Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ինչպես Վիեննայից «Ստենվեյ» ռոյալը հասավ Կապան. ԶՊՄԿ-ն` փառատոնի հովանավոր (տեսանյութ)

Վարպետության դասեր, աշխատարաններ, սեմինարներ ու համերգներ՝ դասական ու ջազային, միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ։ Ապագա սերնդի երաժիշտների՝ 10-ից 23 տարեկան երեխաների, պատանիների ու երիտասարդների և պրոֆեսիոնալ երաժիշտների միջև մասնագիտական կապերի հաստատման լավագույն հնարավորություն։

Առաջին անգամ Կապանում անց է կացվում միջազգային երաժշտական փառատոն, որն իրականացվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ։  Այս կերպ ընկերությունը մարզի կարևորագույն սոցիալական մշակութային միջոցառումներին իր մասնակցությունն է բերում։

Փառատոնը մեկնարկել հուլիսի 4-ին և կտևի մինչև հուլիսի 14-ը։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի խոսքով, փառատոնը, որն իր շուրջը  համախմբեց անվանի երաժիշտների, Կապանի մշակութային կյանքում եզակի ու նշանակալի իրադարձություն է։

«Փառատոնը անմոռանալի տպավորություններ պարգևեց կապանցի հանդիսատեսին, ով մշտապես տարբերվել է դասական երաժշտության հանդեպ ընդգծված ճաշակով ու վերաբերմունքով»,– ընդգծեց համայնքապետը։

Փառատոնի շրջանակներում նկարիչ և շեփորահար Հայկ Գրիգորյանը նախաձեռնել էր սպոնտան նկարչության դաս՝ երեխաներին ծանոթացնելու Ջեքսոն Փոլակի կաթիլային տեխնիկայի սկզբունքին։

Կապանի միջազգային փառատոնի իրադարձություններից էր Վիեննայից բերված «Ստենվեյ» ռոյալը։ 1976-ին Կապանի երաժշտական ուսումնարանում տեղադրվեց երգեհոն, որով հպարտանում էին կապանցիները։ Տասնամյակներ անց, Կապանի արդեն արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճը կզարդարի «Ստենվեյ» ռոյալը, որը հնարավորություն կընձեռի հրավիրել հայտնի երաժիշտ կատարողների։ 

Նախաձեռնությունը՝ արմատներով կապանցի, միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Կապանի միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանինն էր։ Խնդիրներն ու խոչընդոտները, Սևակի խոսքով քիչ չէին, բայց Փառք Աստծո հաղթահարվեցին, նշեց նա ու իր երախտագիտությունը հայտնեց «Ստենվեի» գնման համար հանգանակության բոլոր մասնակիցներին և աջակիցներին։

Կապանցի հանդիսատեսների ու մասնակիցների խոսքով, փառատոնն իրոք իրենց պետք էր օդի ու ջրի պես։ Պետք էր այսօր մարտահրավերներով խոցելի դարձած Սյունիքին հույս և տոկունություն բերելու համար։ Պետք էր պատանի շնորհալի երաժիշտներին ոգեշնչելու, նրանց վստահություն հաղորդելու, որ պայքարող տեսակն է հասնում  նպատակին  ու կերտում ապագան։