Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները փող են գողացե՞լ

Տնտեսություն
fa18656612c8d032c1e7a02e07d3496e

Ոմանք ցանկանում են շարունակել կեղծարարությունը,- այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստում: Ըստ նրա` խնդիրը վճարային արտոնագիր ունեցող կազմակերպությունների հետ է եւ այդ առաջացել է այն բանից հետո, երբ որոշվեց, որ թոշակների վճարումով պետությունը չպետք է զբաղվի։

«Հունվարից, երբ այնուամենայնիվ, այս ռեֆորմը մենք իրականացրինք և բացահայտվեցին բոլոր այն խնդիրները, որոնց մասին խոսում էինք, մենք տեսանք, որ դիմադրություն կա նաև աշխատակազմի կողմից, այն մարդկանց կողմից, որոնք անմիջականորեն զբաղվում էին թոշակների բաժանումով, որոնք այստեղ ցույցեր էին կազմակերպում և պահանջում էին, որ մենք նրանց ապահովենք աշխատանքով։

Այդ մարդիկ շատ արագ հայտնվեցին վճարային ծառայություն մատուցող կազմակերպություններում և շատ կարճ ժամանակահատվածում նախարարություն ներկայացրեցին իրենց հայտերը, որ իրենք պատրաստ են այդ ծառայությունը մեզ մատուցել։ Այդ մարդիկ աշխատանքի ընդունվեցին վճարային ծառայությունում և շատ կարճ ժամկետում ներկայացրեցին 34 հազար կենսաթոշակառուի ցուցակ, որ նրանք պատրաստ են այդ 34 հազարին սպասարկել, այն պարագայում, երբ բոլոր բանկերը միասին հասցրել էին ընդամենը 10 հազար հայտ ստանալ»,- հայտարարեց վարչապետը:

Նա հանձնարարել է, որպեսզի վերահսկողական ծառայությունը պարզի, թե ովքեր են այդ 34 հազար թոշակառուները։ Կարճ ժամանակում պարզվել է, որ հայտերի մեջ կան մահացած մարդիկ, կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն եղել այդ ժամանակահատվածում:

«Նշանակում է, որ այդ մարդկանց ձեռքին կան այդպիսի ցուցակներ, որոնք թույլ են տալիս նրանց կեղծարարության շնորհիվ փող վաստակել։ Դրա համար մինչև ցուցակները վերջնականապես նախարարության կողմից չհստակեցվեն, վտանգավոր է այդ ընկերությունների հետ գործ ունենալ։ Ավելին, ես կարծում եմ, որ այս գործերը պետք է հանձնել դատախազություն, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող էր մահացած մարդը դիմում ներկայացնել, որ ինքն ուզում է այդ վճարային ծառայության միջոցով իր թոշակն ստանալ»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

«Այդ մարդիկ չեն հանգստանում, ուզում են պետությունից շարունակել այդ փողերը գողանալ։ Սա է իմ կարծիքը այս բացահայտումների վերաբերյալ։ Եվ ամենասարսափելին այն է, որ չնայած այս խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում, որտեղ հրապարակումներ են կատարվում, վերահսկողություն է իրականացվում, ֆինանսների նախարարության աուդիտն արդեն մի քանի ամիս է զբաղվում է ցուցակների ճշգրտումով, այդ մարդկանց սա բացարձակապես չի կաշկանդում, պատրաստ են գալ կառավարության շենքի դիմաց ցույցեր կազմակերպել, որ մենք իրենց թույլ տանք, որ այս գործառույթը շարունակեն,-ասել է վարչապետը, -

Սա խիստ վտանգավոր է, դրա համար առաջարկվում է ժամանակավորապես կասեցնել վճարային ծառայությունների կողմից պայմանագրերի կնքումը, մինչև որ այդ ցուցակները կճշգրտվեն, կհասկանանք, թե այդ ինչ 34 հազար թոշակառուների են նրանք հայտնաբերել, որոնք ուզում են հենց իրենց միջոցով թոշակ ստանալ»։

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 1-ից չի գործում Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայությունը: Կառավարության այս որոշման արդյունքում ծառայության 300 աշխատակից, հիմնականում ՀՀԿ անդամ, գործազուրկ է դարձել: Նրանք պարբերաբար ցույցեր են կազմակերպում Կառավարության շենքի մոտ: