Մենք պետք է երեխաներին սովորացնենք առաջին հերթին լավ ապրել եւ կարողանալ վայելել կյանքը, նրա բարիքները․ Փաշինյանը՝ Սյունիքի մարզի Վաղատինի դպրոցում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀաջորդիվ վարչապետն այցելել է Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոց: 2020 թ. մեկնարկած շինարարական ծրագրի արդյունքում կառուցվել է մոդուլային դպրոց, որի համար հատկացվել է ավելի քան 752 մլն 800 հազար դրամ: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով՝ բացառությամբ լաբորատոր գույքից: Այս պահին այնտեղ սովորում է 48 աշակերտ: Վաղատինի միջնակարգ նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար:
Վաղատինի դպրոցում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ուսումնական հաստատություններում արժեքային համակարգի դասավանդումը: Վարչապետն արձանագրել է՝ այն պետք է լինի պետականակենտրոն արժեքային համակարգ, որի առանցքում դրված է Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետականությամբ, պետական սիմվոլներով, ՀՀ պետական օրերի, ՀՀ աշխարհագրության և տարածքի մասին իմացությամբ: Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կարևորել է «Հայրենիքը պետություն է» հայեցակարգի պարզաբանումը և այդ թեմայի շուրջ քննարկումները կրթական հաստատություններում:
Վարչապետը նաև նշել է, որ դպրոցը, Հայաստանի Հանրապետության ամեն քառակուսի, ամեն անկյուն յուրաքանչյուրի հոգածության առարկա պետք է լինի. «Իհարկե, ամեն ինչի համար կա պաշտոնյա, որը պատասխանատու է, բայց միայն պաշտոնյաներով խնդիրներ լուծել չի լինի: Հենց քաղաքացի լինելն է ամենաբարձր և ամենակարևոր պաշտոնը, որ մեզնից յուրաքանչյուրն ունի»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գյուղում ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ դեպի դպրոց տանող ճանապարհների բարելավմանը: