Վարկ են տրամադրելու (տեսանյութ)
Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը ՀՀ իշխանությունների հետ քննարկել է ռազմավարական մի շարք ծրագրեր` առաջիկա 3-4 տարիների համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նշեց, որ գումարը հիմնականում կներդրվի Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման համար:
Բանկը հայկական կազմակերպությունների վարկավորումը սկսել է 2004թ.-ից, եւ այժմ կա համատեղ 10 ծրագիր, որոնք կազմում են ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար:
Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը նախատեսում է ֆինանսական միջոցներն հատկացնել հատկապես գյուղատնտեսության ոլորտին, որն այս տարի ՀՀ Կառավարության կողմից հայտարարվել է գերակա ճյուղ:
ՀՀ Ֆինանսների փոխնախարարի ասելով` գյուղատնտեսության մասին խոսելիս չպետք է հասկանալ միայն բուսաբուծությունն ու անասնապահությունը. «Գյուղատնտեսությունը կարեւորվում է նաեւ ենթակառուցվածքների առումով, որը ամբողջովին Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի մանդատի շրջանակներում է: Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսության արտադրողականությունն աճում է, երբ ենթակառուցվածքներն ապահովվում են, եւ գյուղատնտեսը կարող է իր ստեղծած արտադրանքը հասցնել վերջնական սպառողի բավականին ցածր ծախսերով»:
Բանկի մանդատի շրջանակներում ՀՀ իշխանությունները նախատեսում են ֆինանսական միջոցներ հատկացնել նաեւ արդյունաբերության ոլորտին: Այս առումով բանկն արդեն մի քանի ծրագրեր է իրականացնում հայկական արդյունաբերական մի շարք ընկերությունների հետ:
Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովն իրենց ծրագրի բազմակողմանի եւ հանգամանալից ներկայացումից հետո անդրադարձավ նաեւ ՀՀ տնտեսությանը եւ այն երաշխիքներին, որոնց շնորհիվ իրենք կարողանում են վստահությամբ ֆինանսական խոշոր հատկացումներ անել:
Ըստ պարոն Կոնդակովի` տնտեսական անկումից հետո ՀՀ տնտեսության տեմպն ու աճը մեծ հույսեր են ներշնչում, մանավանդ, ըստ նրա` դրանք այս տարի էլ ավելի կարագանան. «Կառավարությունը նաեւ շատ կարեւոր քայլեր է արել կրճատելու համար բյուջետային դեֆիցիտը: Ամենալուրջ խնդիրը շարունակում էր մնալ գնաճը, սակայն մենք կարծում ենք, որ ՀՀ իշխանությունների կողմից ճիշտ քայլեր են կատարվում զսպելու համար այն իրատեսական շրջանակներում»:
Բանկը կրկնապատկել է նաեւ Հայաստանին տրամադրվող ֆինասական միջոցները, քանի որ իրենց դիտարկումների արդյունքում եկել են այն եզրակացության, որ ՀՀ-ում բարելավվել է բիզնես միջավայրը: «Մեր պահանջներից մեկն այն է, որ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այդ առումով մեզ սկսել են ավելի շատ ընկերություններ դիմել, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին ու ավելի տեղեկացված են»,- վստահեցրեց բանկի նախագահը:
Ի դեպ, Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի պատվիրականությունը հանդիպումներ է ունենալու ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի, ՀՀ Ֆինանսների ու Էկոնոմիկայի նախարարների հետ: