Բացել լրահոսը Փակել լրահոսը
69
A A
Հասարակություն

Լեռնային Ջագիրի պատմությունը․ արտաքսվածները և վերաբնակեցվածները

«Մարտունի, Բարում, Բարսում, Օրջոնոկիձե, Սպիտակաշեն, Սալեր, Չարդախլու, Ջագիր և հայկական մի շարք այլ գյուղերի բնակիչներն իրենց պապական հողերից արտաքսվել են սումգայիթյան ոճրագործությունից հետո,- Ա1+-ի հետ զրույցում ասում է ծննդով ջագիրցի Արաքսյա Հարությունյանը։

 

Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի համանուն գավառում էին գտնվում գյուղերը, որոնք ամբողջությամբ հայաթափվել են 1988-1991 թվականներին։ «Մեր գյուղը Ջագիրն էր։ 16 տարեկան էի, երբ ամուսնացա ու տեղափոխվեցի Հայաստան, սակայն իմ հիշողություններից երբեք չեն ջնջվել այդ իրադարձությունները, իրենց ապ ու պապերի հողից կտրված հարազատներիս տառապանքները։ Մենք ինը երեխա էինք... Հայրս այդ դարդից կուրացավ ու մահացավ։ Մայրս դեռ գյուղում էինք, երբ անբուժելի հիվանդության պատճառով մահացավ։ Մինչև հիմա մորս գերեզմանին կարոտ եմ»,- արտասվաթոր աչքերով պատմում է 69-ամյա զրուցակիցս։ Հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, բնաջարաբուծությամբ ու անասնապահությամբ զբաղվող ջագիրցիները երբևէ չէին պատկերացնում, որ իրեն հայի «եղբայր», «մտերիմ հարևան» հռչակած նորաստեղծ ազգի թշնամանքն ու ատելությունը հայ ազգի նկատմամբ այդքան խորն են։

 

«Ջագիրն և Չարդախլուն հարևան գյուղեր էին։ Երկու գյուղերն իրենց թթի ու կեռասի այգիներն ունեին, որոնց արանքով առու էր հոսում։ Շատ-շատ եմ եղել այդ մասերում։ Ու այսօրվա պես հիշում եմ ամեն բան։ Այդ գյուղարանքներում մի հատ էլա ադրբեջանցի չի բնակվել։ 1908 թվականին իմ գյուղն ունեցել է 1397 բնակիչ։ Ուներ միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ։ Գազ ու ջուր այդպես էլ չքաշեցին, լույսերն էլ երբ ուզենան անջատում էին։ Ճանապարհներն անտանելի վիճակում էին, մենք գռուզավիկով էինք ման գալի։ Վերին աստիճանի անտարբերության մատնված գյուղեր էին։ Դրանց մտադրություննա եղել, որ ապրելու համար անտանելի պայմաններից ելնելով՝ մարդիկ զզվեն, թողնեն հեռանան։ Դե մենք էլ չենք զզվել, որովհետև մեր տատական-պապական, մեր նախնիների հողն է եղել։ Էդ ասածս ամեն ինչը գյուղի շրջակայքում եղած ամրոցի հետքերը, գյուղատեղիները, ուխտատեղիները, մատուռները, գերեզմանները ու խաչքարերն են վկայում։ Բայց դե ի՞նչ կարող էինք անել։ Ամեն բան ադրբեջանցիների ձեռքերում էր՝ իշխանությունն էլ, օրենքն էլ»։

 

Գյուղն ուներ նաև 17-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Պատմական հարուստ ժառանգություն ունեցող գյուղերի հուշարձաններից շատերը ոչնչացվեցին դեռևս Սովետական իշխանության օրոք։ Մինչ օրս էլ շարունակվում է պատմական Հայաստանի նահանգների հուշարձանների ու հայկականության հետքի ոչնչացման գործընթացը, ինչը հովանավորվում է կառավարական ամենաբարձր մակարդակով։ «4 ընտանիքի 1 մեքենա են հատկացրել ու ժամանակ, որ լքեն գյուղը։ Մարդիկ մի կերպ իրենց շորերն են վերցրել։ Մարդկանց ստիպել են, սպառնացել են։ Բնակիչներ են եղել, որ ձորերով են փախել՝ թողնելով տարիների ստեղծածն ու դափ-դադարգյուն դուրս եկել՝ էն էլ սովետի վախտով։ Իսկ Մեծ Հայրենականին քանի՜ - քանիսն է մասնակցել, հերոսացել այդ գյուղերից։ Միայն Չարդախլուն քանի մարշալ, հերոս է տվել»... Բնակիչների մեծ մասը հաստատվել է Գեղարքունիքի մարզում։

«Ովքեր կարողացել են փոխանակում են արել, ովքեր չեն կարողացել տենց էլ մնացելա։ Հայրս գնացել էր գյուղ, որոշ բաներ վերցնելու, սակայն այնպիսի բաներ է տեսել, ու այնպես են սպառնացել, որ մենակ հասցրելա հատակին թափված լուսանկարները վերցնի ու մի կերպ փախնի։ Մորս հարազատ եղբայրը՝ Մեխակ Զաքարի Ծատուրյանը, Փառքի 3 աստիճանի շքանշանների ասպետ էր, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի Կարմիր աստղի շքանշանակիր։ 1947-ին էր զորացրվել՝ գյուղ եկել ու շարունակել գյուղի հոգսերով ապրել։ Հայրենական պատերազմի հերոսների գրքի առաջին էջը նրա նկարն ու կենսագրականն է տեղադրված։ Գաղթի ճանապարհին ինֆարկտը խփել՝ մահացել է։ Որ՝ ո՞ւմ համար եմ կռվել, ինչի՞ համար եմ կռվել, որ հիմա պիտի փախստական դառնամ... Դարդն ապրածը կիմանա կողքինի ցավը։ Հիմա էդ նույն դրության մեջ հազարավոր արցախցի մեր հայրենակիցներն են ու ես շատ լավ գիտեմ նրանց տառապանքն էլ, նրանց մտածմունքն էլ...»,- ասում է զրուցակիցս։

Անահիտ Պետրոսյան