Բացել լրահոսը Փակել լրահոսը
449497232_433672376298259_3774181562450883785_n
A A
Պաշտոնական

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության

Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունները Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարար Վահե Ղազարյանը տեղում տվել է հանձնարարականներ, հայտնում են ՆԳՆ-ից։
 
Քաղաքացիների անվտանգության և հասարակական կարգի ապահովման նպատակով հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը և Փրկարար ծառայությունը Սևանա լճում և առափնյա հատվածում անցել են ուժեղացված ծառայության:
 
Հուլիսի 1-ին Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության անձնակազմերին է հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության ղեկավար կազմը։
 
Անփորձանք ծառայություն մաղթելով պարեկներին ու փրկարարներին՝ Վահե Ղազարյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ պատահարների, հանցագործությունների, իրավախախտումների դեպքերը կանխարգելելու, դրանք կանխելու միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ։
 
Նա հորդորել է ջրային պարեկ-փրկարար համագործակցված ու հետևողական ծառայությամբ առավելագույնս ջանք գործադրել հանգստացողների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, իսկ իրավախախտների նկատմամբ լինել անհանդուրժող:
 
Վահե Ղազարյանը տեղում ծանոթացել է ծառայության տեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը, մասնավորապես՝ լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին և այլն:
 
Ջրային պարեկները ծառայություն են իրականացնելու նաև Սևանա լճի հարակից ճանապարհներին՝ ուշադրության կենտրոնում պահելով իրավախախտում կատարած վարորդներին, իսկ ոչ սթափ վարորդների նկատմամբ կկիրառվի խիստ պատժամիջոց:
 
Սևանա լճում իրենց հանգիստն անցկացնել նախընտրող մեր քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ՆԳ նախարարությունը հորդորում է լինել օրինապահ, պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները և հասարակական կարգը: