Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին:

Հաջորդիվ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է ջրհեղեղի հետևանքով հասցված վնասների և օպերատիվ շտաբի կողմից իրականացված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ երկաթուղու վնասված հատվածը 2 կմ է՝ Այրում կայարանից մինչև Սանահին կայարան: Բացի 2 կմ հատվածից, վնասված են սյուներ, ենթակայաններ, հարակից այլ ենթակառուցվածքներ: Միջպետական ճանապարհներից վնասվել են Մ4 և Մ6 միջպետական ճանապարհները: Մ4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես 5-ը բավականին խոշոր են, հիմնականում Դիլիջանից Իջևան հատվածում է: Մ6 հատվածն ունի 43 վնասված հատված, 43-ից 5-ում ճանապարհն ամբողջովին վնասված է, 5 հատվածից 4-ը վերականգնվել է, 5-րդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Համայնքային և տեղական մոտ 20 կամուրջ է վնասվել: Հատկապես՝ Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունի և մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով: Երկու հատվածում կառուցվում են հետիոտնային կամուրջներ՝ Ախթալայի և Սանահինի հատվածում: Ջրային ենթակառուցվածքներում վնասվել են ջրագծեր, պոմպայականներ և այլ ենթակառուցվածքներ, որոնց մի մասը դեռ ջրածածկ է և ընդհանուր վնասների չափը գնահատել հնարավոր չէ: Դիլիջան քաղաքում մասնակի վերականգնվել է ջրամատակարարումը, մի շարք հատվածներում մասնակի է վերականգնվել: Ջրի հետ կապված խնդիր հիմնականում Ախթալա բնակավայրում է առկա, որտեղ ջրամատակարարումն իրականացվում է ջրատար մեքենայով: Էներգետիկ համակարգի վնասման հետևանքով շուրջ 17000 բաժանորդ հոսանքազրկվել է, աշխատանքներ են իրականացվում, արդյունքում՝ միայն 600-ն է շարունակում հոսանքազրկված մնալ: Գազամատակարարման մասով 19000 բաժանորդի գազամատակարարում կանգնեցվել էր, իրականացված աշխատանքների արդյունքում 18 600-ի գազամատակարարումը վերականգնվել է: Լոռու մարզի Տաշիր, Փամբակ համայնքներում իրենց տարբեր բնակավայրերով մի շարք ավերածություններ կան: ՏԿԵ նախարարը նշել է, որ կարիքների գնահատումն ու մատակարարումները կրում են շարունակական բնույթ, բարելավվում են ենթակառուցվածքները. «Աղետի մասշտաբները հսկայական են և բոլոր գերատեսչությունների ներգրավվածության կարիք կա: Մյուս կողմից՝ պետք է ծրագրեր մշակել, դրանք կլինեն աջակցող, խրախուսող, արտոնություններ, վարկային պատմություններ: Բավականին շատ բիզնես գործունեություն իրականացնող մարդիկ են տուժել, պետք է հասկանալ փոխհատուցման ծախսերն ինչպես իրականացնել և ինչ մեթոդներով: Նաև տարբեր քաղաքաշինական, բնապահպանական և այլ հարցեր կան, որոնք այս աղետի հետևանքով մեզ բոլորիս համար քննարկման, որոշումների և նաև կարծում եմ՝ իրավական փոփոխությունների անհրաժեշտություն կառաջացնի»:

Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք տարհանված և տուժած բնակչությունն ամբողջությամբ ապահովված է սննդով և խմելու ջրով, ինչին ի պատասխան նախարարը նշել է, որ այո, տարհանված 443 բնակիչներից միայն 44-ն են հյուրանոցներում բնակվում, մյուսները նախընտրել են բնակվել ծանոթների և բարեկամների մոտ, սակայն նրանց նույնպես իրականացվում են մատակարարումներ պարբերական բնույթով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում ռուսաստանցի գործընկերների, մասնավորապես՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործընկերների հետ երկաթգծի հետ կապված քննարկումներ է ունեցել. «Ռուսաստանցի գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր է ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է»:

Երկաթուղու վերականգնման առնչությամբ Գնել Սանոսյանը հավելել է. «Մենք ակտիվ աշխատում ենք գործընկերների հետ և հետևյալ լուծումն ենք գտել. հաշվի առնելով, որ Այրում կայարանից դեպի Ալավերդի բավականին ժամանակ կպահանջվի վերականգնելու համար, բեռները կտեղափոխենք մինչև Այրում կայարան: Այրում կայարանի հարակից հատվածում կա մի կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել, և երկար ժամանակ չի աշխատում, հիմա այդ երկաթգծային կամուրջը վերափոխում, դարձնում ենք կամուրջ, որի վրայով կարող են բեռնատարներ անցնել: Առաջիկա 2-3 օրերին կավարտենք, և այդ կամուրջը կծառայի, որպեսզի բեռնատարներն անցնեն գետով այն կողմ, Այրում կայարանից բարձեն տարբեր տեսակի բեռներ, այդ թվում՝ վառելիք, և մատակարարեն հանրապետությունով մեկ»:

Ըստ նախարարի՝ այս սխեման կաշխատի առաջիկա օրերին, քանի որ հեղեղումների պատճառով երկաթուղին նաև Վրաստանում է վնասվել. «Երեկ Վրաստանի փոխվարչապետի հետ եմ խոսել: Երեքշաբթի նախանշված է, որ կավարտեն: Մինչև այդ մենք կունենաք մեր կողմում արդեն կամրջի վերափոխում, և երկաթուղին կկարողանա աշխատել մինչև Այրում կայարան»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև կամուրջների և ճանապարհների շինարարության հարցին և նշել. «Մենք պետք է նորից անդրադառնանք ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին: Առաջինը՝ ստանդարտներին և երկրորդը՝ որակի հարցին, որպեսզի հասկանանք՝ մենք ընդհանրապես ճի՞շտ ենք սպասարկում ճանապարհները, կամուրջները, և ինչ պետք է նկատի ունենանք կամուրջ ասելով»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերներից ստացել են պատրաստակամության ուղերձներ՝ աջակցություն ցուցաբերելու. «Կարծում եմ՝ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն»:

Արձագանքելով՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան մի շարք միջազգային մեխանիզմներ, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում, և կան կոնկրետ միջազգային գործընկերներ, որոնք այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամություն են հայտնել, և կան գործընկերներ, որոնք մոդուլյար, ժամանակավոր կամուրջների հարցում կարող են մեզ օգնել: «Մենք հիմա հետևյալ փուլում ենք. պետք է առավելագույնս արագ հստակեցնել, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում միջազգային գործընկերներից, և այստեղ մեծապես հույսներս դնում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վրա: Այն պահին, երբ ամբողջական հստակ քանակների և տեսակների անվանումներ ունենանք, կարող ենք կոնկրետ արդեն դիմել»,- ասել է նախարարը:

Վարչապետը նշել է, որ եթե կոնկրետ առաջարկություն է արվում աջակցության, պետք է շեշտը դնել կամուրջների կառուցման վրա. «Կա մոդուլյար կարճաժամկետ, բայց նաև կապիտալ ներդրման տրամաբանությամբ պետք է ստանդարտներին համապատասխան կամուրջներ կառուցենք»:

Կառավարությունը սահմանել է պարզեցված ընթացակարգեր բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար

Գործադիրը սահմանել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար օրինապահության չափանիշներ և դրանց հիման վրա անձանց օրինապահության հավաստագրի տրամադրման կարգավորումներ։ Արդյունքում՝ համապատասխան չափանիշներին բավարարող անձանց համար կնախատեսվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր՝ կրճատելով տնտեսվարողների ժամանակային և ֆինանսական ծախսերը, իսկ մաքսային մարմինների համար հնարավորություն կստեղծի մաքսային հսկողության միջոցառումներն ուղղել առավել ռիսկային ոլորտներ՝ բարձրացնելով մաքսային հսկողության արդյունավետությունը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է. «Այս նախագծով ևս մենք քայլ ենք իրականացնում ՀՀ կառավարության ծրագրով նախանշված ուղղություններից մեկով, ըստ որի՝ ունենք քաղաքականություն, որ օրինապահ հարկ վճարողների կյանքը հնարավորինս անհրաժեշտ է պարզեցնել, զերծ պահել ավելորդ հսկողությունից և վարչարարությունից, փոխարենը՝ ռիսկերի կառավարման համակարգի միջոցով հարկային վարչարարություն և մաքային վարչարարություն իրականացնել ավելի ռիսկային ոլորտներում և ռիսկային հարկ վճարողների մոտ»:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ որոշմամբ մաքսային ոլորտում օրինապահ հարկ վճարողին խրախուսելու գաղափարն է իրագործվում: Ռուստամ Բադասյանը նշել է, որ հարկային օրենսդրությամբ արդեն նմանատիպ համակարգ գործում է և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող սուբյեկտներին տալիս է մի շարք առավելություններ, օրինակ՝ ԿԲ-ի կանոնակարգերով նախատեսված է վարկի տրամադրման համար ավելի ցածր ռիսկայնություն, նախատեսված է, որ ԱԱՀ-ի վերադարձի առավելագույն ժամկետն է ավելի կրճատ նման հարկ վճարողների համար: «Ներկայացնեմ, թե մաքսային ոլորտում ինչ չափանիշների պետք է համապատասխանեն տնտեսվարող սուբյեկտներն օրինապահ դիտվելու, հավաստագիր ստանալու համար և ինչ առավելություններից կարող են օգտվել: Անձը պետք է գործի ընդհանուր հարկման համակարգում, ԱԱՀ վճարող լինի, ժամկետանց պարտավորությունների բացակայություն պետք է լինի, հարուցված և չավարտված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների, սկսված և չավարտված մաքսային ստուգումների բացակայություն, տվյալ անձի կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և չավարտված քրեական վարույթների բացակայություն և այլ մի քանի չափանիշ»,-ասել է ՊԵԿ նախագահը:

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նաև, թե օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ստանալուց հետո ինչ առավելություններ կարող են ունենալ: Մասնավորապես, պարզեցված ընթացակարգերից կարող են օգտվել. մաքսային գործառնությունների առաջնահերթ կարգով իրականացում, մաքսային հսկողության առանձին ձևերի առաջնահերթ իրականացում, ապրանքների ավտոմատ բացթողման ընթացակարգերի կիրառություն, մաքսային գործառնություններին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, նախնական հայտարարագրման ընթացակարգի կիրառության միջոցով ապրանքների բացթողում սահմանային մաքսային կետերում:

ՊԵԿ նախագահը հիշեցրել է, որ նախնական մաքսային հայտարարագրման համակարգն արդեն 2 տարի կիրառվում է: 2022 թվականի համեմատ համակարգից օգտվողների թվի 173 տոկոսով աճ է արձանագրվել. «Եթե 2022 թվականին 3976 բեռնատար սպասարկել ենք այս համակարգի միջոցով, ապա 2023-ին՝ 16 746 բեռնատար: Այսինքն՝ օգտվողների քանակը 4.2 անգամ ավելացել է: Մեր հաշվարկով՝ միայն 2024 թվականին 200 մլն դրամ տնտեսվարող սուբյեկտները խնայել են մաքսազերծման պրոցեսում այս համակարգից օգտվելու միջոցով»:

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նաև մաքսային այլ ընթացակարգերի պարզեցման վիճակագրական տվյալներ. «Մենք ունենք երկակի և ռազմական նշանակության կոդերով ապրանքներ, և որպեսզի կողմնորոշվենք, թե մաքսազերծման պրոցեսում թույլատվական փաստաթուղթ անհրաժեշտ է, թե ոչ, կան երկու տարբեր հավատարմագրման մարմիններ: Դրանք հիմնականում երկուսն են, որոնք որոշակի վճարի դիմաց տալիս են եզրակացություն՝ այդ ապրանքի թույլատվական փաստաթղթի համար անհրաժե՞շտ է դիմել համապատասխան մարմին, թե՞ ոչ: Ռազմական նշանակության ապրանքների դեպքում այդ վճարի չափը 12 հազար դրամ է, իսկ երկակիի դեպքում՝ 60 հազար դրամ: Մենք տեսել ենք, որ մի շարք դեպքերում նման անհրաժեշտութուն չկա 2-3 օրով ներմուծման պրոցեսը երկարացնելու, որպեսզի դիմեն այդ մարմիններին և վճարի դիմաց ստանան այդ փաստաթղթերը: Մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի մոտ ավելացրել ենք գործառույթ, որպեսզի ինքներս գնահատենք և եթե անհրաժշետ չէ նման փաստաթուղթ, այլևս չուղղորդենք հավատարմագրման մարմիններ: Եվ մեկ ամսվա վիճակագրությունն այդ մասով հետևյալն է՝ 2-4 աշխատանքային օրով կրճատել ենք մաքսազերծման գործընթացը և տնտեսվարողների համար ընդամենը 1 ամսում խնայել ենք 13 մլն դրամի լրացուցիչ պարտավորություններ»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել. «Այս և նախորդիվ կայացված որոշումների իմաստը հետևյալն է, որ ինչքան տնտեսվարողն օրինապահ է, մենք իրեն այնքան շատ ենք վստահում և ինչքան շատ ենք վստահում, այնքան քիչ ենք ստուգում: Այս և նման որոշումներով ձևավորվում է այն ստանդարտը, թե որ դեպքում ենք ավելի շատ վստահում և ինչ չափանիշներ պետք է ունենա ընկերությունը, որպեսզի ներմուծելիս և արտահանելիս ավելի քիչ ստուգվի: Սա մի գործընթաց է, որը տեղավորվում է մեր տնտեսական գործունեության համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու ռազմավարության մեջ, որպեսզի օրինապահ հարկ վճարող գործարարները ոչ միայն խոչընդոտ չզգան, այլև զգան պետության և կառավարության աջակցությունը: Բովանդակության առումով լավ որոշում է, մնում է, որ պրակտիկան էլ համապատասխանի այն բովանդակությանը և նպատակադրումներին, որոնք մենք ձևակերպել ենք բազմաթիվ փաստաթղթերում և շեշտադրումներում»:

Հաստատվել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը: Ըստ հիմնավորման՝ 2022 թ. մեկնարկած ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչներից է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրելու և վերլուծելու գործընթացը։ Համակարգը խթանիչ գործիք, է անասնաբուծական արտադրանքի կանխատեսման ճշգրտության բարձրացման, կենդանիների վերարտադրության հետագծելիության, կենդանիների տեղաշարժի վերահսկման, թաքնված գլխաքանակի բացահայտման, ապահովագրական մեխանիզմների մշակման համար, ինչպես նաև անասնահամաճարակային կայուն վիճակի ապահովմանը միտված գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողական ծրագրերի մշակման և իրականացման համար։ Ներկայումս հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) գլխաքանակը համարակալված չէ: Ծրագիրը կնպաստի պարենային անվտանգության ապահովման ողջ արժեշղթայում՝ միջպետական և միջազգային համագործակցության, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցության շրջանակում տեղեկատվության փոխանակման, ստանդարտների տեղայնացման, ընթացակարգերի և չափանիշների ներդրման աշխատանքների իրականացմանը: Որոշմամբ նախատեսված է նաև միջոցառումների իրականացման համար, ըստ կենդանատեսակի, մեկ պայմանական գլխի հաշվարկման համար սահմանված գործակից։ Նախատեսվում է նաև անասնաբույժների շրջանում վերապատրաստման դասընթացների անցկացում, որն ուղղված է ռիսկի հաղթահարմանը՝ համապատասխան մասնագիտական գիտելիքի և հմտության բացակայությունը կարող է ռիսկային լինել միջոցառման իրականացման ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով ԽԵԿ–ի և ՄԵԿ-ի տեղաշարժի վերահսկումը և հետագծելիության բարելավումը, նախրի կառավարումը և տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակ։ 2022 թ.-ին իրականացվել է ԽԵԿ-ի 163 137 գլուխ, 2023 թ.-ին՝ 428 081 գլուխ համարակալում և հաշվառում։ 2024 թ.-ին նախատեսվում է 195 400, 2025 թ.՝ 195 400, 2026 թ.՝ 195 400 հատ ԽԵԿ-ի համարակալում, և 2025 կամ 2026 թվականին՝ շուրջ 1 000 000, 2026 թ.՝ շուրջ 700 000 հատ ՄԵԿ-ի համարակալում։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը նաև արտակարգ իրավիճակների ժամանակ վնասի գնահատում իրականացնելու առումով:

Կապահովվի Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարված աղետի գոտիներում արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի գնահատումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համակարգված ապահովել մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարված աղետի գոտիներում պատճառված վնասի գնահատումը։ Որոշմամբ՝ առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի համապատասխան որոշման մեջ, ճշգրտել իրավասու մարմինների շրջանակը, որը կապահովի պատճառված վնասի անխոչընդոտ գնահատումը։ Բացի այդ, նախատեսվում է լրացում կատարել անշարժ գույքի նույնակականցման տվյալների մասով՝ հաշվի առնելով, որ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման փուլում գործնականում հաճախ են դեպքերը, երբ հնարավոր չէ նույնականացնել վնասված անշարժ գույքը, որի դիմաց փոխհատուցում պետք է տրամադրվի:

Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան

Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը 2024 թվականի հունիսի 1-ից 300 000 դրամի փոխարեն կդառնա 1 մլն դրամ: Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկները միասին ամսական ընդհանուր առմամբ ստանում են 5.000.000 դրամ՝ ներառյալ հարկերը և տուրքերը: Հունիսի 1-ից 11 մարզիկ միասին կստանան ամսական 13.750.000 դրամ: Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը. երեք ամսվա համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ գումարը կկազմի 26.250.000 դրամ: Մեկ այլ փոփոխությամբ՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ չունեցող և նպաստի շահառու հանդիսացող մարզիկներին նպաստը տրամադրվում է մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա մեկը, եթե նրանք վարկանիշ ձեռք չեն բերում: Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակում վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողները, մրցանակակիրները, ինչպես նաև Օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղը գրաված մարզիկները և օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի հավաքական թիմերի մարզիչները, բժիշկներն ու մերսողները ՀՀ կառավարության ծրագրով սպորտային նպաստ են ստանում: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեով նախատեսված է 297,062.500 դրամ:

Կերկարացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի գործողության ժամկետը

Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի գործողության ժամկետը երկարացնելու, ծրագրի որոշ դրույթներ և ֆինանսավորման ժամկետը հստակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում: Կարգավորման նպատակն է` փորձնական ծրագրի շրջանակում ապահովել պետական աջակցությամբ տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրումը։ Ըստ այդմ, առաջարկվում է երկարացնել ծրագրի գործողության ժամկետը՝ հաշվի առնելով, որ կապալառուի ընտրության մրցույթի չկայացման պայմաններում ծրագիրը կարող է ավարտվել 2025 թ., հստակեցնել ֆինանսավորման ժամկետը և տարընկալումից խուսափելու համար՝ տնամերձ հողամասի չափի վերաբերյալ դրույթները։

Մեքենաների խլացուցիչների կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ ժամանակավոր արգելքը 6 ամսով կերկարաձգվի

Կառավարության որոշմամբ 6 ամսով կերկարաձգվի արտահանման ժամանակավոր արգելքը՝ ՀՀ տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա: Ըստ հիմնավորման՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, մասնավորապես՝ առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք

Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա 2022 թ.՝ 4700 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020 թ.՝ 300 տոննա, 2021 թ.՝ 300 տոննա, 2022 թ.՝ 600 տոննա, 2023 թ.՝ 600 տոննա): Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում: Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1604 32 001 0 և 0511 91 901 ծածկագրերինն դասվող Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմանբ:

Օրենսդրական նախաձեռնություններ. կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները

Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերով հստակեցվում են նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման, նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված հետևանքի կիրառման պայմանները, հատկացված ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով ստանալու հնարավորություն է ընձեռվում նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպաների համար: Ինչպես նաև հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող ու դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող եղբայրների կամ ծառայության մեջ եղբոր գտնվելու դեպքում մյուս եղբոր զորակոչի դեպքում նույն զորամասում ծառայելու պայմանները, որոնց համաձայն՝ զորակոչվող եղբայրն ուղարկվում է ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցել 17 ամիսը կամ հայտարարված զորակոչի շրջանակներում այդ զորամասը ենթակա է համալրման: Վերլուծությունը ցույց է տալիս, որ ծառայության վերջին 6 ամսվա (18+) համեմատությամբ, առավել մեծ թիվ են կազմում եղբոր 17-ից մինչև 18 ամսվա ծառայության միջակայքում մյուս եղբոր զորակոչի դեպքերը, որոնց պարագայում հնարավոր չի լինում բավարարել եղբոր ծառայության վայրում ծառայելու վերաբերյալ դիմումները, ինչն առաջին հերթին առաջացնում է զինծառայողների ծնողների դժգոհությունը: Միաժամանակ, արձանագրվել են դեպքեր, երբ զորակոչվող անձի եղբոր զորամասում նախատեսված է եղել համալրում՝ սակայն միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար, սակայն զորակոչվող անձը չի ունեցել նման մասնագիտացում: Օրենքով եղբոր ծառայության զորամասում նշանակվելու սահմանափակում առկա չէ, քանի որ տվյալ զորամասում նախատեսված է համալրում, սակայն փաստացի հնարավոր չէ զորակոչվողին ուղարկել այդ զորամաս, քանի որ համալրումը նախատեսված է միայն կոնկրետ մասնագիտացման շրջանակներում: Առաջացած խնդիրները լուծելու նպատակով, նպատակահարմար է գտնվել 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս, ինչպես նաև եղբոր ծառայության վայր ուղարկելու վերաբերյալ զորակոչվողի դիմումը մերժել նաև այն դեպքերում, երբ տվյալ զորամասում համալրում նախատեսված է միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար և զորակոչվող եղբայրը չունի համապատասխան մասնագիտացում:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվող կարգավորմամբ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող ազատազրկման դատապարտված անձինք պատիժը կկրեն բուժական քրեակատարողական հիմնարկում: Արդյունքում ակնկալվում է պատշաճ կազմակերպել ազատազրկման դատապարտված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը:

Հավանություն է տրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում կամրագրվի ՀՀ կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու իրավունքը՝ դրանով սահմանելով ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու պարագայում իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան լիազորող նորմ:

Միջազգային համագործակցություն

Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում երկու որկրների մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում ակտիվ համագործակցության ձևավորման, երկկողմ հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման համար։ Նախագծով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ոլորտների, փաստաթղթաշրջանառության, փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման հիմքերի ու դեպքերի, ինչպես նաև այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի հետ կապված իրավակարգավորումները։ Համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանն ու կանխարգելմանը, տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման դյուրացմանն ուղղված ուղիների ստեղծմանը։ Արդյունքում՝ կկարգավորվեն երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայությամբ պայմանավորված՝ տեղեկատվության փոխանակման և հարցումների իրականացման ընթացքում ծագող խնդիրները։ Երկու երկրների մաքսային մարմինների միջև փոխադարձ օգնության ցուցաբերումը կնպաստի նաև ՀՀ մաքսային օրենսդրության պատշաճ կիրառմանը՝ համաձայնագրի շրջանակներում նախատեսվող փոխգործակցության արդյունքում ընթացիկ խնդիրների հայտնաբերման, կանխարգելման և կարգավորման համատեքստում։

«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում լավագույնը ճանաչված 6 թիմ ուղիղ դրամաշնորհ կստանա

«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում մրցութային հանձնաժողովի առանձնացրած 6 թիմին ուղիղ դրամաշնորհ հատկացնելու անհրաժեշտությամբ՝ գործադիրն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերում լավագույնն են ճանաչվել 3-ական թիմ: «Ներուժ» ծրագիրն ուղղված է սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար Հայաստանում գործունեության գրավչության բարձրացմանը, տարբեր աշխարհագրական, սոցիալական և մշակութային իրականություններում ապրող անհատների փորձի և գիտելիքների փոխանակմանը, սփյուռքահայ տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգին ծանոթացնելուն, ինչպես նաև նպաստելու մասնագիտական հայրենադարձությանը և խթանելու համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում, ինչով էլ պայմանավորված է ծրագրի բացառիկությունը: Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է նաև արտերկրյա ստարտափ մշակույթի և փորձի հայաստանյան տնտեսական միջավայր ներմուծելու անհրաժեշտությունը:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշմամբ «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը Արագածոտնի մարզի, Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրին կից տարածքում հիմնել է 100 հա մակերեսով տանձի ինտենսիվ այգի։ Ներկայացված ներդրումային ծրագրով ընկերությունը նախատեսում է նույն տարածքում հիմնել 7644 տ տարողությամբ կամ 23576 խմ ծավալով մրգերի պահպանման սառնարան։ Նշված տարածքում ընկերությունը նախատեսում է տեղադրել նաև մրգերի տեսակավորման սարքավորում, որը հնարավորություն կտա բարձրորակ մրգեր մատակարարել ինչպես տեղական այնպես էլ արտաքին շուկաներին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.17 մլրդ դրամի ներդրում՝ ապրանքների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 14 աշխատատեղ, մինչև 2029 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 32-ի՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.17 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 109 մլն դրամ։

Մեկ այլ որոշմամբ էլ բավարարվել է «Մետալ ուորլդ» ՍՊԸ-ի հայտը՝ մաքսատուրքից ազատելու արտոնությունից գտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել թիթեղյա տարաների և կափարիչների արտադրության համար՝իրականացնելով 115 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 35 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 38-ի՝ 250,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 10 մլն դրամ։

Այլ որոշումներ. Վայոց ձորի Մարտիրոս բնակավայրում դպրոց կկառուցվի

Կառավարությունը որոշել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Մարտիրոս 1-ին փողոց 1-ին նրբանցք 2 հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Մարտիրոս գյուղի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։

Գործադիրն ընդունել է որոշում, որի արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի կամ ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները կկիրառվեն 2025թ. հունվարի 1-ից:

Կառավարության որոշմամբ՝ Ներքին գործերի նախարարության հաշվեկշռից կհանվի 104 միավոր տրանսպորտային միջոց՝ հետագայում օտարման նպատակով: Տրանսպորտային միջոցներն ամրացվել են Պետական գույքի կառավարման կոմիտեին: