Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Գիրք՝ առանց բացասական կերպարների․ ուսուցիչը գիրք է գրել, աշակերտները՝ մասամբ շտկել

 Գունավոր նկարներ, դպրոցական ջերմ միջավայր, անսպասելի ու հետաքրքիր ավարտ: Տեղի ունեցավ Էդգար Մեջինյանի առաջին գրքի` «Գլոբրի» հեքիաթ-պատմվածքի շնորհանդեսը:

Հեղինակը նշեց, որ այն դպրոցական կյանքի, ուսուցչի կերպարի մասին օրինակելի ու կախարդական պատմություն է՝ անսպասելի ավարտով, որը մեկ խորհուրդ ունի՝ վստահություն սեփական ուժերի նկատմամբ։

«Գրքում որևէ բացասական կերպար չկա, քանի որ կարծում եմ՝ դպրոցը այն վայրն է, որտեղ բացասական կերպարներ պետք է չլինեն: Գիրքը նվիրված է դպրոցի ուսուցիչներից մեկին, որը ինձ համար ժամանակակից ուսուցչի լավագույն օրինակն է», -  նշեց Էդգարը:

Հեքիաթ-պատմվածքի խմբագիր Աստղիկ Բալայանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիրքը թևերի ու երազելու մասին է։

«Գիրքը ցույց է տալիս, թե ինչ կարևոր է, երբ երեխան սիրում է դպրոցը,  սովորելը։ Շատ կարևոր է  միջավայրը, որը ստեղծվում է դպրոցում: Յուրաքանչյուր մարդ ունի մեծ ներուժ, ունի շատ երազանքներ և անպայման կարող է այդ երազանքներն իրագործել` օգտագործելով իր ներուժը եթե կան հավատացողներ, եթե կան ոգեշնչողներ, եթե կան ձեռքը բռնողներ, աջակցողներ»,- հավելեց խմբագիրը։

Գրքի նկարազարդող-նկարիչ Ինեսա Սնգրյանի համար առաջին անհավանական թվացող աշխատանքն էր:

«Երբ Էդգարն առաջարկեց նկարազարդել գիրքը՝ միանգամից ասացի՝ ոչ: Խնդրեց՝ մի անգամ կարդամ, նոր որոշում կայացնեմ: Հենց սկսեցի կարդալ՝  սկսեցի զուգահեռ նկարել: Կերպարների վերջին դետալները, հագուստներով, աքսեսուարներով, աչքի գույնով»,-  նշեց Ինեսան:

«Ամեն ինչ սկսվեց այնտեղից, որ ես ուսումնասիրում էի դպրոցի գրադարանի գրքերը (երևանյան կրթահամալիրներից մեկում Էդգարը շախմատի ուսուցիչ է): Հասկացա, որ մանկական լավ գրքերը այդքան էլ շատ չեն, որոշեցի, որ պետք է ինքս գրեմ: Սկիզբը հեշտ էր, դժվար էր երկրորդ մասն ու ավարտը: Երկար դադարից հետո որոշեցի կեսից փոխել գլխավոր հերոսին »,- պատմեց Էդգարը:

Գրքի ստեղծմանը մասնակցել են ուսուցչի աշակերտները: Նրանց համար՝ առանց ասելու, որ իր հեղինակային հեքիաթն է, Էդգարը կարդացել է, հարցեր ուղղել, առաջարկներ ու պատասխաններ ստացել: Ասում է՝ երեխաները շատ օգնել են, նկատառումները հաշվի է առել, փոխել, շտկել, ավելացրել:

 Շնորհանդեսին ներկաների շարքում ուսուցչի փոքրիկ աշակերտներ են՝ արդեն հեքիաթը լսած, կերպարներին՝ ծանոթ: Թերթում են գունավոր գիրքը, ուշադիր նայում նկարներին, քննարկում՝ ով որ կերպարին է նման: Վերջում՝ սպասում ուսուցչի ստորագրությանը գրքի իրենց սեփական օրինակում:

«Չի եղել երեխա, որ ասի՝ լավը չէր գիրքը, բացի հարազատ եղբորս աղջկանից, որը վերջում ասաց՝ հիմար պատմություն էր»,- զրույցը ծիծաղով ավարտեց Էդգարը:

 Օֆելյա Հարությունյան

ԵՊՀ ուսանող