց ապրեց այդ տանն ընդամենը երկու տարի։ Եվ հենց այս տնից էլ նրան տարան Երևանի բանտ։

1964 թվականին այս բնակարանում հիմնադրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, որը հետագայում ընդլայնվեց ու բացի մեծ պոետի հուշատնից, այսօր այն գրական-մշակութային ուսումնասիրության գիտական կենտրոն է։ «Ա1+»–ը զրուցել է տուն–թանգարանի ավագ գիտաշխատող, Եղիշե Չարենցի թոռնուհի՝ Գոհար Չարենցի հետ։ 

Թող նրա գերեզմանը լինի իր ժողովրդի սրտում

Չարենցը ստալինյան ռեժիմի զոհերից է, ու թե, իրոք, որն էր նրա մահվան պատճառը և որտեղ է նրա գերեզմանը մինչ օրս առեղծված է ու առեղծված էլ կմնա։ Մարդիկ են եղել, որ առասպելներ են պատմել, թե իբր Չարենցի հետ նույն բանտախցում են նստել։

Բայց ինչպես դա կարող է իրականությանը համապատասխանի, եթե Չարենցը մեկուսարանում է եղել։ Սա փաստ է, որ վստահ գիտենք։ Հաստատ է և այն, որ նա մահացել է Երևանի բանտում և գիշերը նրան հացի ֆուրգոնի մեջ են դրել ու տարել անհայտ ուղղությամբ։

Ոչ ոք չգիտի, թե նրան ուր են տարել և որտեղ է թաղված, ու թող նրա գերեզմանը լինի իր ժողովրդի սրտում:

Երբ դասից որոշում էինք «փախչել», ասում էին Չարենցի թոռան դասարանը «փախավ»

Մինչև դպրոց գնալը, այսինքն մինչև յոթ տարեկան, իհարկե, գիտեի, որ Չարենցի թոռնիկն եմ, բայց չէի հասկանում, որ Չարենցի թոռնիկ լինելը հպարտություն է։ Այդ զգացողությունը, ընկալումը եղավ, երբ դպրոցի մոտ տեսա պապիկի արձանը։

Մտածեցի՝ իմ պապիկը, ինչ մեծ մարդ է, որ իր անունով դպրոց կա։ Հիշում եմ նաև, որ պահակը ոչ մեկին ներս չէր թողնում, բայց մայրիկս ձեռքս բռնած ինձ ներս տարավ:

Պահակը բղավեց, թե էնպես ես «քշում», կարծես հորդ դպրոցը լինի: Ներկաներից շատերը ճանաչելով մայրիկիս, ծիծաղեցին ու ասացին, որ այո, հենց հոր դպրոցն է: Հետո արդեն հասկացա, որ Չարենցի թոռնիկ լինելը նաև պատասխանատու բան է։

Դասարանի երեխաներով, երբ դասից որոշում էինք «փախչել», ասում էին Չարենցի թոռան դասարանը «փախավ»։ Քույրս էլ իհարկե, մեր դպրոցում էր սովորում և երբ անվանի հյուրեր էին գալիս դպրոց, մեզ տանում էին «ցուցադրելու»։ Ես էլ, քույրս էլ ուրախանում էինք, քանի որ դասերից բացակայելու առիթ էր։

Ես էլ, քույրս էլ հասկանում էինք, որ տարբերվում ենք մյուս աշակերտներից, քանի որ մեր պապիկը Չարենցն է, չնայած որ չենք տեսել նրան, որ հուշեր չունենք։

Թե ով էր Չարենցն իրականում, նրանք հասկացան միայն 1955–ին

Մայրիկս անգամ չի հիշում որևէ դեպք՝ կապված հայրիկի հետ, քանի որ երկու տարեկան է եղել 1937–ին, երբ Չարենցին ձերբակալեցին։

Մորաքույրս՝ Արփենիկը հինգ տարեկան էր և հոր հետ կապված հիշողություններ ուներ։ Ասում են, մորաքույրս բնավորությամբ էր նման հորը, իսկ մայրս՝ Անահիտը՝ արտաքինով։ Արփենիկին Չարենցը Բոժիկ էր ասում՝ Աստվածիկ, իսկ մայրիկիս՝ Ադոկ՝ Ադոնիս։

Չարենցը ինչ գրում էր, պատմում էր ընկերներին, ծանոթներին։ Պատմել էր նաև «Պատգամ»– ի չափածո տողերի գաղտնագրի՝ մեզոստիքոսի մասին․ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Իմացողներից մեկն էլ, հավանաբար մատնեց։ Ինչ իմանաս, միգուցե նաև այս տողերն էլ նրա ձերբակալման պատճառներից դարձան։ Տողեր, որ այսօր էլ, ավաղ այդքան արդիական են։

Չարենցի ձերբակալությունից չորս ամիս հետո ձերբակալում են նաև տատիկս՝ Իզաբելլային, աքսորում Ղազախստան, և մայրիկս ու մորաքույրս մնում են մորական տատիկի խնամքի տակ: Որոշ ժամանակ հետո, քանի որ տատիկը ապրուստի միջոց չուներ, Արփենիկին տանում են մանկատուն, բայց քույրիկները միշտ կապի մեջ են եղել։

Մայրս հիշում է, որ երբ դպրոցական էր, ուսուցչուհին իբրև թե պարապելու պատրվակով տանում էր իր տուն ու սովորեցնում «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Հետո մի դասասենյակում հավաքում է բոլոր այն ուսուցիչներին, ում վստահում էր, ֆիզկուլտուրայի ուսուցչին էլ դռան առջև կանգնեցնելով, որ որևէ մեկին ներս չթողնի, խնդրում է մայրիկիս արտասանել սովորեցրած բանաստեղծությունն ու բոլորը սկսում են արտասվել։ Եվ միայն տարիներ անց հասկանում է, թե ինչու էին նրանք արտասվում։

Թե ով էր Չարենցը իրականում, նրանք հասկացան միայն 1955–ին, երբ Չարենցին արդարացրել են ու տատիկը պատմել է իրենց հայրիկի մասին և տվել իր պահած, կազմը պոկած «Գիրք ճանապարհի» ժողովածուն։

Աքսորից հետո Իզաբելլան մնացել էր Ղազախստանում, այնտեղ ամուսնացել։ Երեսուն տարի անց առաջին անգամ եկավ Հայաստան, մի քանի օրով։ Մորաքրոջս տանն էր ապրում։ Երբ ասել են, ինչու ես ավելի շատ Արփիկի մոտ մնում, քան Անահիտի, պատասխանել է, որ Անահիտն այնքան նման է հորը, չեմ կարողանում նայել։ Իզաբելլային տեսել եմ, փոքր էի, բայց հիշում եմ։ Սևազգեստ էր։ Գեղեցիկ էր, բայց տխուր աչքեր ուներ։ Սա է տպավորվել։

Ամեն ինչ պետք է վերադառնա ՏՈՒՆ

Մենք Չարենցի հետ ծանոթացել ենք՝ կարդալով նրա պոեզիան և ուսումնասիրելով նրա ձեռագրերը։ Մայրիկս ու մորաքույրս դարձան չարենցագետներ, աշխարհով մեկ դասախոսություններ, զեկույցներ էին կարդում, նաև թանգարանի կայացման գործում մեծ ներդրում ունեցան։ Քույրս ու ես նույնպես շարունակեցինք նրանց գործը։

Այս տարի Չարենցի 125-ամյակի առիթով նրա ձեռագրերի մի մասը, որ փրկել էին տատիկս՝ Իզաբելլան ու ընտանիքի մտերիմ ընկեր Ռեգինա Ղազարյանը, և որը դեռ մեր տանն էր մնացել, հանձնեցի թանգարանին։

Թե ինչպես են Ռեգինան ու Իզաբելլան փրկել անտիպ ձեռագրերը, շատ անգամ է հիշատակվել, սակայն, մեկ անգամ ևս կարող եմ պատմել այդ պատմությունը նրանց համար, ովքեր չգիտեն։

Բանտում տեսակցել չէին թողնում, սակայն ուտելիք ու դեղորայք վերցնում էին։ Երբ Իզաբելլան հերթական անգամ ուտելիք ու դեղորայք է տանում բանտ ու ետ ստանում Չարենցի շորերը՝ սպիտակեղենը լվանալուց, նկատում է, որ շապիկի մեջքին քիմիական մատիտի հետքեր են, որից կարողանում է կարդալ Ռեգինա անունը։ Գնում կանչում է նրան և երկուսով մի կերպ կարողանում են վերծանել ջրից կիսաջնջված գիրը․ Իզաբելլա, լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս և այդ հարցով դիմիր միայն Ռեգինային և վստահիր նրան:

Իզաբելլան ճամպրուկի մեջ տեղավորում է ձեռագրերը`մոտ քսան թղթապանակ, և Ռեգինան գիշերը, որ ոչ ոք չտեսնի, տանում է իր հարազատներից մեկի տուն, ներքնահարկում փոս է փորում, ձեռագրերը փաթաթում է լաթերի մեջ, դնում տակառն ու թաղում։

Եվ միայն տասնյոթ տարի անց, Ստալինի մահից հետո, երբ արդարացնում են Չարենցին, Ռեգինան հանում է փոսից ձեռագրերը։ Ցավոք, որոշ մասը երկար տարիների խոնավությունից քայքայվել, փոշիացել էր։ Մնացածն էլ արդեն խունացած էին ու դժվար ընթեռնելի։ Եվ, պատկերացնում եք, շատերն էին փորձել, բայց միայն մայրիկս կարողացավ ուսումնասիրել ու վերծանել այդ ձեռագրերը, որ տարիներ տևեց։

Արդյունքում հրատարակվեց «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատությունն ու «Անտիպ և չհավաքված երկեր» գիրքը, որը լույս տեսավ 1983 թվականին։ Այն ժամանակ գրաքննություն գոյություն ուներ, և գրքում ընդգրկված Կոմիտասին նվիրված պոեմը չէին ցանկանում հրատարակել։ Բայց մայրիկս և Էդուարդ Ջրբաշյանն, ի վերջո, կարողացան տպագրել։

Ես շատ ուրախ եմ, որ մեր տանը պահվող ձեռագրերի վերջին մասն էլ հանձնեցի թանգարանին, որովհետև ամեն ինչ պետք է վերադառնա նրա տուն և, եթե որևէ մեկն ունի անգամ մեկ տող, կամ բառ, կամ որևէ մասունք Չարենցից, պետք է հանձնի թանգարանին, որ վերծանվի, ուսումնասիրվի։ Դա ժողովրդի հարստությունն է։

Բայց դուք փաստաթղթերով ճշտե՞լ եք, որ Չարենցի թոռն եք

Դպրոցական խմբեր կան, որ ցանկանում են ես որպես էքսկուրսավար վարեմ շրջայցը թանգարանում։ Գիտե՞ք, շատ երեխաներ չեն հավատում, որ Չարենցի թոռն եմ, զարմանում են։

Մի անգամ մի տղա հարցրեց, բայց դուք փաստաթղթերով ճշտե՞լ եք, որ Չարենցի թոռն եք։ Մեկն էլ ասաց, կարելի է ձեզ ձեռք տալ։

Ես ծանոթացա Չարենցի հետ, շատերի նման, նրա ստեղծագործություններից, ժամանակակիցների հուշերից, փաստաթղթերից ու երբ տեսնում եմ տուն–թանգարանում որևէ առիթով հավաքված չարենցասերներին, դպրոցականներին և ուսանողներին, հասկանում եմ, որ Չարենցը կապրի այնքան ժամանակ, որքան կապրի հայը։

Նոյեմբերի 28–ին կլինի նաև հուշաքարի բացումը։ Տարիներ առաջ կար հուշաքար, բայց քանի որ տարեթիվը սխալ էր գրված, որոշեցինք փոխել։ Հեղինակը՝ Արմեն Վարդանյանն է, մեր ընտանիքի ընկերն է։

Բացումից հետո թանգարանում կնշենք նաև 2008–ին կյանքից հեռացած մորաքրոջս՝ Արփենիկ Չարենցի 90–ամյա տարելիցը, որը լրացավ այս տարի, նաև վերահրատարակվել է նրա գիրքը՝ «Չարենցի աղոթքները»։

Զրույցը՝ Ռուզաննա Մկրտչյանի