Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎԾ . Գնաճը կազմել է 9%

Տնտեսություն
2db3c9369ae8838d67d061ab8db568e1

Ազգային վիճակագրական ծառայության` այսօր հրապարակած տվյալներով, 2010թ. մայիսի համեմատ այս մայիսին սպառողական ապրանքների գներն աճել են 9,0%-ով: Համաձայն ԱՎԾ տվյալների` ապրիլ ամսվա համեմատ գների փոփոխություն տեղի չի ունեցել:

Նշենք, որ 2011թ. պետական բյուջեում տարեկան գնաճը նախատեսված է 4 (+/-1,5%) միջակայքում:
Ընդհանուր առմամբ` տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարի մայիսին սնցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 9,9%, մինչդեռ 2011թ. ապրիլ ամսվա համեմատությամբ տնտեսությունը ակտիվացել է 13,7%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 23%-ով` կազմելով 177,2 մլրդ դրամ ($475 մլն): Ընդ որում, արտահանման եւ ներմուծման հաշվեկշիռը շարունակում է բացասական մնալ (համապատասխանաբար` $114 մլն` $360 մլն-ի դիմաց), սակայն հուսադրող են արտահանման աճի միտումները: Այսպես, արտահանման ծավալները այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39,7%-ով, մինչդեռ ներմուծումը ավելացել է ընդամենը 18,5%-ով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը, ըստ ԱՎԾ տվյալների, մայիսին տարեկան հաշվարկով աճել է 25%-ով, նախորդ ամսվա համեմատ` 11,4%-ով:

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը մեկ ամսվա կտրվածքով աճել է 49,2%-ով, մինչդեռ 2010թ. մայիսի համեմատ գյուղատնտեսությունը զարգացել է ընդամենը 0,1%-ով:

Նշենք, որ հանրապետության գործադիր իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գյուղատնտեսությունը տնտեսության գերակա ճյուղ էր հռչակել դեռեւս տարեսկզբին` ոլորտում շոշափելի արդյունքներ ակնկալելով մայիս-հունիս ամիսներին: