Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

ԶՊՄԿ-ն հետաքրքրված է Հայաստանում կրիտիկական մետաղների ուսումնասիրությամբ (տեսանյութ)

«Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի կարևորագույն ճյուղերից մեկը, որը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի աճին և ավելի բարելավել մեր ազգաբնակչության կենսամակարդակը, կրիտիկական մետաղներն են։ Դրա համար էլ կազմակերպել ենք այս գիտաժողովը, որ հասկանանք, թե կրիտիկական մետաղների ոլորտում որ ուղղությամբ պետք է զարգանա մեր երկիրը»,- այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կազմակերպած «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ հայտարարեց միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Կրիտիկական մետաղներն են լիթիումը, նիկելը, կոբալտը, պղինձը։ Եվ Ջհանյանի ներկայացմամբ Հայաստանն այդ ոլորտում զարգանալու ներուժ ունի, դրա համար նա կարևորեց այսօրվա միջոցառումը։ «Տեսնելով դրա մեծ ներուժը Հայաստանում՝ փորձում ենք կառավարության, բուհերի, գիտության ոլորտի հետ քննարկել, թե ինչ կարելի է անել, որ Հայաստանի հանրապետության ունեցած ներուժն այդ ուղղությամբ զարգանա։ Հանքագործների և մետալուրգների միության և մյուս բոլոր հասարակական կազմակերպությունների դերը պետք է լինի օգնել պետությանը, կառավարությանը, որ ուշադրություն դարձնեն տնտեսության զարգացմանը նպաստող ուղղություններին»,- հավելեց նա։

Միջոցառմանը ներկա էր նաև ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, որը ողջունեց այդ միջոցառումն՝ ասելով, որ մի քանի տարի է, ինչ ողջ աշխարհը խոսում է կրիտիկական մետաղների անհրաժեշտության և դրանց կիրառելիության կարևորության մասին։ «Մասնավորապես լիթիումի մասին, որովհետև այն հանդիսանում է էլեկտրաէներգիայի կուտակման մարդկոցների հիմնական հումքը։

Ամբողջ աշխարհում մեծ ռեսուրսներ են դրվում նման պաշարների ուսումնասիրության համար»,- հավելեց փոխնախարարը։

Իսկ Ջհանյանն անդրադարձավ նաև Ադրբեջանից Հայաստանի հանքարդյունաբերությանն ուղղված դժգոհություններին և ասաց․ «Առանց զարգացման, առանց տնտեսական աճի, Հայաստանը չի կարող ուրույն տեղ ունենալ տարածաշրջանում։ Մենք պետք է տնտեսապես զարգացած երկիր լինենք։ Տնտեսության զարգացումը նշանակում է ուժեղ բանակ, հզոր պետություն։ Ամեն ինչի հմքում տնտեսություն է, և մենք պետք է ուժեղ տնտեսություն ունենանք։»։