Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ԱՄՆ-ն աջակցում է Երերույքի հինավուրց տաճարի պահպանությանը (տեսանյութ)

Երերույքի հինավուրց տաճար կատարած այցի ժամանակ դեսպան Քվինը և նախարար Անդրեասյանն անդրադարձան Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության նպատակով Միացյալ Նահանգների կողմից ներդրվող գրեթե 250000 ԱՄՆ դոլար աջակցությանը

20 օգոստոսի 2024թ, Երերույք – ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանի, պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելեց Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի ներքո իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ։ Այցն ընդգծում էր Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանությանն ու վերականգնմանն աջակցելու Միացյալ Նահանգների հանձնառությունը։

«Մշակութային պահպանության ոլորտում մեր համագործակցությունը խոսում է մեր երկու պետությունների միջև ամուր փոխգործակցության մասին։ Միասին մենք պահպանում ենք պատմությունը և նպաստում փոխադարձ ըմբռնման և հարգանքի ձևավորմանը», - ասաց դեսպան Քվինը։

Երերույքի հինավուրց բազիլիկ տաճարը հիմնվել է 4-5-րդ դարերում և Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի պատմական նշանակության եզակի կոթող է։ Հուշարձանի պահպանության հարցում մարտահրավերներ են եղել` պայմանավորված թե՛ բնական, թե՛ մարդկային գործոններով, և  այսօր հուշարձանի պահպանությունն առանցքային է Հայաստանի մշակութային ժառանգությունը հետագա սերունդներին հրամցնելու համար։

Երերույքում դեսպան Քվինը հայտարարեց ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մասին, որով 74․000 ԱՄՆ դոլար է տրամադրվում Մատենադարանին՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտին Լեռնային Ղարաբաղի հինավուրց հայկական վանքերում ստեղծված հազվագյուտ ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանության համար։  

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 15 ծրագիր, որոնց ուղղվել է ընդհանուր առմամբ 1․6 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և նախապատրաստում որպես առկա մոնումենտալ քարերի ցուցադրավայր։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում վերջերս իրականացված ծրագրերից են Սանահին վանական համալիրի պահպանության աշխատանքները Լոռու մարզում,  Մեղրու Սբ․ Հովհաննես եկեղեցու վտանգված որմնանկարների վերականգնումը Սյունիքի մարզում և Արենի 1 քարանձավի  պահպանությունը Վայոց Ձորի մարզում։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիտարկել Հայաստանում Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերի ցանկը և ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի էջը։