Բացել լրահոսը Փակել լրահոսը
20230918-Conclusions Elections Erevan(V2)_870
A A
Քաղաքականություն

Մեզ մնում է միայն կիսել երևանցիների մտահոգությունը․Եվրոպացի դիտորդների հայտարարությունը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության  հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ 
 
Ըստ  հաղորդագրության՝  քվեարկության օրը Կոնգրեսի յոթ թիմեր՝ Կարլա Դեժոնգեի (Բելգիա, ILDG) գլխավորությամբ այցելել են Երևանի բոլոր թաղամասերի պատահականության սկզբունքով ընտրված մոտ 113 ընտրատեղամասեր՝ բացումից մինչև փակում և հաշվարկի գործընթաց: Տեղամասերում այս առաքելությանը նախորդել էին սեպտեմբերի 15-16-ը հանդիպումները ընտրական հիմնական շահագրգիռ կողմերի և դիվանագիտական ​​կորպուսի, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող  թեկնածուների հետ:
 
Ընդհանուր առմամբ, պատվիրակությունը գնահատում է ընտրությունները հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված քվեարկության օրը՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների:
Պատվիրակությունը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչների աջակցությամբ ընտրողների իսկությունը հաստատող սարքերն ու տեսախցիկները անխափան գործել են քվեարկության ողջ օրվա ընթացքում՝ նվազեցնելով կեղծիքների հնարավորությունները և ամրապնդելով ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։ Նաեւ ողջունել է քվեաթերթիկների փոփոխությունը, որը  նվազեցրել է կարուսելի հնարավորությունը։
 
Մենք ողջունում ենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում առաջացած բարելավումները, ինչպես նաև ԿԸՀ-ի ջանքերը, որոնք նպաստեցին ընտրությունների օրվա ընդհանուր թափանցիկությանն ու պրոֆեսիոնալիզմին։ Այս փոփոխությունները ներառում էին ընտրատեղամասերի նախագահների և քարտուղարների հատուկ դասընթացների ներդրումը, և մենք խորհուրդ ենք տալիս դրանք հետագայում պարտադիր դարձնել՝ ընտրական ընթացակարգերն էլ ավելի ստանդարտացնելու նպատակով։
 
Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հատկապես երիտասարդ ընտրողների շրջանում հետաքրքրության պակասի համար, ինչը երևում է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությամբ: Բացի այդ, տեղական շահերին վերաբերող հարցերը երբեմն ստվերվում էին բազմաթիվ ընտրողների և մրցակիցների կողմից Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ հասկանալիորեն արտահայտված անվտանգության մտահոգությունների պատճառով: Մեզ մնում է միայն կիսել երևանցիների մտահոգությունը և կոչ անել արագ կարգավորել այս իրավիճակը։
 
Քարոզարշավը բևեռացված էր և գլխավորում էին քաղաքապետի թեկնածուները: Պատվիրակությանը զեկուցվել է վարչական ռեսուրսի չարաշահման և ԶԼՄ-ների կողմնակալության մասին հայտարարությունների մասին՝ առաջատար կուսակցության քաղաքապետի թեկնածուի մասով: Այդ առումով և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով՝ մենք հավատում ենք պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտությանը, այդ թվում՝ քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ:
 
Ինչպես նախկինում առաջարկել էր Կոնգրեսը, ընտրատեղամասերի հասանելիությունը մնում է կարևոր խնդիր, որը պահանջում է հետագա հրատապ միջոցներ: Մենք ափսոսանք հայտնեցինք, որ չափազանց շատ ընտրատեղամասեր  հասանելի չէին հաշմանդամություն ունեցող ընտրողների, տարեցների և փոքր երեխաներ ունեցող ծնողների համար։
 
Մենք նշեցինք, որ կային մի քանի ոլորտներ, որտեղ, թեև իրավական դաշտը համարժեք էր թվում, օրենքի ոգով որոշ դրույթների իրականացումը կարող էր ավելի բարելավվել: Օրինակ, թեև բոլոր ցուցակներում պահպանվել է կին թեկնածուների 30% քվոտան, ցուցակի շատ քիչ գլխավորողներ կանայք են եղել և, հետևաբար, քիչ ներկայացված են հանրային քննարկումներում:
 
Ի վերջո, մենք նաև իշխանություններին հրավիրում ենք դիտարկել ամբողջ երկրում տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրությունների քվեարկության մեկ օր սահմանելու հարցը, ինչն արդեն մատնանշվել էր Կոնգրեսի վերջին զեկույցում։
 
Կոնգրեսի առաքելությունից հետո հանձնարարականի նախագիծը կքննարկվի Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա):