Ֆինանսական աջակցություն է տրամադրվում բոլոր այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձի
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՐՑԵՐ՝ գործատուներից։
Հարց 1։ Ի՞նչ պայմանների պետք է բավարարի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը, որպեսզի ընդունեմ աշխատանքի և ստանամ աջակցություն։
Պատասխան։ Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց, ովքեր հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:
Հարց 2։ Արդյոք ֆինանսական աջակցություն կստանամ, եթե աշխատանքի ընդունեմ 2020 թվականին ԼՂ-ից տեղահանված անձի։
Պատասխան։ Ո՛չ, քանի որ ծրագիրն ուղղված է 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը։
Հարց 3։ Որքա՞ն աջակցություն կստանամ ԼՂ-ից բռնի տեղահանված անձին աշխատանքի ընդունելու դեպքում։
Պատասխան։ Ծրագրի շրջանակում գործատուները կարող են ստանալ երեք ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով գումար՝ որպես շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցում։ Իսկ եթե կազմակերպեք ԼՂ-ից բռնի տեղահանված անձի աշխատանքային պրակտիկան Ձեզ մոտ՝ երեք ամիս ժամկետով, կստանաք ամսական 165,000 դրամ՝ որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում և ևս 3 ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում։
Հարց 4։ ԼՂ-ից բռնի տեղահանված քանի՞ անձի կարող եմ ընդունել աշխատանքի։
Պատասխան։ Ծրագրով շահառուների թվի հետ կապված սահմանափակում նախատեսված չէ։
Հարց 5։ Արդյոք կարող եմ լուծել պայմանագիրը՝ մինչև սահմանված ժամկետի լրանալը։
Պատասխան։ Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետի լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է վճարել հատուցում՝ իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով կամ վերադարձնել որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում վճարված գումարը։
ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ