Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Նազարյանը վիրավորվեց

Տնտեսություն
aef1f4d9d2529e08958b637f39cdc0ef

Ինչո՞ւ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովն ամբողջությամբ չի կատարում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի այս հարցն այսօր այդպես էլ պատասխան չստացավ: Հստակ պատասխան չունենալով հանդերձ` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դեմ է, որ ԱԺ-ում ստեղծվի գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:

Հանձնաժողովի ստեղծմանը դեմ է նաեւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Ի՞նչ կարիք կա հանձնաժողով ստեղծելու, եթե ամեն ինչ պարզ է եւ թափանցիկ: Հանձնաժողովը պետք է միսիան իրականացնի, գործառույթ ունենա, իսկ այս պարագայում անելու բան չունի»,- ասաց նախարարը:

ՀՅԴ խմբակցությունը համարում է, որ «Հայռուսգազարդը» խախտում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը նաեւ այն պատճառով, որ մենաշնորհային դիրք ունի: Այս հարցում Արմեն Մովսեսյանը նույնպես համամիտ չէ ՀՅԴ-ի հետ. «Սակագինը որոշում է ոչ թե «Հայռուսգազարդը», այլ հանձնաժողովը, դա արդեն «Հակամենաշնորհային օրենքի» դրույթ է»: Նախարարն այսօր նաեւ վստահեցրեց, որ մինչեւ 2012թ. ապրիլի 1-ը ՀՀ-ում գազի սակագինը չի փոխվի:

ՀՅԴ-ն վստահ չէ, ոչ միայն սակագնի կայունության հարցում, այլեւ մի շարք այլ մտահոգություններ ունի` սկսած ինչ գնով են «Հայռուսգազարդը» գազ ստանում Ռուսաստանից եւ այն մինչեւ սպառողին հասնելն ինչ է դառնում: «Մենք այսօր ունենք եվրոպական չափանիշներն համապատասխան օրենք եւ ռեալ կյանք, որը չի համապատասխանում միմյանց: Օրինակ` ինչո՞ւ չի կարելի, որը գազը տարվա եղանակի հետ կապված դիֆերենցված գին ունենա: Տարբեր գներ ունենա օրվա տարբեր ժամերին, ինչպես դա կա էլեկտրաէներգիայի դեպքում: Այս հարցերին հանձնաժողովը չի անդրադարձել»,- այսօր քննարկումներից հետո «Ա1+»-ին ասաց պարոն Հովհաննիսյանը:

«Գոյություն ունի նաեւ «Տրանսգազ» ընկերություն, որը մեր տները գազ հասցնող ընկերությունն է: Նման ընկերություններ կան այն երկրներում, որոնք տարանցիկ են գազի համար: Հայաստանը փակուղի է գազի համար, այլ երկիր չի տեղափոխվում: Այստեղ «տրանս» ածանց ունեցող ընկերության նշանակությունը ո՞րն է»,- շարունակեց պարոն Հովհաննիսյանը:

ՀՅԴ-ին մտահոգող հարցերի մեծ մասին այսօր պատասխանեց Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, որին վիրավորեցին այն մեղադրանքները, թե իր գլխավորած հանձնաժողովը չի պաշտպանում սպառողների շահերը:

Նա ընդգծեց, որ ցանկացած սպառող պետք է փոխհատուցի իրեն մատուցվող ծառայությունների համար նախատեսված ծախսերը: Նշելով, որ փոքր սպառողները, այդ թվում եւ բնակչությունը հանդիսանում են գազամատակարարման վերջին օղակի սպառողները եւ նրանց գազամատակարարումը պահանջում է ավելի մեծ ծախսեր եւ ներդրումներ՝ պարոն Նազարյանն ասաց. «Թեեւ բնակչությունը սպառում է մատակարարված գազի ընդամենը 30 տոկոսը, սակայն նրան բաժին է ընկնում համակարգի ամբողջ ծախսերի շուրջ 60 տոկոսը եւ ներդրումների գերակշիռ մասը»:

Հիշեցնենք, որ Հայաստան գազը ներկրվում է 180 ԱՄՆ դոլարով, սակայն քաղաքացիներին վճարվում է 341 դոլարով: Ներկայումս ՀՀ-ում կա 600 հազար գազ սպառող:

ՀՅԴ-ի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում կազմակերպված լսումների արդյունքում այդպես էլ չպարզվեց՝` կստեղծվի՞ ազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, թե՞ ոչ: