Իսրայելը դիտարկում է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը. The Times of Israel
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելի ղեկավարությունը դիտարկում է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու հնարավորությունը, եթե Իսրայելն ունենա անհերքելի փաստեր, որ Թեհրանը հարձակում է նախապատրաստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel թերթը։
Պարբերականի տվյալներով՝ օգոստոսի 4-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացրել է խորհրդակցություն բանակի և հատուկ ծառայությունների ղեկավարության հետ՝ Իսրայելի վրա Իրանի և «Հեզբոլլահ»-ի հնարավոր հարձակումներին նախապատրաստվելու ֆոնին։
Առաջիկա օրերին Իսրայելի վրա հնարավոր հարձակման մասին մտավախությունները պայմանավորված են նրանով, որ Իրանը խոստացել է վրեժ լուծել հունիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար, որին նախորդել էր Բեյրութում ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։
Խոհրդակցության ընթացքում քննարկվել է Իրանին կանխարգելիչ հարված հասցնելու տարբերակը, չնայած, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, անվտանգության ոլորտի պաշտոնյաները շեշտել են, որ այդ քայլը կձեռնարկվի միայն այն դեպքում, եթե Իսրայելը հստակ հետախուզական տվյալներ ստանա Իրանի կողմից մոտալուտ հարձակման մասին։
Ավելի վաղ Axios լրատվական հարթակն իր աղբյուրներին հղումով հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախազգուշացրել է G7 երկրների իր գործընկերներին, որ Իրանի և «Հեզբոլլահ»-ի հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում։