Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 16-ը ապրիլի․ Փաշինյանն ասաց՝ մաֆիոզ, Ծառուկյանն ասաց՝ նախագահը շատ ուժեղ է (տեսանյութ)

1998-ի ապրիլի 16-ին 5 օրյա վարչապետ Արմեն Դարբինյանի ներկայացուցիչը զեկուցում է վարչապետի մտադրությունների մասին՝ 30 միլիոն դրամ հատկացնել Բաշ Ապարանի հերոսամարտին նվիրված տոնակատարությունների համար, 6 միլիոն դրամ՝ կրակմարիչների ձեռքբերման համար։

Նույն օրը առեւտրի եւ արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանը խոսում է փողոցային առեւտրին վերջ տալու եւ խանութներ բացելու մասին ։ Հենց այդ առիթով էլ նախարարն այցելել է Խաչատուր Սուքիասյանի նորաբաց «ՍԻԼ պլազա» խանութ։ Այստեղ Սուքիասյանն ասում է, թե ինչպիսին կուզեր տեսնել նոր նախագահի նոր կառավարությունը . «Նոր կառավարությունը պետք է լիբերալ քաղաքականություն տանի տնտեսական կառույցների հանդեպ, նկատի ունեմ, որ ճնշումներ չլինեն»։

Հայաստանում գոյություն ունի մաֆիա, որը ղեկավարում է Հայաստանի ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը,-«Օրագիր» թերթի խմբագրությունում 1999-ի ապրիլի 16-ին այդ մասին հայտարարում է թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ։ Վերջինս այս բացահայտումն արել է թերթի դեմ դատական երկու որոշումների առիթով , որոնք Սերժ Սարգսյանի եւ Միխայիլ Բաղդասարովի օգտին են։ Ըստ Փաշինյանի, Բաղդասարովը Սերժ Սարգսյանի ձեւավորած մաֆիոզ կլանի անբաժանելի ներկայացուցիչն է «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը ներքաշված է մաֆիոզ կառույցների մեջ»,-ասում է Փաշինյանը։

2000 թվականի այս օրերին Երեւանի քաղաքապետարանն ակտիվորեն պայքարում է փողոցային առեւտրի դեմ ։ Ապրիլի 16-ին պայքարի նետն ուղղվում է շուկայի տարածքում վաճառք իրականացնողներին։ Քաղաքապետարանն առեւտրականներին կոչ է անում ամաչել առեւտրի այդպիսի ձեւի համար։

Արտգործնախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչության պետ Արա Պապյանը չի հավատում, որ 2000 թվականի ապրիլի 16-ի դրությամբ Հայաստանը լքել է 1 միլիոն 200 հազար մարդ՝ շատ-շատ 800 հազար մարդ է արտագաղթել։ Բայց դա պետական պաշտոնյայի համար առանձնապես սարսափելի բան չէ. «Էսօր հացի կարոտ են բառիս բուն իմաստով։ Բանտերում են հայտնվում, պատճառը դա է։ Մարդիկ այնպիսի վիճակում են հայտնվել, որ բացի գողությունից ուրիշ ելք չունեն, բացի պոռնկությամբ զբաղվելուց ուրիշ ելք չունեն»

2003-ի ապրիլի 16-ին Գագիկ Հարությունյանի ղեկավարած Սահմանադրական դատարանը մերժում է ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի դիմումը մարտի 5-ի նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Միաժամանակ նա ոչ հավաստի համարեց ընտրությունների արդյունքները միանգամից չորս տասնյակ տեղամասերում։

«Մեր ապագահ տեսնում ենք միայն Ռուսաստանի հետ»,-2007-ի ապրիլի 16-ին ռուսական «02» երիտասարդական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նույն հարցազրույցում լրագրողի այն հարցին, թե Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխության ուկրաինական սցենարը, Ծառուկյանը պատասխանում է. «Մեր նախագահը շատ ուժեղ է եւ հետեւում է նախընտրական պայքարին: Եթե ինչ-որ բան լինի, նա կպատժի մեղավորներին»։

2010-ի ապրիլի 16-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի լույս ընծայված «Օրագրերի» շնորհանդեսը ։ Ժողովածուի խմբագիր պատմաբան, Ազգային անվտանգության ծառայության բուժվարչության պետ Վլադիմիր Պետրոսյանը դատապարտում է հետխորհրդային իրականությունը. «Այսօր Հայաստանում շարունակվում է իրականացվել հակասովետական քարոզչությունը, որին հարկավոր է վերջ տալ եւ լրջորեն զբաղվել անցած տարիների կեղծ դեմոկրատների ձեռնարկած ռեֆորմների ավերիչ հետեւանքների վերացմանը»։