Բացել լրահոսը Փակել լրահոսը
hl-45779209505
A A
Պաշտոնական

Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագետներն այցելել են «Իմ քայլը» հիմնադրամ

Հուլիսի 12-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագետները այցելել են հիմնադրամ, ծանոթացել ավարտված, իրականացվող և իրականացման փուլում գտնվող ծրագրերին:  

 Այդ մասին հայտնում են Հիմնադրամից։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու համար, կիսվել հիմնադրամի տեսլականով, առաքելությամբ և աշխատանքի արդյունքներով: «Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը՝ թող իր սեփական ոտքերին». «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հավատարիմ է այս փիլիսոփայությանը և այս եզակի մարդասիրական առաքելությանը՝ շեշտել է Աննա Հակոբյանը:  

 

«Իր հիմնադրումից՝ 2018 թվականից ի վեր, «Իմ քայլը» հիմնադրամը կազմակերպել, մշակել և իրականացրել է երկարաժամկետ զարգացման ծրագրեր ամբողջ երկրի տարածքում կրթության, մասնագիտական ​​կողմնորոշման, գիտության, տեխնոլոգիաների, տնտեսական ու սոցիալական զարգացման և հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ​​վերապատրաստման ոլորտներում, որոնք հիմնադրամի ռազմավարական նպատակներին հասնելու հիմնական հիմնասյուներն են: Հիմնադրամը կենտրոնացած է Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման վրա, որպեսզի յուրաքանչյուր անհատ դառնա ինքնաբավ և ունենա արժանապատիվ կյանք, ինչը դրական մեծ ազդեցություն կունենա»,- հիմնադրամի առաքելությունն ամփոփ ներկայացրել է գործադիր տնօրենը:  

 

Հիմնադրամի գործադրած ջանքերը բազմապատկելու գործում դիվանագետները կարող են կարևոր դեր ստանձնել՝ ընդգծել է Աննա Հակոբյանը:  

«Որպես դեսպաններ, դուք եզակի և ազդեցիկ դիրք եք զբաղեցնում միջազգային գործակցության, մշակութային փոխըմբռնման խթանման գործում, և ձեր աջակցությունը կարող է էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ՝ բարձրացնելով իրազեկվածությունը, նպաստելով ձեր երկրներում համախոհ կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի հետ գործընկերությանը՝ ձեր հարթակների, կապերի և դիվանագիտական ​​օղակների օգտագործման միջոցով: Ձեր աջակցությունը ռեսուրսների մոբիլիզացման գործում՝ լինի դա ֆինանսավորման, իրական ներդրումների կամ մասնագետների, փորձի փոխանակման միջոցով, կարող է էապես բարձրացնել մեր կարողությունները՝ մեր առաքելությունը կյանքի կոչելու ճանապարհին»,- շեշտել է Աննա Հակոբյանը: 

Դեսպանների ազդեցությունը կարող է օգնել ձևավորել այնպիսի քաղաքականություն, որը խթանում է ներառականությունը, մատչելիությունը և խոցելի համայնքների ու խմբերի իրավունքները՝ ապահովելով կայուն և համակարգային փոփոխություններ: «Իմ քայլը» հիմնադրամը հավատարիմ է իր նպատակներին և բարգավաճում է գործընկերների, ընկերների, անհատ դոնորների, համախոհ կազմակերպությունների ու հիմնադրամների աջակցության և վստահության շնորհիվ՝ ելույթում ընդգծել է հիմնադրամի գործադիր տնօրենը:  

«Բարեգործության միջոցով մենք կարող ենք համատեղել մեր ռեսուրսները, փորձը և էներգիան՝ մարտահրավերներին դիմակայելու համար: Մարդկանց ծառայելու այս գործում մենք ոչ միայն գտնում ենք ուրիշների կյանքի որակը բարելավելու ճանապարհ, այլ նաև հարստացնում ենք մեր սեփական կյանքը և կառուցում ենք ավելի կարեկից հասարակություն»,- նշել է Աննա Հակոբյանը:  

Ողջույնի ելույթից հետո «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը հյուրերին ներկայացրել է իրականացվող՝ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական, «Հորիզոններ» դուալ կրթական, «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրերը և «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնությունը, որի արդյունքում 42 սկսնակ կին գործարարներ արդեն ստացել են 1-ական մլն դրամ ֆինանսական աջակցություն: 

Թալին Թօփալաքեանը պատմել է նաև այս պահին մշակման ու իրականացման փուլում գտնվող երկու ծրագրի մասին: Առաջինը «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու ծրագիրն է, որտեղ աշխատելու են ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող երիտասարդներ: Արդյունքում շփումը հասարակության հետ կավելանա և կունենա հոգեբանական մեծ ազդեցություն: Երկրորդ ծրագիրը ևս սոցիալական է: Նախատեսվում է վերանորոգել անմխիթար վիճակում գտնվող «Փրկություն» կենտրոնի շենքը, ուր հաճախում են ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող մեծահասակներ:  

Շնորհանդեսից հետո դիվանագետները անմիջական զրույցներ են ունեցել Աննա Հակոբյանի, հիմնադրամի փոխտնօրենների, ծրագրերի ղեկավարների հետ, ավելի մանրամասն ծանոթացել ընթացիկ ծրագրերին: Շփումների արդյունքում գործակցության նոր եզրեր են նախանշվել որոշ երկրների դեսպանների հետ, որոնք խոստացել են նախաձեռնությունների մասին պատմել իրենց երկրներում և աջակցել դրանց իրականացմանը:  

 

Միջոցառմանը ներկա են եղել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների 15 երկրների դեպաններ ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: