Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_9462 (1)
A A
Մշակույթ

Սիրում եմ ստեղծել հետաքրքիր երաժշտական «ճաշկերույթներ»․ Մովսես Պողոսյան

Ճարտարապետների միության դահլիճում կայացավ Լոս-Անջելեսի Կալիֆորնյան համալսարանի «Վեմ» լարային քառյակի համերգը՝ ջութակահար, UCLA համալսարանի  պրոֆեսոր, ժամանակակից երաժշտության առաջատար Մովսես Պողոսյանի ղեկավարությամբ և սոպրանո Դանիել Սեգենի, դաշնակահար Արթուր Ավանեսովի, Հայաստանի պետական ջազ նվագախմբի ղեկավար, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի մասնակցությամբ:

Համերգից առաջ «Ա1+»-ը զրուցել է «Վեմ» լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Մովսես Պողոսյանի հետ:

Մովսես Պողոսյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Հայաստանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի Չայկովսկու անվան երաժշտական ​​կոնսերվատորիայում, հետո տեղափոխվել է ԱՄՆ։


–Պարոն Պողոսյան, դուք ընտրել եք բարդ ուղի, այն է՝ հիմնականում ժամանակակից կոմպոզիտորների գործեր եք կատարում, այնինչ հանդիսատեսը, մեծ հաշվով սիրում է ունկնդրել ավելի հանրածանոթ, հանրաճանաչ, այսպես ասած, դյուրըմբռնելի գործեր, շատ երաժիշտներ էլ փորձում են տարբեր «հնարքներ» բանեցնել հանդիսատեսին գրավելու համար։

–Միգուցե և այդպես է, բայց դա իմ ուղին է, իմ ընտրությունն է։ Այո, որոշեցի հեշտ ճանապարհով չգնալ և փորձել, սովորեցնել ունկնդրին նոր, դժվար ընկալելի գործեր վայելել: Ինչ վերաբերում է  կատարման տարբեր «հնարքներով» հանդիսատեսին գրավող երաժիշտներին, որոնք այդպիսով պոպուլյար են դառնում, ես չեմ քննադատում։ Այսպես ասեմ, ես էլ եմ «կրկես» սիրում, բոլորն էլ զվարճանալու կարիքը ունենք։ Եվ կան այս ասպարեզն ընտրած հիանալի վիրտուոզներ։ Ինչևէ, ամեն մեկն ընտրում է իր ճանապարհը։ Ինձ ավելի հարազատ է կամերային երաժշտությունը և գրավում է հենց այս ոլորտում ինտելեկտուալ ժամանակակից երաժշտարվեստի նոր գործերը հայտնաբերելու ու առաջին անգամ կատարելու հաճույքը։ Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա պետք է ճիշտ ձևով պատրաստես, պատմես, ներկայացնես։ Այս համերգին օրինակ, կհնչի Տիգրան Մանսուրյանի տրիոն, որը գրվել է տասնհինգ տարի առաջ իմ և Քիմ Քաշքաշյանի համար, և որը մենք կատարել ենք Լոս-Անջելեսում։ Դյուրամարս երաժշտություն չի։ Դա «Կտոր մը երկինքը» չի։ Ասեմ որ, հայ ունկընդիրը սիրում է Մանսուրյանի կինոյի համար գրված երաժշտությունը, մինչդեռ Հայաստանից դուրս Մաեստրոն ճանաչված ու սիրված է իր լուրջ գործերով։ Այս համերգին Մանսուրյանի տրիոյից առաջ կներկայացվեն երկու հիասքանչ շարականներ՝ «Յորժամն»  ու ութերորդ դարի կին երաժշտի՝ Խոսրովիդուխտի չքնաղագեղ մի գործ, որոնց փոխադրումը Արթուր Ավանեսովն է կատարել, ի դեպ հիանալի է կատարել։ Սա պետք է յուրովի նախապատրաստի հանդիսատեսին, որ լսեն, հասկանան արմատները ու տեսնեն, թե ինչպես են միակցվում դարերից դեպի այժմեականը եկող կապերը։ Ես էլ ինձ շեֆ-խոհարար եմ զգում, ով շատ համեղ «ճաշատեսակներ» է պատրաստում, որոնք սակայն պետք է վայելել  ճիշտ հերթականությամբ։

DSC_9142.jpg (6.21 MB)

–Ինչպես նկարչի կտավները պետք է արվեստանոցում չմնան, այլ ցուցադրվեն, որ մարդիկ տեսնեն, այնպես էլ կոմպոզիտորների ստեղծագործությունները պետք է հնչեն, որ մարդիկ լսեն ու բացահայտեն նրանց, ովքեր հավանական է տարիներ հետո կհամարվեն դասականներ։ Հենց այս սկզբունքով եք առաջնորդվում, այո՞։

–Այո, անխոս։ Հիշենք, որ Բեթհովենն ու Բրամսն էլ իրենց ժամանակին նորարարությունների համար ենթարկվում էին քննադատության։ Մինչդեռ այդ նորարարությունները այսօր մեզ համար դասական գործեր են։

–Իսկ չեք կարծում, որ PR-ի խնդիր էլ միգուցե կա։ Այն ինչ դառնում է, այսպես ասած, մոդայիկ, ընդունվում և ընկալվում է շատ ավելի հեշտ։

–Այո, հավանական է։  Ի դեպ, գիտափորձով ապացուցված է, որ, եթե փոքր տարիքից երեխաների համար ամեն օր նվագեն ժամանակակից երաժշտություն, մեծ հասակում նրանք հաճույքով կլսեն, օրինակ Շյոնբերգի գործերը, որոնք, մեղմ ասած, դյուրամարս չեն։ Մի տարօրինակ երևույթ էլ եմ նկատել։ Մարդիկ ավելի հեշտ են ընկալում ժամանակակից կերպարվեստը, քան երաժշտարվեստը։ Գաղտնիքը, միգուցե նաև, տեսողության ու լսողության ընկալման նրբությունների մե՞ջ է թաքնված։

–Միգուցե։ Իսկ ինչպե՞ս եք լարային քառյակի հետ համադրում, կարծես թե անհամադրելին՝ սաքսոֆոնը։ Ծրագրում մի գործ կա, որ պետք է կատարեք Արմեն Հյուսնունցի հետ։

–Այո, Հյուսնունցի «Արիա և պար»-ը։ Արմենի հետ մենք հիսուն տարվա ընկերներ ենք, և այս գործը, որ մեր պատվերով է գրվել, Հայաստանում հնչելու է առաջին անգամ, իսկ դեռ տաս տարի առաջ Լոս-Անջելեսում ենք կատարել, և այն հիանալի է ընդունվել։ Սիրում եմ ստեղծել յուրահատուկ ծրագրեր, այսպես ասած, հետաքրքիր երաժշտական «ճաշկերույթներ»։

DSC_9549.jpg (4.93 MB)

–Հիմա խոսենք Լոս-Անջելեսի UCLA Herb Alpert երաժշտական համալսարանում Ձեր գործունեության մասին, քանի որ այս անգամ էլ եկել եք համալսարանի հայկական երաժշտության բաժնի ուսանողների հետ:

–Երկու տասնամյակ դասավանդում եմ, ինչպես նաև UCLA հայկական երաժշտական ​​ծրագրի հիմնադիր-տնօրենն եմ։ Արդեն մի քանի տարի UCLA-ում մի ծրագիր ենք իրականացնում, որը հայկական երաժշտության տարածմանն է ուղղված: Յուրաքանչյուր տարի հինգ ուսանող իմ ղեկավարությամբ սովորում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Մենք ընտրում ենք լավագույն ուսանողներին՝ մեկ երգիչ և լարային քառյակ: Սա արդեն յոթերորդ կազմն է։ Հայկական երաժշտության մասին գաղափար անգամ չունեցող այլազգի ուսանողները, որոշ ժամանակ անց սիրահարվում են հայ կոմպոզիտորների գործերին։ Այսօր, ի դեպ, փորձի ժամանակ, երբ Մանսուրյանի «Լարային տրիոն» էին կատարում, որը շատ գեղեցիկ վերջավորություն ունի, ինչ-որ բան ճշտելու համար ջութակահարին դիմեցի ու զգացի, որ կարծես չի ընկալում ասածս։ Երբ մոտեցա, տեսնեմ արտասվում է։ Արտասվում էր երաժշտության ուժից։

Համերգներ ունեցանք նաև Դիլիջանում, Գյումրիում։ Ի դեպ, Գյումրիում ելույթ ունեցանք Հայաստանի առաջին համալսարանի շենքի դահլիճում, որտեղ ժամանակին Ռիխտերն ու Գիլելսն են նվագել նաև։ Այդ մասին ինձ Մանսուրյանն ասաց։ Ֆանտաստիկ ակուստիկա ունեցող դահլիճ էր։ Իսկ մեր այս ճանապարհորդության գլուխգործոցը՝ Մաեստրոյի տանը հյուրընկալվելն էր։ Նա ուսանողների հետ աշխատեց, միասին քննարկեցին նրա Տրիոյի կատարման նրբությունները։ Պատկերացնու՞մ եք, սա ինչ նվեր էր երիտասարդ երաժիշտների համար։

Համալսարանի գործունեությունը հիմա ավելի ենք ընդլայնել։ Նոր գործընկեր ունեմ՝ ստամբուլահայ Մելիսա Բիլալը, մասնագիտությամբ երաժշտագետ։ Այժմ միասին ենք ղեկավարում։ Արդեն բացել ենք հայկական ժողովրդական գործիքների անսամբլ, նաև պարարվեստի ու երաժշտության պատմության դասընթացներ։ Ընդ որում, կուրսերը բաժանված են սկսնակների ու ավելի պատրաստվածների։ Ասեմ, որ Հայաստանից դուրս, նման համալսարան, նման ծրագրով, որտեղ ուսումնասիրում են հայկական երաժշտարվեստ՝ չկա։

–Իսկ ո՞ր գործիքներն են ավելի նախընտրում ուսանողները։

–Դուդուկը, հետո շվին։ Ասեմ նաև, որ հայ կոմպոզիտորներին պատվերներ ենք տալիս, նաև խտասալիկներ ենք ձայնագրում։ Եվ դա էլ կարևոր առաքելություն է, գտնել շնորհալի կոմպոզիտորների և օգնել, որ նրանց գործերը կատարվեն։

–Ո՞ր կոմպոզիտորների հետ եք համագործակցել։

–Միշել Պետրոսյանի, որ Ֆրանսիայից է, Աշոտ Զոհրաբյանի, Արթուր Ավանեսովի, Լոս-Անջելեսում բնակվող հայր և որդի հիանալի կոմպոզիտորներ Արտաշես և Աշոտ Քարթալյանների, երիտասարդ կոմպոզիտոր Արեգնազ Մարտիրոսյանի։ Շուտով չորս խտասալիկ ենք ձայնագրելու՝ Խոսրովիդուխտ, Ռոմանոս Մելիքյան, Տիգրան Մանսուրյան, Արթուր Ավանեսով, Վաչե Շարաֆյան, Արեգնազ Մարտիրոսյան և Արթուր Աքշելյան, ով երիտասարդ, շատ շնորհալի կոմպոզիտոր է։

–Դուք բացի այն, որ ժամանակակից երաժշտություն եք նախընտրում կատարել, նաև տարիներ Լոս-Անջելեսի «Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարի գեղարվեստական ղեկավարն էիք, որը ևս միտված էր հայկական նոր երաժշտության տարածմանը և հայ ժամանակակից կոմպոզիտորների աջակցմանը։ «Դիլիջանը» կշարունակի՞ համերգաշարերը, թե այդ էջը փակել եք։

– Լոս-Անջելեսում ծանոթացա երաժիշտ Վաչե Բարսումյանի հետ, որը Գլենդելում Lark երաժշտական միության հիմնադիրն ու տնօրենն էր: Նա առաջարկեց կամերային երաժշտության համերգաշար ստեղծել: Դա 2004 թվականն էր։ Մեկ տարի հետո տեղի ունեցավ մեր առաջին համերգաշարը և շարունակվեց տարիներ։ «Դիլիջանը» հիմնադրվել է աշխարհում հայ կոմպոզիտորների, հատկապես ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելու նպատակով: Հնչեցնելու հայ ու նաև օտարազգի լավագույն կատարողների կողմից։ Համավարակի պատճառով դադար եղավ։ Շուտով կվերսկսենք, բայց յուրաքանչյուր համերգաշար այսուհետ կունենա իր գեղարվեստական ղեկավարը, իր պատասխանատուն, որն էլ կհրավիրի երաժիշտներին, կկազմի ծրագիրը։ Իսկ ես կլինեմ պատվավոր հյուր։