Ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն և օգտվեն My TAX բջջային հավելվածից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնհատ տաքսի վարորդներն այսուհետև տաքսի ծառայություն մատուցելու համար պետք է միանան հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին, պատվերն ավարտելուց հետո գեներացնեն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Գործընթացը հեշտությամբ իրականացնելու համար ՊԵԿ-ը գործարկել է My TAX բջջային հավելվածը։ Այն մշակված է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։ Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ից՝ Android-ի համար․ ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել My tax Armenia անվանումը։
My TAX բջջային հավելվածն ունի պարզ դիզայն և մատչելի է օգտագործման համար։ Պարզապես պետք է ներբեռնել հավելվածը, կատարել մի քանի պարզ քայլ և պատվեր կատարելուց հետո գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնն ու այն տրամադրել հաճախորդին՝ իր նախընտրած առցանց տարբերակներից որևէ մեկով։ Հավելվածը հնարավորություն է տալիս նաև առցանց եղանակով՝ առանց որևէ դիմում ներկայացնելու և մեկ կոճակի հպումով, հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ)։
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիները հավելված կարող են մուտք գործել «Ես եմ» համակարգի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նախօրոք ակտիվացնել mID բջջային նույնականացման ծառայությունը։ Իսկ օտարերկրյա քաղաքացիների մուտքն իրականացվում է ՀՎՀՀ-ով և օգտվողի անուն-գաղտնաբառով, որը կարող են ձեռք բերել առցանց՝ դիմում ներկայացնելով e-request.am համակարգի միջոցով, կամ այցելելով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին։
My TAX բջջային հավելվածից օգտվելու քայլերը կարող եք գտնել տեղեկատվական հոլովակում: