Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+final 18.12.
A A
Սպորտ

Քաթար-2022. Արգենտինա – Ֆրանսիա, խաղ ոսկու համար. ՈՒՂԻՂ

Քաթարում քիչ անց  կկայանա  ֆուտբոլի աշխարհի առաջնության վերջին, ամենագլխավոր հանդիպումը՝ եզրափակիչը: Միմյանց հետ կմրցեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները, որոնք նախկինում արդեն երկու անգամ հաղթել են նմանատիպ խաղերում: Այսօր նրանցից մեկը կդառնա եռակի չեմպիոն:

 Թիմերը տարբեր կերպ են հասել եզրափակիչ: Արգենտինայի հավաքականն առաջնությունը սկսել է Սաուդյան Արաբիայից կրած անակնկալ պարտությունով: Սակայն, «կապտասպիտակները» հետագայում տարել են երկու հաղթանակ և խմբում զբաղեցրել առաջին տեղը: Փլեյ-օֆֆում նրանք նախ մեծ դժվարությամբ հաղթել են Ավստրալիային՝ 2:1, ապա 11մ հարվածներով առավելության հասել Նիդեռլանդների նկատմամբ՝ 2:2, 4:3: Իսկ ահա կիսաեզրափակիչում արգենտինացիները 3:0 հաշվով վստահորեն հաղթել են Խորվաթիայի ընտրանուն, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել առաջնության գլխավոր ֆավորիտին՝ Բրազիլիային:

 Ֆրանսիայի հավաքականը մեկնարկում տարել էր երկու անընդմեջ հաղթանակ և ժամանակից շուտ մտել փլեյ-օֆֆ: Խմբային փուլում ֆրանսիացիները նույնպես ճաշակել են պարտության դառնությունը, սակայն 3-րդ տուրում, նշանակություն չունեցող Թունիսի հետ խաղում:

 Փլեյ-օֆֆում ֆրանսիացիներն իրենց մրցակիցներին հաղթել են հիմնական ժամանակում: Ճիշտ է, նրանք միայն Լեհաստանի հետ մրցավեճում են ունեցել խաղային և տարածքային առավելություն, իսկ ահա անգլիացիների և մարոկացիների հետ հանդիպումներում այդ գործոններով անգամ զիջել են հակառակորդին:

 Քաթար-2022-ի եզրափակիչն այսօրվա մրցակիցների համար կլինի թվով 13-րդ դիմակայությունը։ Առայժմ շոշափելի առավելություն ուեն արգենտինացիները՝ 6 հաղթանակ  ֆրանսիացիների երեքի դիմաց։

 Աշխարհի առաջնություններում կողմերը հանդիպել են ընդամենը երեք անգամ։ Երկու դեպքում հաղթել են «կապտասպիտակները», մեկում՝ «եռագույնները»։ Աշխարհի առաջնությունում նրանց միջև վերջին հանդիպումը կայացել է չորս տարի առաջ, 1/8 եզրափակիչում: Այդ խաղում 4:3 հաշվով հաղթանակ են տարել ապագա չեմպիոնները՝ ֆրանսիացիները:

 Նշենք, որ թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Արգենտինայի հավաքականը կգլխավորի Լիոնել Մեսին, որն այսօր կանցկացնի իր թվով 26-րդ հանդիպումն աշխարհի առաջնությունում, որը նոր ռեկորդ է: Ֆրանսիան հանդես կգա Դեմբելե-Ժիրու-Մբապե հարձակվողական եռյակով:

 Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ.