Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Ուրախության օրեր»-ը՝ մեր դժվարին ժամանակներում (լուսանկարներ)

««Ուրախության օրեր» վերնագիրը կարող է մի փոքր պարադոքսալ թվալ այն աշխարհում, որում ապրում ենք, և որտեղ շատ են մարդկային ողբերգությունները՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, թե Իսրայելում․․․ «Որախության օրերում» ևս կան ողբերգություններ, սակայն դրանք կենցաղային դրամաներ են, և կյանքի ողբերգությունների հետ միասին խոսում ենք նաև, թե ինչպես, չնայած այս ամենին փորձել երջանիկ լինել»։

Սա մի հատված է Օդեոն– Եվրոպայի թատրոնի տնօրեն Ստեֆան Բրոնշվեյգի տեսաուղերձից Երևանյան միջազգային թատերական փառատոնին ընդառաջ։ Օդեոնը Ֆրանսիայի հինգ ազգային թատրոններից մեկն է, իսկ Բրոնշվեյգը՝ թատրոնի և օպերային համաշխարհային առաջատար ռեժիսորներից է։

Նորվեգացի դրամատուրգ Առնե Լյուգրեի «Ուրախության օրեր» ներկայացումը Ստեֆան Բրոնշվեյգի բեմադրությամբ կներկայացվի հոկտեմբերի 22–ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով՝ «կնշանավորի Հայաստանի և աշխարհի ամենահեղինակավոր թատրոններից մեկի բացառիկ համագործակցությունը»։ Ներկայացմանը ներկա կլինի նաև ռեժիսորը։

Ի դեպ, այս գաղափարը Վարդան Մկրտչյանի խոսքով, իրականացավ մի պատահական հանդիպումից, երբ ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանը հայ–ֆրանսիական հարաբերությունների 30–ամյակի միջոցառման ժամանակ նա հանդիպեց Ստեֆան Բրոնշվեյգին։ Հաջորդ օրը նրանք հանդիպեցին արդեն Սունդուկյանի անվան թատրոնում և որոշեցին համագործակցել։

«Իրականացավ երազանք, որի մասին խոսում էինք մեկ տարուց ավելի։ Եվ, սա Հայաստանի համար կարևոր իրադարձություն է՝ առաջին անգամ անցկացվող փառատոն և Օդեոն թատրոնի մասնակցությունը այս փառատոնին։ Մենք ուրախ ենք, որ Ֆրանսիայի դեսպանատունը ևս իր մասնակցությունը ունի։ Կարծում եմ, որ մեր համագործակցությունը դեսպանատան մեր հարևանի՝ Սուդուկյանի անվան թատրոնի հետ կշարունակվի»,– իր հրաշալի հայերենով դեսպանատանն այս առիթով հրավիրված լրագրողներին ասաց ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատան Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Գիյոմ Նարժոլեն։

Փառատոնի հիմնադիր-նախագահ Վարդան Մկրտչյանը նշեց, որ «Ֆրանսիական արվեստը գնահատող և ֆրանկոֆոն մարդկանց համար, սա իրապես մեծ նվեր է»։

«Ա1+»–ի հարցին, որ եթե երաժշտության համար լեզուն հասկանալը կարևոր չէ, սակայն ինչպե՞ս ֆրանսերենին չտիրապետող հանդիսատեսը կընկալի դերասանների խոսքը, պարոն Մկրտչյանը պատասխանեց․ «Կընկալվի նախ սրտով, որովհետև ֆրանսիական մշակույթը, լեզուն կա մեր արյան մեջ, երկրորոդ՝ դա թատրոնի լեզուն է և այն էներգետիկ ստեղծարարությունը, որն այդ պահին է լինում։ Նաև կլինեն սուբտիտրեր՝ մեկտողանի, խոշոր ձևաչափով»։

Հիշեցնենք, որ Երևանյան առաջին միջազգային թատերական փառատոնը, որը կազմակերպվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ, կանցկացվի մինչև նոյեմբերի 18-ը: