Բլինքենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավարը կարող է հասնել Գազայի հատվածում հրադադարի
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը կարող է հրադադարի համաձայնագիր կնքել Իսրայելի հետ, որը վերջ կդնի պատերազմին Գազայի հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2+2 ձևաչափով ամերիկա-ավստրալական բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Բլինքենի խոսքով՝ Սինվարը «եղել և մնում է գլխավոր մարդը, որը որոշում է ընդունում, երբ գործը հասնում է հրադադարի համաձայնագրի կնքմանը»:
Ինչպես նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, իրականում Սինվարից է կախված՝ արդյոք առաջ տանել հրադադարի համաձայնագիրը, որն «ակնհայտորեն կօգնի ծայրահեղ կարիքի մեջ գտնվող պաղեստինցիներին՝ կանանց, երեխաներին, տղամարդկանց, որոնք հայտնվել են խաչաձև կրակի մեջ»:
Բլինքենի խոսքով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գործարքի կնքման շուրջ բանակցությունները շարունակվել են և հասել իրենց վերջին փուլին։ Նա նշել է, որ Գազայի հատվածում հրադադարը և իսրայելցի պատանդների վերադարձը նաև հնարավորություն կստեղծեն թուլացնել լարվածությունը և կայունություն հաստատել տարածաշրջանում։
Նա շեշտել է, որ հնարավոր հարձակման դեպքում ԱՄՆ-ն կպաշտպանի Իսրայելին, սակայն կենտրոնացած է լարվածությունը թուլացնելու վրա։
«Ոչ ոք չպետք է սրի այս հակամարտությունը: Մենք ինտենսիվ դիվանագիտական աշխատանք ենք տարել դաշնակիցների և գործընկերների հետ, որպեսզի այդ ուղերձն ուղղակիորեն հասցնենք Իրանին։ Մենք այդ ուղերձն ուղղակիորեն փոխանցել ենք Իսրայելին», - հայտարարել է Բլինքենը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումն իր քաղաքական թևի նոր ղեկավար է նշանակել Յահյա Սինվարին. նա կփոխարինի Իսմայիլ Հանիյեին, որը սպանվել էր Թեհրանում հուլիսի 31-ին՝ Իրանի նախագահի երդմնակալությունից հետո։ Իրանը խոստացել է վրեժ լուծել Հանիյեի սպանության համար։