Մեր վրդովմունքն ենք արտահայտում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների՝ ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ․ հայտարարություն
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել: Բազմաթիվ զգուշացումները, որ տվյալ անձը լրատվամիջոցի ներկայացուցիչ է և իր գործընկերների հետ այդ օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն է լուսաբանում, մնացել են անարձագանք: Քիչ ուշ օպերատորին ազատ են արձակել:
Նույն օրը Երևան-Թբիլիսի ճանապարհի Լոռու մարզի Դսեղ գյուղի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիան ցրելիս ոստիկանները խոչընդոտել են այդ գործողությունները լուսաբանող՝ Oragir.News կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը․ հրելով գցել են լրագրող Անի Ներկարարյանին, որը վնասվածք է ստացել, իսկ օպերատոր Զավեն Օհանյանը ստիպված է եղել դադարեցնել նկարահանումը։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում հայ-ադրբեջանական շփման գոտում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների դրսևորած անհիմն ագրեսիվության և սանձարձակության, ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ։ Ընդամենն օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, նման միջադեպի կապակցությամբ ընդունված հայտարարության մեջ մենք նշել ենք, որ ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել բողոքի ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդգծել ենք նաև, որ այդ ամենը, որպես կանոն, մնում է անպատիժ։
Մենք վերահաստատում ենք նախորդիվ բարձրաձայնված մեր պահանջները՝ անհապաղ ծառայողական քննություն անցկացնելու և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ուժային կառույցների՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների արատավոր պրակտիկան բացառելու վերաբերյալ։
Ի լրումն պահանջում ենք ՀՀ կառավարությունից քննարկում կազմակերպել ուժային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ վերոհիշյալ խնդիրները լուծելու, լրագրողների իրավունքների խախտումները կանխարգելող որոշումներ կայացնելու, ապօրինի բռնությունները դադարեցնող գործուն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։