Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Աջակցիր «Ա1+»-ին«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2024» զեկույցը։
Այսպես՝
· 2024թ. ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.73 ինդեքսով Հայաստանը 119 երկրների շարքում 72-րդն է։ 2019թ. համեմատ Հայաստանի ինդեքսը նվազել է 2.4%-ով, իսկ վարկանիշային դիրքի առումով արձանագրվել է հետընթաց՝ 8 հորիզոնականով։
· Հայաստանի ինդեքսը 5.9%-ով պակաս է համաշխարհային միջին (3.96 միավոր) և 12.4%-ով մեր տարածաշրջանային խմբի՝ «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի տարածաշրջանային միջին (4.26 միավոր) ցուցանիշից։
· Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի բոլոր ենթաինդեքսների գծով 2024-ին արձանագրվել է Հայաստանի վարկանիշային դիրքի վատթարացում։
· «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով շոշափելի վատթարացում է արձանագրվել ՀՀ-ի թե՛ գնահատականի և թե՛ վարկանիշային դիրքի առումով։ Հատկապես մտահոգիչ են այս ենթաինդեքսի մեջ ներառված «Գնային մրցունակություն» հիմնասյան գծով արձանագրված բացասական փոփոխությունները (այս հիմնասյան գնահատականը 2019թ. համեմատ նվազել է 8.8%-ով, իսկ դիրքը վատթարացել է 15 հորիզոնականով), քանի որ դրանք վկայում են միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչության կտրուկ նվազման մասին։ Գնային մրցունակության նվազմանը, անկասկած, նպաստել է նաև դրամի արժևորումը։
· Վատթարացումը զգալի է նաև «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի կայունություն» ենթաինդեքսի գծով՝ գնահատականի 7.5%-ով անկում և դիրքի 49 հորիզոնականով նահանջ։ Հատկանշական է, որ ինդեքսի բոլոր 17 հիմնասյուներից ամենամեծ վատթարացումն արձանագրվել է հենց այս ենթաինդեքսում ներառված «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի սոցիալ-տնտեսական ազդեցություն» հիմնասյան գծով. հիմնասյան գնահատականը նվազել է 18.8%-ով, իսկ դիրքը վատթարացել է միանգամից 58 հորիզոնականով։ Այս հիմնասյան գծով վատթարացումը խիստ մտահոգիչ է այն պատճառով, որ դրանով «չափվում» է երկրի տնտեսության վրա ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ազդեցության ուժեղությունը։ Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ տնտեսական աճի վրա ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի աճի ազդեցությունն էապես թուլացել է։
· Չնայած Հայաստանի ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսը 2019թ. համեմատ 2024թ. նվազել է, 2018-2023թթ. ժամանակահատվածում Հայաստան այցելուների թիվն աճել է՝ 40.2%-ով (1.65 մլն-ից մինչև 2.32 մլն)։ Իրականում, սա հաստատում է այն պնդումը, որ այս աճը չի կարելի ներկայացնել որպես ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի զարգացման և իրականացվող բարենպաստ քաղաքականության
արդյունք, այլ այն պարզապես արտածին (ժամանակավոր) գործոնների ազդեցության հետևանք է և, մասնավորապես, պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության հետևանքով արտերկրից մարդկանց մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառման պատճառով այդ երկրի քաղաքացիների զբոսաշրջային ուղղությունների հարկադրված փոփոխությամբ։
· 2024թ. ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով և վարկանիշային դիրքով Հայաստանը զգալիորեն զիջում է հարևան չորս երկրներից երեքին՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին (իսկ Իրանին շատ աննշան է գերազանցում)։ Ավելին, 2019թ. համեմատ տարածաշրջանում միայն Հայաստանն է ունեցել վարկանիշային դիրքի նահանջ։
· Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր հարևաններին։
· «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» ենթաինդեքսի ցածր լինելը չափազանց մտահոգիչ է։ Նախ այն պատճառով, որ այս ենթաինդեքսի գծով Հայաստանը վարկանիշային աղյուսակում հետնապահների թվում է՝ գնահատականն ընդամենը 1.46 է՝ զբաղեցնելով վերջից 8-րդ հորիզոնականը։ Մտահոգության մյուս պատճառն այն է, որ այսպիսի ցածր գնահատականից հետևում է որ Հայաստանը բնության գեղատեսիլ վայրերի, կենդանական ու բուսական բազմազանության և մշակութային ժառանգության առումով գրավիչ երկիր չէ, իսկ դա վկայում է տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին և պոտենցիալ զբոսաշրջիկներին Հայաստանի իրական պատկերը ներկայացնելու ուղղությամբ պատկան մարմինների անարդյունավետ աշխատանքի մասին։ Այս պնդման օգտին է խոսում այն հանգամանքը, որ մեր հարևան երկրների (որոնք այս ենթաինդեքսի համար հաշվի առնվող գործոնների առումով, ըստ էության, Հայաստանից ավելի շահեկան պայմաններ չունեն) գնահատականները շատ ավելի բարձր են։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ