Փաշինյանը հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երկրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 30-ից:
Մրցումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցել է 18 թիմ:
Մարտական փոխանցումավազքի մրցումներում հաղթող է ճանաչվել և զբաղեցրել առաջին տեղը ՊՆ ռազմական ակադեմիայի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՆ երրորդ բանակային կորպուսի, իսկ երրորդը հորիզոնականը՝ Հատուկ բանակային կորպուսի թիմը: Բանակային խաղերի ընդհանուր մրցումներում կրկին առաջին երկու հորիզոնականները զբաղեցրել են ՊՆ ռազմական ակադեմիայի և ՊՆ երրորդ բանակային կորպուսի թիմերը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Պետական պահպանության ծառայության թիմը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցումների մասնակիցներին բանակային խաղերին մասնակցության համար և ընդգծել, որ ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մրցումները լրացուցիչ հնարավորություն են՝ առողջ ապրելակերպի նկատմամբ ևս մեկ անգամ ուշադրություն գրավելու համար:
Առաջին օրը մրցումներն անցկացվել են «Կողմնորոշում» մրցաձևից: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի շրջանակում անցկացվել են նաև տարբեր զենքերից
հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:
Ռազմականացված քառամարտ, ռազմականացված կրոսավազք, կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևավճարով`1-ին տեղ՝ 1 000 000 դրամ, 2-րդ տեղ՝ 500 000 դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 դրամ, 1-ին տեղ գրաված թիմը՝ գավաթով:
Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևավճարով` 1-ին տեղ՝ 300 000 դրամ, 2-րդ տեղ՝ 200 000 դրամ, 3-րդ տեղ՝ 150 000 դրամ:
Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն՝ համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթով: