Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կողմերը կդիմե՞ն զենքի (տեսանյութ)

Հարցազրույց
87ba2e5068dbfc6de160a8c110aec6a3

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը «Մեծ ութնյակ»-ի   գագաթնաժողովում  ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը գնահատում է բարի կամքի դրսեւորում: Այս մասին նա  հայտնեց «Ա1+»-ի հետ զրույցում, ինչպես նաեւ պատասխանեց մեր մյուս հարցերին:

-         ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը չեմ կարծում, որ գործնական նշանակություն ունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա: Այն բարի ցանկությունների կոչ է:

-         Հայտարարությունում նաեւ հստակ ժամկետ է նշված, որ մինչեւ  առաջիկա հունիսյան գագաթնաժողովում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը  ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների ուղղությամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

-         Նրանք նաեւ նշում են, որ այդ ժամանակահատվածում կողմերի ղեկավարներն իրենց հասարակություններին պետք է կարողանան նախապատրաստել խաղաղության եւ ոչ թե պատերազմի: Ես կարծում եմ, որ նույնիսկ իրենք չեն հավատում դրան: Եթե իրենք ծանոթ են իրականությանը, իսկ իրականությունն այն է, որ թե Ադրբեջանի , եւ թե Հայաստանի ղեկավարությունը միանշանակ բեւեռային մոտեցումներ ունեն այս հարցում: Ադրբեջանի ղեկավարությունը բացառում է, որ Արցախը դուրս գա Ադրբեջանի կազմից՝ ընդհուպ զենքի կիրառմամբ, իսկ Հայաստանի իշխանություններն ասում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս տարածության մեջ չի տեղավորվում համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը:

-         Մեր քաղաքական ուժերից շատերն ասում են, որ այս հայտարարությունն ուղղված է միայն Ադրբեջանին, մասնավորապես խաղաղության պահպանման վերաբերյալ հատվածը: Դուք ի՞նչ եք կարծում: 

 -         Եթե ընթերցեք ադրբեջանական կողմի մեկնաբանությունները կտեսնեք, որ նույնը նրանք են ասում:  Նրանք նույն են կրկնում: Համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը տարածություն է ստեղծել, որտեղ յուրաքանչյուր կողմ այն կարող է մեկնաբանել իր շահերից ելնելով:

   Ես չեմ կիսում այդ տեսակետը:  Հայտարարության հեղինակները պետք է հստակ նշեին, որ հրադադարի ռեժիմը խախտողը Ադրբեջանն է, որը միշտ աչքի է ընկել իր ռազմական հռետորիկայով: Այդ նախադասությունը հայտարարությունում բացակայում է, եւ ես այս առումով լուրջ չեմ վերաբերում այն հայտարարություններին, թե այն մեզ է վերաբերում, թե՞ Ադրբեջանին:

-         Այս հայտարարությունից կարելի՞ է ենթադրել, որ Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հաջորդ հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ  կողմերին նոր փաստաթուղթ կներկայացնեն:

 

-         Ես չեմ բացառում: Բայց որքան էլ նրանք ասեն, որ ժողովրդին պետք է խաղաղություն, իրականությունն այն է, որ երկու կողմերն էլ պատրաստ են իրենց սկզբունքներին, իրենց առաջնահերթություններին, նպատակներին հասնելու համար դիմել նաեւ զենքի:

-         Ձեր կարծիքով ի՞նչ կտա Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ առաջիկա հանդիպումը:

-         Չեմ կարծում, որ որեւէ բան կտա: Այսօրվա քաղաքական մթնոլորտը, որը կա Ադրբեջանում եւ Հայաստանում չի խոսում այն մասին, որ դրական քայլ կարձանագրվի այդ գործընթացում:

-         Սարգսյան- Իլհամ Ալիեւ առաջիկա հանդիպումը տեղի է ունենալու ՌԴ-ում: Դա ի՞նչ է նշանակում, որպես միջնորդ երկիր ՌԴ-ն առավելություններ ո՞ւնի մյուսների նկատմամբ:

-         Այս ընթացքում ՌԴ-ն միշտ ցույց է տվել, որ թեեւ 3 համանախագահող երկրներ կան՝ հավասար իրավունքներով, սակայն ինքն «ավելի հավասար է»: Սա հասկանալի պատճառներ ունի, քանի որ ՌԴ-ն այս տարածաշրջանի նկատմամբ ավելի զգայուն է, քան մյուս համանախագահող երկրները:

-         Իսկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացն ինչպե՞ս կազդի ՀՀ ներքաղաքական գործընթացի վրա:

 -         1988թ. սկսած մեր ներքաղաքական կյանքին ամենալուրջ ազդեցությունն ունեցել է ԼՂ հիմնախնդիրը: Եթե այսօր խոսում են, որ երկրում կարող է լինել արտահերթ, արմատական փոփոխություններ, դա նույնպես կապվում է ԼՂ հիմնախնդրի հետ: Այնպես, որ ԼՂ հիմնախնդիրը եղել, եւ քանի դեռ լուծված չէ մնում է այն հիմնական հարցը, որը կարող է էապես փոխել ներքաղաքական իրավիճակը:

-         Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ քաղաքական որեւէ ուժերից մեկը՝ լինի ընդդիմադիր, թե իշխանամետ իր կուսակցական շահը գերադասի ԼՂ հիմնախնդիրից:

 -         Չեմ ուզում հավատալ, որ նման բան կլինի: ԼՂ հիմնախնդիրը համազգային խնդիր է: Եթե այդ հարցից օգտվում են, օգտվում ենք բոլորս, եթե պարտվում ենք՝ պարտվում ենք բոլորս: Այլ հարց է, որ ինչ-որ պահի ԼՂ հիմնախնդիրը որոշ ուժեր կարող են շահարկել, այդ թվում՝ իշխանությունները: Այսինքն՝ ԼՂ հարցում կամ հայ ժողովուրդը պարտվում է, կամ բոլորս միասին հաղթում ենք:

Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը