1-ական արծաթե և բրոնզե մեդալներ՝ Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայից
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ դպրոցականները 1-ական արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 1-8-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:
Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը, Քվանտ վարժարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (10-րդ դասարան) և Գագիկ Գևորգյանը (11-րդ դասարան)։ ՀՀ թիմն արժանացել է 1-ական արծաթե (Գագիկ Գևորգյան) և բրոնզե (Ծովակ Եգորյան) մեդալների, ինչպես նաև 2 գովասանագրերի (Հակոբ Այվազյան ու Ալեքս Գրիգորյան)։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով. յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը և ուսանող Սամվել Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. Հայաստանի թիմը Ինֆորմատիկայի 35-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Հունգարիայում, արժանացել էր 3 բրոնզե մեդալների։
Տեղեկացնենք, որ «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայով ավարտվել են 2023-2024 ուսումնական տարվա 7 հիմնական բնագիտական առարկաների միջազգային օլիմպիադաները, որոնց մասնակցել է հանրապետության 8 կրթօջախի 29 աշակերտ: Նրանք արժանացել են 1 արծաթե և 18 բրոնզե մեդալների (մաթեմատիկա՝ 5 բրոնզ, քիմիա՝ 4 բրոնզ, ֆիզիկա՝ 3 բրոնզ, աստղագիտություն՝ 3 բրոնզ, կենսաբանություն՝ 2 բրոնզ, ինֆորմատիկա՝ 1 արծաթ և 1 բրոնզ, աշխարագրություն՝ առանց մեդալների)։ Կրթօջախներից մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանը (1 արծաթ և 4 բրոնզ), Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը (10 բրոնզ), Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը (2 բրոնզ), ՀԱՊՀ ավագ դպրոցը (1 բրոնզ) և Սևանի ավագ դպրոցը (1 բրոնզ)։ Նախորդ՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ աշակերտներն արժանացել էին 1 ոսկե, 4 արծաթե և 14 բրոնզե մեդալների։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ