Բացել լրահոսը Փակել լրահոսը
8D1A9686
A A
Մշակույթ

Հինգ ռոմանս՝ սիրո լեզվով

Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 18-ին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացավ «Ալեքսանդր Սպենդիարյան. հինգ ռոմանս սիրո լեզվով» խորագրով համերգ-բանախոսությունը:

Համերգին առաջին անգամ ֆրանսերենով հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի երգային ստեղծագործական ժառանգությունից հինգ ռոմանս՝ երգահան-կատարող Լիլիթ Բլեյանի բարձրարվեստ թարգմանությամբ: Ընտրված «Այ վարդ», «Գիշերն է նույն», «Դանդաղ իջնում է իրիկունը», «Ինչու՞- ես չգիտեմ» և «Հմայված եմ քո գեղեցկությամբ» երգերի ստեղծման պատմությունը ներկայացրեց Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, երաժշտագետ Աստղիկ Հարությունյանը, իսկ միջոցառմանը ներկա ֆրանսալեզու հանդիսատեսի համար բանախոսությունը թարգմանում էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Սյուզան Թորոսյանը: Ռոմանսները կատարեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Պողոսյանը (սոպրանո), Վարդուհի Թորոյանը (սոպրանո), Նարեկ Վարդանյանը (բարիտոն)՝ Կոմիտասի անվան ԵՊԿ-ի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի (դաշնամուր), Կատարինե Հովսեփյանի (դաշնամուր) և Իվանե Եսայանի (ջութակ) նվագակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Ֆրանսիական Ինստիտուտի գործադիր տնօրեն և մշակութային կցորդ Դավիդ Տյուրսը,  Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի մանկավարժական փոխտնօրեն, վարչական և ֆինանսական տնօրեն Լուսինե Թևոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ֆրանսիական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեծանուն արվեստագետներ՝ կոմպոզիտոր ՏիգրանՄանսուրյանը, օպերային երգչուհիներ Հասմիկ Պապյանը, Լիաննա Հարությունյանը և այլք:

Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը շնորհակալություն հայտնեց ռոմանսների թարգմանիչ Լիլիթ Բլեյանին և մասնակից երաժիշտներին՝ սպենդիարյանական ռուսերեն ու հայերեն երգարվեստը եվրոպական լեզվով ներկայացնելու մտահղացումը կյանքի կոչելու համար,  և նշեց, որ տուն-թանգարանն իր այս նախաձեռնությամբ նպատակ ունի կոմպոզիտորի վոկալ-ստեղծագործական ժառանգությունն ավելի մատչելի դարձնելու եվրոպացի երաժիշտ-կատարողների համար. Սպենդիարյանի երաժշտությունը 20-րդ դարասկզբին հնչում էր թե՛ Ռուսական Կայսրության, թե՛ Եվրոպայի արվեստի խոշոր կենտրոններում և 21-րդ դարում ևս արժանի՛ է ճանաչման ու փառքի:

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը շնորհակալություն հայտնեց հրավերի և գեղեցիկ միջոցառման համար՝ նշելով, որ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում ոչ միայն բացահայտեց իր համար նոր մի կոմպոզիտորի, այլև նորովի բացահայտեց Հայաստանը: Մարիեն Օթարյանը հարգարժան դեսպանին ընծայեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տուն-թանգարանի լույս ընծայած «Ալեքսանդր Սպենդիարյան - 150» ձայնասկավառակով պատկերագիրքը:

Տիգրան Մանսուրյանի խոսքը լի էր մշտական հիացումով և երախտիքով առ Ալեքսանդր Սպենդիարյանը, նրա արվեստը և նրա նվիրումը Հայրենիքին: Նա նշեց, որ Սպենդիարյանի հոյակապ երգարվեստը, համերգասրահից համերգասրահ, թանգարանից թանգարան և տնից տուն հնչելով, պետք է կրթի, ազնվացնի և վեհացնի մեր կենցաղը, մեր միտքը և մեր հոգին:

Միջոցառման ավարտին, Սպենդիարյանների հյուրընկալ օջախի ավանդույթով, հյուրերին մատուցվեց սպենդիարյանական բաղադրատոմսով պատրաստված կակաոն:

 

Սիրարփի Ենգիբարյան (Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող)

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի