Պեմզաշենում խախտել էին ընդերքի օգտագործման պահանջները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում գործունեություն ծավալած սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն պայմանագրով հատկացված տարածքից դուրս գտնվող գյուղնշանակության հողն օգտագործում է արդյունահանման նպատակով: Հունիսի 26-ին ստուգման նպատակով իրավապահներն այցելել են Պեմզաշեն: Այցելության պահին քարհանքում աշխատում էր քարհատ մեքենա և կար «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար: Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հատկացված մոտ 4,5 հեկտար տարածքից դուրս իրականացնում է արդյունաբերական գործունեություն` առանց գործառնական նշանակության փոփոխման ու առանց թույլտվության, և թափոնները լցնում է դրա համար չնախատեսված վայրում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: