Ավելի քան 43կգ տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության, Սյունիքի մարզային քննչական վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված գործողությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 43.724կգ. տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, պարզվել հանցավոր խմբի անդամներից երկուսի ինքնությունը:
Դեռևս 2023թ. հունվարին օպերատիվ տեղեկություններ են ստացվել՝ ԻԻՀ քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետություն մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ տեղափոխելու մասին:
Ստացված տեղեկությունները իրացնելու ընթացքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին, ՀՀ տարածքում շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն է ձեռք բերել Վրաստանի Հանրապետության 27-ամյա քաղաքացու և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ:
Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 2024թ․ ապրիլի 15-ին վերջինս ապահովել է ՀՀ պետական սահմանով, մաքսանենգ ճանապարհով, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28.003,47 գրամ քաշով «Մարիխուանա», 14.434,75 գրամ քաշով «Հերոին» և 1287,06 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների ապօրինի տեղափոխումը ՀՀ տարածք և Սյունիքի մարզից այլ վայր տեղափոխելու, տարբեր թաքստոցներում տեղադրելու գործընթացը:
Ապա թմրամիջոցների թաքստոցի վայրի լուսանկարներն ուղարկվել են խմբի կազմում ընդգրկված Վրաստանի քաղաքացի 27-ամյա երիտասարդին, ով 2024թ․ ապրիլի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է թմրամիջոցների թաքստոցի գտնվելու վայր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքի տարածք, հայտնաբերել տեղադրված հիշյալ թմրամիջոցների պարկերը և իրացնելու նպատակով փորձել է դրանք տեղափոխել ու տեղադրել իր կողմից շահագործվող «Վազ 2107» ավտոմեքենայում, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրա վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Հանցավոր խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե