Պետք է ժամանակավորապես կասեցնել Երևանում նոր շինթույլտվությունների տրամադրման գործընթացը՝ հատկապես քաղաքի կենտրոնում․ Հայկ Գրիգորյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը, ով վերջերս հայտարարել էր ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվելու և 2023 թվականի Երևանի Ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածուի կարգավիճակով մասնակցելու մտադրության մասին, շարունակում է ներկայացնել Երևանի հիմնախնդիրների լուծման ուղղված իր մոտեցումները։
«Եվ այսպես, բացի ճանապարհա-տրանսպորտային թնջուկից, մայրաքաղաքի` հետզհետե կորսվող ճարտարապետական կերպարի խնդրից, որոնց մասին խոսել եմ նախորդիվ, այսօր կառանձնացնեմ հետևյալ երկու թեմաները՝ Երևանում քաոտիկ և անկանոն շինարարության կանոնակարգման խնդիրը և քաղաքացիների հետ ուղիղ կապի ներդրման անհրաժեշտությունը։
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել Երևանում, հատկապես կենտրոնում, քաոտիկ և անկանոն շինարարության կանոնակարգման համար։
Առաջին հերթին պետք է նոր շինթույլտվությունների տրամադրման գործընթացը ժամանակավորապես կասեցվի, մինչև չմշակվեն դրանց միասնական արդիական չափանիշները։ Միաժամանակ պետք է ներդնել կիսակառույց շինարարությունների արագ ավարտին հասցնելու քաղաքականություն, որը կարող է նախատեսել տուգանքներ, շինթույլտվությունների չեղարկոմ՝ գույքի հանրայնացման սպառանլիքով։
Ինչ վերաբերվում շինթույլտվությունների նոր ստանդարտներին, ապա դրանք պարտադիր պետք է նախատեսեն շենքերին կից կայանատեղերի առկայություն և արեւային կայանների տեղադրման հստակ նորմատիվ-պահանջներ։
Ավելի մանրամասն այս չափանիշներին և խնդրին ընդհանրապես կանդրադառնամ մեր նախընտրական ծրագրում։
Երկրորդ խնդիրը քաղաքային իշխանությունների և քաղաքացիների միջև ուղիղ կապի մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունն է, որը կարող է իրականացվել «Բաց լսափող կամ հանրային ձայն» ծրագրի միջոցով, որի համաձայն, շաբաթական մեկ օր պարբերականությամբ Ավագանու նիստում կնախատեսվի քաղաքացիների անմիջական մասնակցություն։
Դա նրանց հնարավորություն կընձեռի ուղիղ բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները և պատկան կառույցից ստանալ կոնկրետ պատասխաններ այդ խնդիրների լուծման առնչությամբ։
Այս նիստերը պարտադիր պետք է ուղիղ հեռարձակվեն։ Այս նիստերին բացի Ավագանու անդամներից պարտադիր պետք է ներկա լինեն բոլոր փոխքաղաքապետերը, վարչական շրջանների ղեկավարները, Քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների ղեկավարները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգորյանը։