Բացել լրահոսը Փակել լրահոսը
f0799b9e-842f-454a-8b0b-a9d2110f5b58
A A
Հարցազրույց Մշակույթ

18 տարվա ընթացքում հավաքված ու պահպանված մշակութային ու պատմավավերագրական, գիտական մեծ ժառանգությունը մնացել է Շուշիում․ ՀԿ նախագահ

Ա1+-ի հարցազրույցը ««Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանի հետ

-Պարոն Հարությունյան, նախ խոսենք «Կաճառ» գիտական կենտրոնի գործունեության մասին՝ Արցախում։ Երբ է այն հիմնադրվել և ի՞նչ խնդիրներ էր իր առջև դրել։

- «Կաճառ» գիտական կենտրոնը հիմնադրվել է 2006 թ. փետրվարի 20-ին Շուշի քաղաքում՝ նախ և առաջ այդ հինավուրց բերդաքաղաքի հոգևոր-մշակութային, գիտակրթական զարթոնքին ու հետագա զարգացմանը նպաստելու նպատակով: Զբաղվում էր հետազոտական, վերլուծական գործունեությամբ, ռազմավարական ուսումնասիրություններով ու վերջնամշակումներով, առաջարկում էր խորհրդատվական, գիտակրթական ծառայություններ, տալիս էր սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական ընթացիկ գործընթացների փորձագիտական գնահատականները, կանխատեսումներ էր անում և գեներացնում իրադարձությունների հետագա զարգացման բեմագրեր: Նույն թվականին հրատարակվել են «Կաճառ» տեղեկագրի 9 համարներ, իսկ 2007 թ. որոշվել է հրատարակել համանուն տարեգիրք՝ նվազագույնը 15 մամուլ ծավալով: Առայսօր տպագրվել է «Կաճառ» տարեգրքի 16 հատոր՝ յուրաքանչյուրը 15 և ավելի մամուլ ծավալով: Մինչև 2020 թ. նոյեմբերի 9-ը Կենտրոնի հայագիտական գրադարանում հավաքվել, դասակարգվել է շուրջ երեսունհինգ հազար գրադարանային միավոր: Ստեղծվել էր Արցախի պատմության արխիվ՝ ավելի քան 500 հազար միավոր փաստաթղթերով և վավերագրական նյութերով: Արխիվային հիմնական ֆոնդերն էին. Արցախյան շարժում, պետական շինարարություն, պաշտպանության բանակ և բանակաշինություն, պակամարտության պատմություն, անվանի արցախցիներ (ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ ու թեկնածուներ, արվեստագետներ, գրողներ, պետական-քաղաքական և ռազմական գործիչներ և այլն), անհատական ծագման ֆոնդեր (Արցախում ապրած ու ստեղծագործած երկու տասնյակ նշանավոր մտավորականների գործունեության ու ստեղծագործության արդյունքում առաջացած փաստաթղթերով), Արցախի պարբերական մամուլի արխիվ (շուրջ 100 անուն թերթերի, ամսագրերի և այլ պարբերականների հավաքածուներ), հազարավոր բացառիկ լուսանկարների ֆոտոարխիվ, աուդիոձայնագրություններ, տեսաֆիլմեր ու տեսաերիզներ: Կենտրոնի աշխատակիցները մասնակցել են միջազգային և հանրապետական գիտաժողովների և իրենց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել գիտաժողովների նյութերի ժողովածուներում: Հրապարակվել են հոդվածներ գիտական ամսագրերում և պարբերական կամ գիտական ժողովածուներում: Հրատարակվել է 6 միավոր ուսումնաօժանդակ գրականություն բուհերի համար: Կազմակերպվել են միջազգային թեմատիկ գիտաժողովներ (2010թ., 2012թ. և 2020թ.), գիտագործնական կոնֆերանսներ, «Կլոր սեղաններ», քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, հիշատակի երեկոներ ու հոբելյանների արժեվորման ցերեկույթներ, ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքներ, հանդիպումներ և դասախոսություններ զորամասերում: Կենտրոնի գիտամեթոդական խորհրդատվությունների, նախաձեռնությունների շնորհիվ պաշտպանվել են ատենախոսություններ, հրատարակվել մենագրություններ և ժողովածուներ, ստեղծվել են գիտատեղեկատվական ու համագործակցային կապեր այլ համանման կառույցների հետ:

-Կենտրոնը Շուշիում էր տեղակայված, 2020 թվականի աշնանային պատերազմից հետո որտե՞ղ էր իրականացնում գործունեությունը։

- Պատերազմի և Շուշի քաղաքի բռնազավթման հետևանքով «Կաճառ» գիտական կենտրոնի ամբողջ գույքը և գործավարական փաստաթղթերը մնացել են Շուշի քաղաքում: 14 տարիների գործունեության ընթացքում ձևավորված փաստաթղթերի մոտ 2 տասնյակ գործերը, մի խոսքով՝ հասարակական նախաձեռնություններով 14 և անհատական ջանքերով՝ ևս 18 տարվա ընթացքում հավաքված ու պահպանված մշակութային ու պատմավավերագրական, սկզբնաղբյուրային ու գիտական մեծ ժառանգությունը մնացել է այնտեղ։ Հայ ժողովրդի մտավոր ու նյութական ժառանգության մաս կազմող այդ անգին հարստությունը Ստեփանակերտ տեղափոխելու խնդրանքով տակավին 2021թ. փետրվարին պաշտոնական գրություններով դիմել եմ ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, ինչպես նաև ռուս խաղաղապահներին, ՌԴ նախագահի վարչակազմին, սակայն ապարդյուն, այդպես էլ դրական տեղաշարժ չի եղել: Այդ ծանր հարվածից չենք հիասթափվել և արդեն Ստեփանակերտում գործունեություն ենք ծավալել հայագիտական գրադարանը և Արցախի պատմության արխիվը վերականգնելու, հրատարակչական գործունեությունը վերսկսելու ուղղությամբ: Կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ, գործարկել ենք պաշտոնական կայք, հրատարակել «Կաճառ» տարեգրքի 14-րդ և 15-րդ հատորները, միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն, մենագրություններ և այլն:

- Պարոն Հարությունյան, կարողացե՞լ եք, արդյոք, այդքան մեծ դժվարություններով վերականգնած աշխատությունները հասցնել Հայաստան: 

- Շուշիում մտավոր վիթխարի հարստության կորստի դառը դասը սովորեցրեց իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը և օգտագործել ամենափոքր իսկ հնարավորությունը մտավոր ժառանգության մնացորդները փրկելու համար: Սակայն, Երևանում մենք կրկին բախվեցինք տարբեր տրամաչափի չինովնիկների բյուրոկրատական պատին և առայսօր լուծված չէ Կենտրոնի տեղակայման հարցը:

- Պարոն Հարությունյան խոսենք Հայաստանում գործունեության մասին։ Ինչպե՞ս եք վերսկսել գործունեություն։ Քանի՞ հոգի է աշխատում կենտրոնում։ 

- 2024 թ. հունվարի 23-ին ««Կաճառ» գիտական կենտրոն» ՀԿ-ն վերագրանցվել է ՀՀ-ում: Ֆինանսավորման հարցը փորձում ենք լուծել մեր գործունեությանը համապատասխանող դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու միջոցով, բայց առ այժմ՝ ապարդյուն: Մեր կենտրոնը բաց է Կանոնադրության և գործունեության ծրագրի դրույթներն իրականացնելու ցանկացած փուլում մեր թիմին միանալու կամք ու վճռականություն ունեցող, հասարակական աշխատանքից չխորշող և իրենց գիտելիքներն ու փորձը հանրային շահերին ծառայեցնել կամեցող մտավորականների առաջ: Որոշ կազմակերպական հարցեր լուծելուց հետո կվերսկսենք գիտական կենտրոնին անդամագրվելու դիմումների ու փաստաթղթերի ընդունումը: Սակայն, համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման համար անդամագրումը երբեք էլ նախապայման չի եղել, ինչով էլ, թերևս, պայմանավորված է, որ մեր ՀԿ-ին ֆորմալ անդամակցածների թիվը միշտ մի քանի անգամ զիջել է գործընկերների, գաղափարակիցների թվին:

-Այս ընթացքում Երևանում ի՞նչ աշխատանք եք իրականացրել։ Կարծեմ, գիրք եք տպագրել։

Անհատ հովանավորների օգնությամբ հաջողվել է տպագրել «Կաճառ» տարեգրքի 16-րդ հատորը և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կարևոր ուղերձներ պարունակող մեկ մենագրություն: Շարունակում ենք հայագիտական գրադարանի և Արցախի պատմության արխիվի, որի նշանակությունը շատ ավելի է զգացվում վերջին աղետի ժամանակ ամեն ինչ կորցնելուց հետո, վերականգնման ու թվայնացման աշխատանքները, Արցախին նվիրված ուսումնասիրությունների արդյունքները հրատարակում ենք գիտական հանդեսներում, մասնակցում ենք տարբեր քննարկումների ու գիտճանաչողական միջոցառումների:

-Պարոն Հարությունյան, հետևո՞ւմ եք, արդյոք, Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ 

- Մշտադիտարկում ենք Արցախի օկուպացիայից հետո ադրբեջանցի վանդալների և ռազմական հանցագործների անպատիժ ոճրագործությունները, արձանագրում, տարբեր հարթակներում բարձրաձայնում դրանց անթույլատրելիության և ալիևյան կլանի նկատմամբ միջազգային ճնշման միջոցով հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու համար: Այս ճակատում հատկապես նկատելի է Հայքի մշակույթի արժեպաշտպան, մեր Կենտրոնի կրտսեր գիտաշխատող Հովիկ Ավանեսովի արդյունավետ գործունեությունը, որը գործընկերների հետ ներդաշնակ պատեհաժամորեն արձագանքում և իր բողոքի ձայնն է բարձրացնում ադրբեջանցի զավթիչների յուրաքանչյուր վանդալիզմի և կուլտուրոցիդի հանցագործության համար:

-Դժվարություններ, խոչընդոտներ, որոնց հաճախ հանդիպում եք մասնագիտական գործունեությունն իրականացնելու ընթացքում։

-Ամենաանհաղթահարելի դժվարությունը գրասենյակային տարածքի հարցն է, որի լուծումը կխթաներ ոչ միայն մտավոր ժառանգության փրկված մասի պահպանմանն ու գալիք սերունդներին փոխանցելուն, այլև հանրային բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը: Արցախի բռնազավթված տարածքների վիթխարի մշակութային հարստության կորուստը ստիպում է մտածել մեր ժողովրդի մտավոր ժառանգության փրկված մասը հուսալիորեն պահպանելու և գալիք սերունդներին փոխանցելու, Արցախի մասին առկա տեղեկությունները հանրահռչակելու և գիտահետազոտական աշխատանքները շարունակելու համար գրասենյակը պահանջված է և հապաղումը մեծացնում է մտավոր ժառանգության հրաշքով փրկված մասի վերջնական կորստի վտանգը: Փնտրում ենք հովանավորներ «Կաճառ» տարեգրքի 17-րդ հատորը և պատրաստի այլ աշխատություններ հրատարակելու համար: Հաճախ կենցաղային դժվարություններն ակամա խոչընդոտներ են հարուցում ինչպես գիտական, մշակութային, այնպես էլ հասարակական, շահույթ չհետապնդող ու չվարձատրվող գործունեության առաջ: Տեխնիկական միջոցների անհրաժշտություն ունենք՝ գոնե պատահականորեն փրկված և տակավին առանձին անհատների մոտ պահվող տարաբնույթ, արժեքավոր նյութերի ու վավերագրերի թվայնացումը և հանրահռչակումը իրականացնելու նպատակով, ինչը հիմք կհանդիսանա տեղեկատվական պատերազմում հայ ուսումնասիրողների փաստարկումների և թշնամու նենգափոխումները մերկացնելու կամ չեզոքացնելու համար: Մյուս կողմից հնարավորություն կստեղծվի մեր ժողովրդի հոգևոր ժառանգությունը սերունդներին փոխանցելու և ֆորս-մաժորային դեպքերում անդառնալիորեն կորցնելու վտանգից խուսափելու համար:

- Պարոն Հարությունյան Դուք արցախյան պատերազմների վավերագիրն եք նաև, ինչպե՞ս եք գնահատում 44-օրյա պատերազմից այս կողմ տեղի ունեցած իրադարձությունները։

-Ուսումնասիրում ենք բաց աղբյուրների և արդեն հրատարակված նյութերի տեղեկությունները, որոնք համադրելով ականատեսի ու մասնակցի դիտարկումներին, փորձում ենք փաստարկված եզրակացություններ կատարել, բայց ոչ թե մեղավորներ կարգելու, ինչպես ոմանք են անում, այլ օբյեկտիվ ճշմարտությունը վեր հանելու և դասեր քաղելու, հետևություններ անելու և նախորդ սխալները չկրկնելու նպատակաուղղվածությամբ: Այդ ուսումնասիրությունների արդյունքները պարբերաբար հրատարակում ենք փոքրածավալ աշխատություններում, իսկ հիմնարար ու եզրափակիչ աշխատություն մեր հանրությանը ներկայացնելու համար դեռ երկարատև աշխատանքներ են պահանջվում: Ներկայումս մեծածավալ աշխատանք կա տեղեկատվական պատերազմի ճակատում թշնամու չդադարող նենգափոխումներին համարժեք հակահարված տալու ասպարեզում։ Ավանգարդում ուղեղային կենտրոնները պետք է լինեն, որոնց գործունեության համար պայմաններ պետք է ստեղծվեն, այլապես ադրբեջանաթուրքական հերթական ագրեսիային ստիպված ենք լինելու դիմագրավել միջազգային կատարյալ մեկուսացվածության մեջ։

Անահիտ Պետրոսյան