Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վարդան Հարությունյան
A A
Քաղաքականություն

Փաշինյանն ընդդիմությունից չի վախենում, իր քննադատներից չի վախենում, բայց չգիտես ինչու․․․․

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Փաշինյանն ընդդիմությունից չի վախենում, իր քննադատներից չի վախենում, ճիշտ խոսքից չի վախենում, սուտ խոսքից չի վախենում (պետք լինի՝ ինքն այնպիսի սուտ կասի, որ կքարանան բոլորը), հակադարձում է բոլորին, սպառնում է բոլորին։ Խոստանում է ծեփել պատերին, փռել ասֆալտին։ Մի երկու փորձ էլ արել է։ Ճիշտ է՝ անհաջող, բայց արել է։ Բայց, չգիտես ինչու, վախենում է բարձր, շատ բարձր, չափազանց բարձր հռնդյունով երթեւեկող, բարձր, շատ բարձր, չափազանց բարձր երաժշտություն միացրած, քաղաքի անդորրը խախտող, մարդկանց հանգիստը խանգարող մեքենաների տերերից։ Նրանք շատացել ու, հանրության նկատմամբ ցուցադրական արհամարհանք դրսեւորելով, երթեւեկում են անարգել, օրվա ու գիշերվա ցանկացած ժամի։
 
Եթե չվախենար այս մեքենաների տերերից, ապա համապատասխան ծառայություններին կհանձնարարեր, որ օրենքի շրջանակներում նրանց կարգի հրավիրեն, որ թույլ չտան, որ պատժեն։ Կամ՝ իր նախընտրած տարբերակով՝ ծեփեն պատերին ու փռեն ասֆալտին։
Հիմա՝ մայթերին կայանված մեքենաներին ու մայթերի վրա բետոն շաղախող շինարարներին անդրադառնալուց հետո հույս կա, որ վախը մի կողմ կդնի ու սրանց է կանդրադառնա։
 
Լավ է, շատ լավ է, որ Փաշինյանը պատմության, Հռչակագրի, Սահմանադրության, իրական ու վիրտուալ Հայաստանների թեմաներից մայթի թեմային է անցում կատարում։ Մայթերի, ծորակների, շենք-շինությունների ու ճանապարհների վերանորոգումների բնագավառներում նրա արձանագրած անհաջողություններն ու հատկապես՝ հաջողությունները երկրի համար ճակատագրական չեն։ Թող զբաղվի։ Պետք է քաջալերլ, որ չվախենա, որ ավելի խորանա, որ այս թեմաների մեջ մնա ու էլ դուրս չգա։