Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հովիկ Չարխչյան է
A A
Մշակույթ

«Հրապարակման ենթակա չէ»

ԿարդաLove. Գրքի փառատոնի շրջանակում «Հրապարակման ենթակա չէ» միջոցառման ժամանակ գրականագետ, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը ներկայացրեց հետաքրքիր փաստեր ու բացահայտումներ, և ոչ միայն ներկայացրեց այլև բացատրեց իր մոտեցումը, թե ինչով են կարևոր ավելորդ երկրորդականները։

Այս հետաքրքիր զրույցը «Ա1+»–ը որոշեց ներկայացնել ընթերցողին այս ձեւաչափով:

Խոսել այն մասին, ինչի մասին խոսել չի կարելի

Ժամանակին մի խելոք մարդ ասել է, որ ճշմարտությունն ու պատմությունը տարբեր բաներ են։ Այսինքն պատմությունը սելեկցիոն մոտեցում ունի ճշմարտության վրա։ Ընտրում է այն, ինչ անհրաժեշտ է, իսկ այն ամենն ինչ համարում է ավելորդ, կամ երկրորդական մի կողմ է նետում։ Ես այդ ընդհանուր հոսանքին դեմ եմ ուզում գնալ, որովհետև ինձ հետաքրքրում է այդ ավելորդն ու երկրորդականը և ունեմ խորին համոզմունք, որ եթե շղթայի որևէ օղակ կտրում, նետում ես դեն, շղթան դադարում է շղթա լինելուց։ Եթե մենք ուզում ենք ունենալ որևէ պատմություն մի ամբողջության մեջ, ապա այսպես, կամ այնպես բախվում ենք «արգելված» թեմաներին։ Թեմաներ, որոնք դուրս են մնում դասագրքերից, քանի որ դրանց անդրադառնալը համարվում է ոչ ցանկալի։ Կար մի ժամանակաշրջան, հիմա էլ դա երբեմն շարունակվում է, երբ որևէ մեծանուն անձի, գրողի, մտավորականի, գիտնականի կենսագրությունը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝ ծնվեց, սովորեց, աշխատեց, տպագրեց, մեռավ․․․ Նույնիսկ նախանձում ես այդ մարդու երջանիկ կյանքին, որովհետև նրա կյանքում ոնց որ ոչ մի ցնցում, ծանր, ճգնաժամային իրավիճակներ չեն եղել ու երջանիկ կյանքի է արժանացել։ Հիմա այդ պատնեշը փոքր ինչ քանդվել է և մարդիկ մի փոքր ավելին գիտեն հայտնի մարդկանց մասին։ Հիմա փորձենք հասկանալ, թե որն է ավելորդ–երկրորդականը։

Չարենցի աղախինը, կամ ինչու որևէ մեկը չի գնացել թութակ որոնելու

Մի քանի ամիս առաջ կարդացի մի հրաշալի գիրք՝ Ջուլիան Բարնսի «Ֆլոբերի թութակը»։ Ես նույնիսկ ափսոսում եմ, որ մեր գրականության մեջ նմանօրինակ ստեղծագործություն չկա։ Ի՞նչ էր գրքի էությունը։ Ֆլոբերը իր ստեղծագործություններից մեկում հիշատակում է մի թութակի։ եվ ահա գրականագետը շատ–շատ տարիներ հետո գնում է որոնելու այդ թութակին։ Թութակին կենդանի գտնելու հնարավորությանը զրոյական է, բայց խնդիրը հետևյալն է՝ գնալ թութակին փնտրելու, այն ակնկալիքով, որ այդ որոնումների ճանապարհին կարող ես գտնել շատ ավելին, քան թութակն է։ Թութակը՝ պայմանականություն է, միջոց է ավելի մեծ բացահայտումներ անելու և գրքի հեղինակին դա իսկապես հաջողվում է։

Նա Ֆլոբերի մասին կարողանում է բացահայտել այնպիսի մանրամասներ, որ մինչ այդ անհայտ էր։ Ցավոք, մեր օրերում որևէ մեկը չի գնացել թութակ որոնելու, չնայած, որ մեր մեծերի կյանքում ևս կան դրվագներ, որ այդ թութակին են հիշեցնում։

Օրինակ, Չարենցի արխիվային փաստաթղթերում կա մի երկտող, որը հասցեագրված է բնակարանային ծառայողների տեղկոմի նախագահին և որում խոսվում է տան աղախինի մասին։ Մտածում ես, ի՞նչ հետաքրքիր երկտող է որ, կենցաղային մի երկտող է՝ տեղկոմ, աղախին, սա ինչ առնչություն ունի գրականության հետ, ինչ բացահայտում կարելի է անել։ Հետո մտածում ես, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչ պատմության մասին է խոսքը:

Պարզվում է, որ աղախինը դատի է տվել Չարենցին։ Արդեն ինտրիգը կա, հետաքրքրությունը խորանում է, մտածում ես, թե աղախինը քանի գլխանի էր, որ մեծագույն բանաստեղծին որոշել էր դատի տալ և ինչու։

Ու պարզվում է, որ Չարենցը վռնդել է աղախինին վատ աշխատանքի, տան թանկարժեք իրերը փշրելու համար ու չի վճարել աշխատավարձը։ Այսինքն՝ սովորական կենցաղային անախորժություն։ Ի՞նչ կարող է տալ մեզ այս երկտողը։

Առաջինը, որ ուշադրություն է գրավում, ամիս, ամսաթիվն է։ Պարզվում է, որ սովորական վեճը կարող է անդրադառնալ բանաստեղծական տողերի մեջ։ Մյուս կողմից որոշակի պատկերացում ես կազմում Չարենցի կենցաղի մասին, որ այնքան էլ վատ չի ապրել, եթե տանը կարողացել է աղախին պահել ու վճարել 300 ռուբլի, որն այդ տարիներին բավական մեծ գումար էր։ Այսինքն, եթե մեկի մտքով անցնի գրել «Չարենցի աղախինը» վերնագրով, գուցե նրան էլ հաջողվի շատ բացահայտումներ անել։

Ինչու Մուրացանը հոգեկան խանգարում ստացավ

Մուրացանի մահից հետո որոշում են հրատարակել նրա անտիպ գործերը։ Մամուլում հայտնվում են հոդվածներ այն մասին, որ չի կարելի տպագրել մի մարդու երկերը, ով եղել է հոգեկան հիվանդ և ստեղծագործությունների մեծ մասը գրվել են հոգեկան խանգարման պայմաններում։ Բանավեճը երկար է տևել։ Եվ, որպեսզի հասկանանք, թե որտեղից եկավ այս մոտեցումը Մուրացանի նկատմամբ պետք է թափանցենք այն ոլորտը, որը համարվում է «փակ», այսինքն նրա անձնական կյանք։ Իսկ ամենը սկսվեց նրանից, որ Մուրացանը սիրահարվել էր մի շուշեցի աղջկա, որը շատ գեղեցիկ էր, բայց և քմահաճ, և որի հետ նա ի վերջո ամուսնացավ։

Մի քանի տարիների համատեղ կյանքից հետո պարզվեց, որ կինը իրեն դավաճանում է Սուրեն Սպանդարյանի հոր հետ, ով «Մեղու Հայաստանի» թերթի խմբագիրն էր և Մուրացանն էլ, ի դեպ, թղթակցում էր այդ թերթում։

Արդյունքում բաժանվում են, կինը երեխաների հետ մեկնում է Եվրոպա, իսկ Մուրացանը հոգեկան խանգարում է ստանում։

Մուրացանը , երբ հեռացավ կյանքից, այնքան մոռացված էր, որ անգամ մահվան օրը մոտավոր՝ հինգ–վեց օրվա տարբերությամբ են գրում։ Երբ պարզվում է, որ նա 400 ռուբլի է թողել իր երկերը հրատարակելու համար, հայտնվում է չարաբաստիկ կինն ու հայտնում, որ դեմ է գումարն այդ նպատակին ծառայեցնելու, քանի որ երեխաների կրթության համար գումար է պետք և ինքն այն պետք է վերցնի։ Եվ հենց այս գումարները յուրացնելու նպատակով է, որ մեզ հանրածանոթ Սպանդարյանը սկսում է մամուլում Մուրացանի հոգևիճակի մասին այդ արշավը։

Ի վերջո, երկերը տպագրվեցին և այսօր մենք ունենք Մուրացան գրող, բայց և նրա թերի կենսագրությունը, որն ի դեպ, բոլորին կարծես բավարարում է։

Թումանյանը՝ մարդասպա՞ն, Լեոն կեղծարա՞ր․․․ դրվագները մոռացվում են, իսկ շատ լավ հիշվում է ծանր նստվածքը

Չեք գտնի որևէ գրող, որին կենդանության օրոք որևէ ծանր մեղադրանք չի ներկայացվել։ Օրինակ, մեր շատ սիրելի Թումանյանին, մարդ, որ կարծես ազնվության, բարության մարդկայնության տիպար է, մեղադրում էին մարդասպանության մեջ, իսկ նրա զոհը համարվում էր գրականագետ Սեդրակ Թառայանը։

Երբ Թառայանը ծանր հիվանդացավ, իսկ բուժման գումար չուներ, մի քանի գրողներ դիմում են Թումանյանին, որն այդ ժամանակ ղեկավարում էր «Հայ գրողների կովկասյան ընկերությունը»։ Թումանյանը մերժում է։ Թառանյանը մի քանի օր հետո մահանում է, ու մամուլն անմիջապես հեղեղվում է Թումանյանի հասցեին ամենածանր դատապարտումներով։ Հատկապես շեշտադրվում էր այն փաստը, որ այդ պահին երբ նա ասում էր, որ փող չկա Թառայանի բուժման համար, Թիֆլիս ժամանեց Վալերի Բրյուսովը, ով պետք է դասախոսություններ կարդար ու Թումանյանն ու իր խմբակը ճոխ ընդունելություն էին կազմակերպել նրա համար։ Այս պատմության մեջ շրջանցվում է մի նախադասություն, որ ասել էր Թումանյանը, բայց որի մասին բոլորը «մոռանում» են։

Իսկ Թումանյանն ասել էր, որ հովանավորները գումարներ են տալիս որոշակի ծրագրերի, նպատակների համար և որ ինքը չի կարող իր հայեցողությամբ այն տրամադրել որևէ այլ նպատակով։

Բայց, ինչպես սովորաբար է լինում, նաև մեր օրերում է լինում, դրվագները մոռացվում են, իսկ շատ լավ հիշվում է ծանր նստվածքը։

Հայտնի պատմաբան, գրականագետ Լեոյին մեղադրեցին, որ նա աշխատելով Ղարաբաղի ու Էջմիածնի արխիվներում միտումնավոր ոչնչացրել է փաստաթղթեր, այն նկատառումով, որ պատմության մեկնաբանության իր թեզը չունենա հակափաստարկներ։ Լեոն պատասխանեց այդ մեղադրանքներին, բացահայտեց թե որտեղից է գալիս այդ ամենը։ Պարզվեց, որ դա իր աշակերտն է կազմակերպել։ Մտավորականությունն ընդունեց այդ փաստարկներն ու հարցը փակվեց։

Իսկ փաստաթղթերը, որոնց մասին հիշատակվում էր, այլևս երբեք ի հայտ չեկան ու չհրատարակվեցին։ Հրաչյա Ներսիսյանի՝ իմ սիրելի դերասանի կենսագրությունը կարծես ընդհատվում է 1926 թվականին, հետո շարունակվում։ Ինչ անենք, թողնե՞նք, թե՞ բացահայտենք։ Իսկ, եթե բացահայտումը վարկաբեկի մեր պաշտելի դերասանին։

Այսինքն՝ երկընտրանքի առջև ենք կանգնում՝ ճշմարտությունն ես ընտրում, թե կույր ֆանատիզմը անձի նկատմամբ։ Իսկ Հրաչյա Ներսիսյանի հետ առանձնապես լուրջ բան չէր կատարվել, որի մասին սակայն չեն ասում։ նա իր ընկերների հետ հյուրախաղերի է գնում զորամասեր։ Գյուղերից մեկում, ճաշարանում մի քիչ շատ են խմում ու սկսվում է ձեռնամարտ, որին մասնակցում է և Հրաչյա Ներսիսյանը։ Ձերբակալում են, գործ են հարուցում, դատում և նա, ինչպես Եղիշե Չարենցը հայտնվում է ուղղիչ տանը։

Ի դեպ, հետաքրքիր է, որ նրանք միաժամանակ են գտնվել ուղղիչ տանը, բայց երբևէ չեն հանդիպել։ Այդ մասին, համենայն դեպս, որևէ հիշատակում չկա։ Շատ է խոսվել Նաիրի Զարյանի մասին ստալինյան բռնաճնշումների հետ կապված։

Կյանքի վերջին տարիներին նա մի ինքնախոստովանական շարադրանք հրապարակեց, որտեղ փորձում էր բացատրել իր արարքների դրդապատճառները։ Գրում էր, որ ոչ մի թշնամանք չի եղել իր գրչակիցների հանդեպ, որ եղել են ստեղծագործական վիճաբանություններ և չէր սպասում, որ իր «գործողությունները» նման «գործընթացների» կտանեն ու այդ մարդիկ կկործանվեն։

Ու միակ դեպքը, երբ նա խոստովանում է, որ այո, ինքը նրան թշնամի է համարել՝ Ակսել Բակունցն է։ Ի՞նչու հատկապես նրան, այլ ոչ մեկ ուրիշին է համարում թշնամի։ Պարզվում է, որ Ակսել Բակունցը երկու անգամ հրապարակավ ծեծել է Նաիրի Զարյանին։ Այսինքն պատճառը քենն էր, վրեժխնդիր լինելու ցանկությունը։

Որպես եզրակացություն

Երբ մարդու կենսագրությունը բացահայտում են բոլոր շերտերով, ես չեմ կարծում, որ դա անդրադառնում է նրա գործերի ընկալման վրա։ Ստեղծագործողը մնում է ստեղծագործող, ստեղծագործությունը մնում է ստեղծագործություն։ Կարևոր է պահպանել բարոյականության սկզբունքը։ Եթե բացահայտումները արվում են որպես էժանագին սենսացիա, վարկաբեկելու մարդուն, ստվեր նետելու նրա անձի նկատմամբ դա, մեղմ ասած, անթույլատրելի մոտեցում է։ Ինչու ենք հեռու գնում։ Բացեք մեր մամուլը, մեր կայքերը, ֆեյսբուքը, տեսեք թե ում ենք վատաբանում, քարկոծում, իսկ ժամանակ անց գովերգելու ենք։

Բայց, եթե քո խնդիրն է փաստերի միջոցով բացահայտել շատ կարևոր դրվագներ, գտնել բաց մնացած հարցերի պատասխանները, այդ դեպքում բացահայտման քայլերն արդարեցված են։

Ինչպես ասվում է «բալ տորթի վրա»

Դուք գիտեք, որ Չարենցը կնամեծար էր ու նրա կյանքում այնքան շատ են կանայք, որ անունների մեջ երբեմն խճճվում ենք և, որ ավելի շատ չխճճվեք կասեմ միայն երկու նոր կանանց անուններ։ Կանայք, որ եղել են Չարենցի կյանքում ու որոշակի հետք են թողել։ Բուլղարիայից եկած թարգմանչուհի էր Նվարդը։ Նրա հետ Չարենցը գարնանն է ծանոթացել։ Իսկ մտերմությունն ավարտվեց ամռան մի օր, երբ նրանք միասին Զանգվի ձորն իջան։ Դրանից հետո կապերը խզվել են ու նրանք իրար երբեք էլ չեն հանդիպել։

Դեռ շատ մանրամասներ չկա, բայց կարծում եմ, որ պրպտումներն արդյունք կտան նոր բացահայտումների։ Երկրորդ օրիորդի անունը Աշխեն Թաթուլյան է։ Կարսի «Մի բաժակ թեյ» թեյատան գանձապահուհին էր, որտեղ Չարենցը հաճախ էր լինում, թեյ էր խմում, երբեմն ստեղծագործում։ Եվ շատ ուրախալի է, որ գտնվել է նրան նվիրված Չարենցի բանաստեղծությունը, որն այդպես էլ վերնագրել է՝ «Օրիորդ Աշխենին»։