«Armenia EXPO 2024» 23-րդ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացված են աննախադեպ թվով երկրներ
Աջակցիր «Ա1+»-ին
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավորությամբ բացվեց «Armenia EXPO 2024» 23-րդ ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը։
Ոջունելով մասնակիցներին և հյուրերին՝ ցուցահանդեսի համակազմակերիպիչ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը նշեց, որ ներկայացված են աննախադեպ թվով՝ 10 երկրի 120-ից ավելի ընկերություն։ Սա, ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ վառ վկայությունն է նրա, որ Logos Expo կենտրոնի հետ ավանդաբար համատեղ կազմակերպվող ցուցահանդեսները տարեց տարի առավել մեծ հեղինակություն ու պահանջարկ են վայելում։ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ համանման ցուցահանդեսներն արդեն կայացած, ինչպես նաև նորաստեղծ ընկերություններին հնարավորություն են տալիս ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները, գտնել նոր գործընկերներ, սպառողներ։ Բանախոսն ուրախությամբ արձանագրեց, որ ցուցահանդեսին մասնակցում են նաև հասարակական կառույցները՝ ի դեմս Հայաստանի մոտոսպորտի ֆեդերացիայի, որի ներկայացուցիչները ոչ միայն ցուցադրեցին իրենց ստորտային կարողությունները, այլև ներկայացել են վերջին տարիներին կատարված աշխատանքն ու նվաճումները ամփոփող հարուստ տաղավարով։ Ըստ ՀԱԳՄ փոխնախագահի՝ ֆեդերացիայի գործունեությունը միտված է նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։
ՀՀ էկոնամիկայի փոխնախարար Սևակ Միքայելյանի խոսքով՝ համանման ցուցահանդեսները պետության համար շատ մեծ կարևորություն ունեն։ Նա հատկապես ընդգծեց մասնակիցների լայն աշխարհագրական ներկայացվածությունը, ինչը թե՛ տեղական, թե՛ արտերկրի ընկերություններին հնարավորություն է ընձեռում գտնել նոր գործընկերներ, համագործակցության եզրեր, հաստատել նոր ծանոթություններ՝ դրանով իսկ նպաստելով ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի տնտեսության զարգացմանը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային նորկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոյի ներկայացմամբ՝ ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել ռուսական չորս ընկերություն, կազմակերպվելու է նաև գործարար երկխոսություն, որտեղ ներկայացվելու են հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունները։ «Իրականում դա պարզ գործընթաց է, շատ ժամանակ չի խլում, և այստեղ մեզ միշտ սպասում են։ Այն բարեկամական, գործընկերային մթնոլորտը, որ այստեղ հաստատված է, հիմք է ստեղծում, որ հետագայում ևս համատեղ ընդլայնենք, խորացնենք մեր համագործակցությունը»,– նշեց Աննա Դոնչենկոն։
Ցուցահանդեսը, որին մասնակցում են Հայաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Գերմանիան, Վրաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Էստոնիան, ԱՄԷ–ն և Չինաստանը ներկայացնող ընկերություններ, աշխատանքը կշարունակի մինչև սեպտեմբերի 8–ը։
Բացման հանդիսությանը ներկա էր նաև ՀՀ նախագահի խորհրդական Ռոբերտ Խաչատրյանը։