Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել». Ավինյանը՝ կենտրոնում ծառահատման մասին (տեսանյութ)

Այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայիսի 27-ին մրցման մեկնող մարզիկների վթարին, որի հետևանքով կա մեկ զոհ և յոթ վիրավոր: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ երեխաներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է: Մարզիկները բուժում են ստանում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Նշվել է նաև, որ արյան անհրաժեշտության առնչությամբ սոցցանցերում տարածված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Ահավոր դեպք է տեղի ունեցել, և սա ևս մեկ անգամ գալիս է մեզ հիշեցնելու, որ մեզ մոտ դեռևս բոլոր կանոնները չեն, որ պահպանվում են, մասնավորապես, ավտոմեքենայում նախատեսված քանակից ավելի են եղել երեխաները, վստահ եմ, ամրակապված չեն եղել և ծանրագույն դեպքի պատճառներից մեկը հենց դա է»,- նշել է փոխքաղաքապետն ու ոլորտի պատասխանատուներին հանձնարարել այցելել երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ մշտական հսկողության տակ պահելով բուժման գործընթացը:

***

Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքի առնչությամբ բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ», սակայն տեխնիկական խնդրի պատճառով պատասխանատուների կողմից արագ արձագանք չի եղել: Փոխքաղաքապետ Ավինյանն դժգոհել է «թեժ գծի» աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն սկսել: «Տեխնիկական խնդրի պատճառով ստացվում է այնպես, որ հաստաբուն ծառերը՝ բարդիները, հատվել են: Ես վստահ եմ, որ ուղղակի այնպես չեն այդ ծառերը հատվել. մեկի մտքով անցել է, որ այդ տարածքն ինքը կարողանալու է զավթել և, առհասարակ, եթե այդ հատվածում որևէ այլ ցանկապատված տարածք կլինի՝ կմաքրեք ամբողջը: Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր

հողազավթումներ են կարողանալու անել: «Թեժ գծից» եկած զանգերից կարևոր բան չկա, և դրանք պետք է արագ արձագանք ստանան», ընդգծել է Տիգրան Ավինյանը:

***

Ինչպեսև նախանշվել էր՝ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է դարձել Նուբարաշենի աղբավայրում մարել բռնկված հրդեհը, որը տարածված էր աղբավայրի ողջ պարագծով: Հարկ է նշել, որ գործընթացին ներգրավվել էին ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ամբողջ շարժակազմը, վարչական շրջանների ղեկավարների աջակցությամբ մասնավոր ընկերությունների տեխնիկական միջոցներ, ինչպես նաև ներգրավվել են Երևանի փրկարարական վարչության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուժերը: Շուրջ 2300 բեռնատար հող է տեղադրվել աղբավայրում: Այսուհետ հողալցումն աղբավայրում կշարունակվի ամեն օր:

***

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մայրաքաղաքի փոքրիկ բնակիչների համար Երևանի քաղաքապետարանն ինքնատիպ միջոցառում է նախաձեռնել: Համերգային ծրագիր, կինոթատրոն, կրկես. Ազատության հրապարակում առավոտյան ժամը 12:00-ից մինչև երեկոյան 20:00-ն, համերգին ու ցուցադրություններին զուգահեռ, կկազմակերպվեն նաև երեխաներին զբաղեցնող և զվարճացնող խաղեր: Միջոցառումներ կկազմակերպվեն նաև վարչական մյուս շրջաններում:

***

Հայ մեծանուն երգահան Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ Երևանում կկայանան բացառիկ բալետային երեկոներ: Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին՝ ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի երգահանի բալետային ստեղծագործությունները:

***

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կբարեկարգվի նոր սկզբունքով: Սա կլինի նոր չափանիշ, որով այսուհետ կառաջնորդվի համայնքը՝ «այգիների կառուցում» կամ «բարեկարգում» տերմիններն օգտագործելիս: Հաշվի առնելով տարածքն ու ծրագրի կարևորությունը՝ փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում նախագիծը դնել հանրային քննարկման: