Տնտեսությունը` թվերով
2011 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 114.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 109.5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 62.9%-ով և 52.4%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 13.9%-ով, ծախսերի գծով` 11.9%-ով:
Այդ մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.9%-ով կամ 11.2 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 11.7% (11.4 մլրդ դրամ) աճով: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 2.2% ով (136 մլն դրամով), իսկ արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:
Պետական բյուջեի եկամուտների 94.6%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.4%-ը` այլ եկամուտների հաշվին:
2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 4.9 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակում նախատեսված 26.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
Հավելուրդը պայմանավորված է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների համեմատաբար բարձր կատարողականով, որի արդյունքում բյուջեի տարեսկզբի միջոցներից եռամսյակային ծրագրով նախատեսված 28.6 մլրդ դրամից օգտագործվել է 2.7 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 2.8 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` -7.7 մլրդ դրամ: