Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը պատրաստվում է բլից պատերազմների» (տեսանյութ)

Հարցազրույց
87ba2e5068dbfc6de160a8c110aec6a3

«ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Ադրբեջանը վաղուց իր հույսը չի կապում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:

-         Ադրբեջանը պարտադրված է ենթարկվում է դրան: Այն, որ ընդհանրապես հույս չի կապում ոչ այս ձեւաչափի հետ ու ոչ էլ դրա տակ դրված ստորագրության բովանդակության հետ, դա հենց խոսում է նրա մասին, որ ցանկացած հանդիպումից թե առաջ եւ թե հետո, բոլորը տեսնում են, որ Ադրբեջանը խախտում է հայտարարության բովանդակությունը: Եւ Մինսկի խմբի համանախագահները, եւ բոլորը գիտեն, որ հրադադարի ռեժիմը խախտվում է Ադրբեջանի կողմից:

-         Ադրբեջանի  ստորագրում է փաստաթղթերի տակ, անմիջապես խախտում պայմանավորվածությունները: Որքա՞ն դա կարող է շարունակվել:

-         Այսօր Ադրբեջանը հասկացնում է, որ ինչ-որ պահի , եթե զգա, որ ինքն այլեւս կարող է քայլերի դիմել, խոսքը լոկալ, բլից պատերազմերի մասին է, ապա ինքը հարմար պահի դա կանի: Իսկ հայկական կողմի դիվանագիտական շեշտադրումը ստատուս քվոյի պահպանումն է, որը ներկայացնում է իբրեւ հաջողություն բանակցություններում: Դա ինքնանպատակ է դառնում, եթե  ոչինչ չես անում այդ ընթացքում, ես նկատի ունեմ ազատագրված տարածքների վերաբնակեցում,  Արցախի հզորացում եւ այլն:  Ի տարբերություն մեզ' Ադրբեջանն այս ստատուս քվոն, որն իրեն ձեռնտու չէ ,  օգտագործում է, որպեսզի զարգացնի իր ռազմական կարողությունները, ընդ որում' այդ ամենը արվում է ի ցույց աշխարհի:

-         Ինչո՞ւ  են հանդուրժում Ադրբեջանի նման վարքը:

-         Եթե ոմանց թվում է, որ համանախագահները դա չգիտեն, սխալվում են: Եթե կոնկրետ նշվի, որ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, որ այն բովանդակությունը, որը ստորագրվում է հայտարարություններում, ուրեմն պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Այստեղ անտրամաբանական ոչինչ չկա: Եթե համանախագահները հայտարարեն այդ մասին, ապա դա հետեւանք պետք է ունենա, պետք է ասվի' ով է հանցագործը:

-         Սոչիում տեղի ունեցած Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հանդիպումը անիմաստ չեք համարում:

-         Կարծում եմ'            քաղաքական դաշտում հայտնի, թե անհայտ գործիչներից որեւէ մեկն այդ հանդիպումից ակնկալիք չունեին, սակայն այդ այն անհրաժեշտ էր. կողմերը մեկ անգամ եւս փաստեցին, թե ինչ են ուզում, իսկ ՌԴ-ն փաստեց, որ ինքը համանախագահ երկրների կոորդինատորն է, որն առայժմ կարողանում է կոնֆլիկտը պահել իր սահմաններում:

-         Ի՞նչ է սպասվում ԼՂ հարցում առաջիկայում:

-         Այս ձեւաչափով'ՌԴ, ՀՀ, Ադրբեջան յուրաքանչյուրն ունի իր պլյուսը, բայց ունի նաեւ մինուսները: Շատերը կարծում են, որ այս ձեւաչափը պետք է պահպանվի, արդյունավետ է:

-         Իսկ Դուք ի՞նչ եք կարծում:

-         Ես կարծում են, որ այս սառեցման փուլ է, որը վստահ եմ կավարտվի:

-         Այսինքն, ԼՂ հարցում նոր ձեւաչափ կլինի՞:

-          Ավարտվել չի նշանակում, որ գործընթացը կշարունակվի նոր ձեւաչափով: Ադրբեջանի կողմից նախաձեռնող քայլ կարող է լինել: Մի քանի անգամ ասել եմ, որ համաշխարհային փորձը ցույց է տվել, որ լոկալ, բլից պատերազմները ընդունելի են, եւ կարծում եմ, որ Ադրբեջանն իր շեշտադրումներն անում է հենց այս ուղղությամբ: Աստված տա, ես սխալվեմ:

-         ԼՂ հիմնախնդիրն ի՞նչ ազդեցություն կունենա ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա:

-         ԼՂ հիմնախնդիրն իր ազդեցություն կունենա, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վրա: Որքան էլ փորձենք այլ կերպ ներկայացնել ներքաղաքական կյանքում գլխավոր թեման, հիմնական շարժիչ ուժը ԼՂ հիմնախնդիրն է: Դրա համար այն ինչ այսօր կատարվում է մեր ներքաղաքական իրավիճակում բացարձակ հակացուցված է այն պրոբլեմի էությանը, որը մենք ունենք ԼՂ հարցում:

-         Ձեր կարծիքով այսօր ի՞նչ պետք է անի ԼՂՀ-ն:

-         ԼՂՀ-ն  ոչ միայն դուրս է մնացել խնդրի կարգավորման ձեւաչափից, այլեւ իր խոսքը նաեւ Հայաստանում չունի: ԼՂՀ-ից ակնկալում եմ ակտիվություն: ԼՂՀ-ն ինչ-որ պահի կարող է իր խոսքը ասել, բայց կարող է ուշ լինել: ԼՂՀ-ն պետք է մասնակցի իր ճակատագրի լուծմանը, իսկ այսօր գոնե պետք է կարողանա մասնակցել հայաստանյան քաղաքականության մեջ ձեւավորվող ԼՂ հակամարտության լուծման հարցերի օրակարգին:

-         ԼՂ հիմնախնդրի լուծումը մոտ ապագայում տեսնո՞ւմ եք:

-         Ոչ: Ուղղակի այստեղ կարող է նպաստել մի գործոն' արաբական աշխարհում սկսված հեղափոխությունների շարքը, որը նույն բովանդակության շրջանակում է: Կարծես թե Ադրբեջանում էլ որոշ ծիլեր երեւում են այս հարցում: Դա կարող է արագացնել գործընթացները:

-         Այսի՞նքն...

-         Ես նկատի ունեմ, որ այդ պրոցեսները կարող են ազդել ԼՂ հիմնախնդրի լուծման կամ չլուծման վրա: Ի վերջո,  պետք է նկատի ունենալ, որ մուսուլմանական կոնֆերանս պետություններ կան, որոնք զտարյուն են եւ ժամանակ առ ժամանակ իրենց դիրքորոշումն  են  արտահայտում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, եւ այդ միշտ ի վնաս Հայաստանի է եւ ի օգուտ Ադրբեջանի: 

 

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը