Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրանուշ Խառատյան
A A
Պաշտոնական

Անդրանիկ Քոչարյանը փնտրում և չի գտնում ցեղասպանվածների անուննե՞րը, թե՞ իրոք ուզում է իմանալ ցեղասպանվածների թիվը․ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անդրանիկ Քոչարյանը փնտրում և չի գտնում ցեղասպանվածների անուննե՞րը, թե՞ իրոք ուզում է իմանալ ցեղասպանվածների թիվը, ասելով ՛՛եթե իրոք մեկ ու կես միլիոն են ցեղասպանվածները, ապա կարո՞ղ եք անուններն էլ ասել":
 
Բայց ոչ, նախադասության վերջին բառերը կասկած չեն թողնում, նա ասում է՝ ՛՛որ մենք ընդունենք՛՛: Ուրեմն ՛՛ընդունել-չընդունելուն՛՛ խանգարում է զոհերի թվի և նրանց անունների չիմացությունը: Բայց ոչ, նախ հասկանանք, թե ովքեր են այդ ՛՛մենքը՛՛, քանի՞ մարդ են այդ ՛՛մենքը՛՛:
 
Թե՞ Անդրանիկ Քոչարյանն իրեն նկատի ունի ՛՛մենք՛՛ ասելով՝ ՛՛մենք՝ թագավորս՛՛: Այնուամենաիվ մարդուն օգնել է պետք: Գուցե փնտրում է ու չի՞ գտնում:
 
Դուրս եկեք, պարոն Քոչարյան, գնացեք Թալինի, Շիրակի, Էջմիածնի գյուղերը և այնտեղ ապրողներին հարցրեք նրանց պապերի, տատերի, ընտանիքի զոհված երեխաների անունները, նրանք սրբորեն պահում են այդ անունները: Միայն թե ՁԵզ հետ (Դուք՝ պարոն Քոչարյանդ) մի ծանր գրանցամատյան վերցրեք, որ գրանեք այդ անունները:
 
Իհարկե, մեկուկես միլիոնի չեք հասնի, դրա համար հարկավոր կլինի գնալ նաև Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, և արդեն նաև հեռավոր այլ երկրներ: Կարող եք նաև Թուրքիա գնալ: Այնտեղ հայեր են ապրում, որոնց ընտանիքներից 30-40 մարդ են սպանվել: Եթե կարիք ունեք՝ հասցեներ կտամ:
 
Գնացեք, պարոն Քոչարյան, ավելի ծանր գործ չէ, քան այդ անունների հիշողություններով հարյուր տարուց ավելի մորմոքվող մարդկանց մի քանի սերունդների ապրած կյանքը, որը Դուք, պարոն Քոչարյան, մի նախադասությամբ ոչնչացնում եք: Բայց պատրաստ եմ Ձեր գործը հեշտացնել, պարոն Քոչարյան: Այդ անունները արխիվներում չեն, դրանք անշուշտ կային հայկական եկեղեցիների ծխամատյաններում, որոնք, ցավոք, Թուրիքայի արխիվներում և նախկին հայկական գյուղերի ներկայիս բնակիչների կողմից չեն պահվել: Դրանք առհասարակ չեն պահվել:
 
Այրվել են, ինչպես հայերի դիակները: Հա, ի դեպ, այրվելու մասին: 1915թ. հայերի դիակներից ազատվելու պատասխանատու մարդ էր նշանակվել:: Նա նույնիսկ անուն ուներ՝ Տրուստո Արաս: Նրա դիվանագիտական առաջարկով սպանված հայերի դիակների կարիք չկար, հայերից պետք էր ազատվել մարդկանց կենդանի հրկիզումների, ջուրը նետելով խեղդելու միջոցով, և միայն կոտորածի անհրաժեշտության դեպքում նրանց քարանձավներում կուտակելով՝ կոտորածները հենց քարանձավներում իրականացնելով:
 
Բազմաթիվ աղբյուրներ կան գոմերում, եկեղեցիներում հայերին հավաքելով հրկիզելու դեպքերի մասին: Ձեզ նրանց անունները պե՞տք են, պարոն Քոչարյան: Եթե այո՝ ասեք, մի նեղվեք, կուղարկեմ: Քարանձավներում կոտորածների պակաս նույնպես չկար: Պարոն Տրուտո Արասը հանճարեղ էր, մաքուր գործ էր, այրում ես՝ հետքեր չկան: Բայց այ՝ պարզվեց, որ ջուրը գցելով խեղդելու առաջարկը այնքան էլ հաջող լուծում չէր: Արածանին, Եփրատը այնքան էին լցվել դիակներով, որ ջուրը վտանգավոր էր դարձել: Թունավորումները շատացել էին: Դա՝ կոտորածները դեռ նոր սկսած, մինչև հուլիս ամիսը: Իսկ առջևում դեռ այնքա~ն կոտորածներ կային: 1915թ. հուլիսի 1-ին Թալյաթ եւ Ջեմալ փաշա կոչվածները հեռագրով հրամայել էին դիակները գետերը գցելու փոխարեն թաղել:
 
1915-ի հուլիսի 3-ին այդ հեռագրին ի պատասխան Դիարբեքիրի վալին հեռագրել էր Թալիաթին՝ «Եփրատը շատ քիչ է մոտենում մեր վիլայեթին. հավանական է Եփրատով եկող դիակները Էրզրումի և Խարփութի վիլայեթներից են: Այստեղ մեռնողներին գցում են խուլ ու խոր անձավները կամ ավելի հաճախ այրում: Հազվադեպ է անհրաժեշտություն լինում դրանք թաղել» : Այսինքն արդարացել էր՝ "այդ մենք չէ, որ գետն ենք գցում, ուրիշներն են, մենք հնազանդորեն այրում ենք": Այդքան մարդ թաղելը հիրավի հեշտ գործ չէր, և ո՞վ էր դա անելու: Դրա համար նույնիսկ վճարող չկար: Իսկ ճանապարհներին նեխող դիակների գարշահոտը անտանելի էր և վտանգավոր:
 
Չեմ ուզում Ձեր նուրբ հոգին վիրավորել այդ ծանրագույն տեսարաների նկարագրությամբ, պարոն Քոչարյան, դրանք իսկապես անմարդկային են: Մարդիկ են եղել, Տեր Զորի անապատներում կուտակված հայերի 500-ական խմբերին ամեն օր տարել են ՛՛մահվան ճամբար՛՛ և այնտեղ սպանել կացիններով: Ամեն օր: Հետո տուն են վերադարձել, հաց կերել (չգիտեմ՝ նախ լվացվե՞լ են, թե դա այնքան էլ կարևոր չի եղել), հավանաբար մի փոքր խաղացել իրենց երեխաների հետ և պառկել հանգստանալու, ուժեր հավաքելու: Ուժ էր պետք, որովհետև առավոտյան գնացել են՝ այդ ամենը կրկնելու: Օրեր շարունակ: Ամիսներ շարունակ: Ականատեսներ կան:
 
Մահվան ճամբարից փրկվողներ էլ կան, որոնք հետո, կենդանի մնալով, արաբների մոտ վարձվել են որպես խաշնարածներ: Չեն խելագարվել, սոված էին և անըդհատ ուտելիք փնտրելու, ուտելու փափագը խանգարել է խելագարվելուն: Ոմանց անուննել էլ գրել են: Կարո՞ղ եք հաշվել, օրինակ, ամեն օր քարավաններով ամիսներ քայլած, տանջահար, սոված, հյուծված, ուժասպառ, վիրավոր հինգ հարյուր սպանված մարդը մեկ ամսվա մեջ ընդամենը 15.000 մարդ է: Դուք 1.5 միլիոնի անուն եք ուզում: Ինկ եթե, օրինակ, 1.300.000 հազար լինի՝ հարմա՞ր է: Իսկ եթե 1.700.000 հազար լինի՞: Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան: Ցավակցում եմ, եթե Դուք հիմա սա կարդում եք: Եթե չցավակցեի՝ Ձեզ որոշ նյութեր կուղարկեի:
 
Բայց այ Տրուտո Արասը դիմացավ և նրա առաջ բացվեց Մուստաֆա Քեմալի կառավարությունում Արտաքին գործերի նախարարի պաշտոնին տանող ճանապարհը: Հավանաբար դիակներից ազատվելու դիվանագիտական լուծումը կիրառելու համար դիակների մասին հիշողությունից ազատելու գործում: Ինչպես երևում է՝ այս գործում նույնպես հաջողություն ունի: Կայսրությունները ներքին և արտաքին հիշողություն ձևավորելու քաղաքականության մեծ փորձ ունեն: Չնայած ոչ բոլորի հիշողությունն է ՛՛լվացվում՛՛՛:
 
Միայն թե մենք դեռ կայսրություն չենք, պարոն Քոչարյան, ցեղասպանական փորձ էլ չունենք, և չենք սովորել մարդկանց հիշաղությունները լվանալու արհեստը:
 
Ներեցեք, պարոն Քոչարյան, կարծեմ սխալ բառերով եք խոսում: Չէ՞ որ բառերը երբեմն իմաստ են պարունակում: