Բացել լրահոսը Փակել լրահոսը
66
A A
Պաշտոնական

Կոնգրեսականներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը ԼՂ-ի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը ներկայացրել են երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումները և կոչ են անում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր ցեղասպանական ագրեսիայի համար։

Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։

«Անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումը հանգեցրեց էթնիկ հայկական համայնքի անհետացմանը, որը դարեր շարունակ տարածաշրջանն անվանել է հայրենիք: Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների բոլոր սահմանումներին և որպես այդպիսին պետք է դատապարտվեն», - ասել է պատգամավոր Աննա Էշուն՝ հավելելով, որ Կոնգրեսին ներկայացված բանաձևը հստակ արձանագրում է հայ ժողովրդի դեմ իրագործված վայրագությունները և նախանշում է այն կարևոր քայլերը, որոնք ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի այդ հանցագործությունների համար արդարադատությունն ու պատասխանատվությունը իրականացնելու համար:

Ներկայացրած բանաձևի մյուս հեղինակը՝ Քրիս Սմիթն, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունները և էթնիկ զտումները չեն ջնջում հայերի իրավունքն՝ ապրելու իրենց հինավուրց հայրենիքում խաղաղ ու ազատ, դավանելու սեփական հավատքը, հետևելու սեփական սովորույթներին և խոսելու իրենց սեփական լեզվով։ 

«Մեր երկկուսակցական օրենսդրությունը կոչ է անում Բայդենի վարչակազմին ակտիվորեն աջակցել հայերի իրավունքներին՝ ընդդեմ բռնապետ Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների»,- մանրամասնել է Սմիթը։

Բանաձևը կճանաչի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը՝ որպես էթնիկ զտումների ակտ և կոչ է անում վարչակազմին հրապարակային վճռականություն ցուցաբերել։ 

Բացի այդ, բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգներին նպաստել Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հաստատմանը, որը կապահովի ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական գերիների, այդ թվում՝ ԼՂ-ի նախկին քաղաքական առաջնորդների ազատ արձակումը և երաշխավորում է հայերի՝ անվտանգության երաշխիքների ներքո իրենց տները վերադառնալու իրավունքը։

«Չհանդիպելով Արցախի էթնիկ զտումների համար նյութական տույժի կամ հետևանքների՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալ նոր բռնություններով՝ Հայաստանից ավելի միակողմանի զիջումներ ստանալու նպատակով։ Արդար և տևական խաղաղությունը պետք է սկսվի պատասխանատվությունից: Մենք գովաբանում ենք ներկայացուցիչներ Էշույին և Սմիթին Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիան դատապարտելու հարցում իրենց համարձակ առաջնորդության համար՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել հայ գերիների և պատանդների ազատ արձակման համար, ինչպես նաև ճնշում գործադրել Արցախի հայերի՝ միջազգային պաշտպանության ներքո անվտանգ կերպով իրենց տները վերադառնալու համար»,- նշել է ANCA-ի տնօրեն Արամ Համբարյանը։

Պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին ԼՂ-ում էթնիկ զտումների համար՝ Էշու-Սմիթի բանաձևը նաև կոչ է անում Բայդենի վարչակազմին նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղսակից են մարդու իրավունքների ոտնահարմանը և կիրառել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության կանոնադրական արգելքները՝ համաձայն 907-րդ բանաձևի։