Երևանի ավագանին նոր անդամներ ունի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։
Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։
Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը սահմանել է քաղաքացիական նախաձեռնության անդամի և քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչի վկայականների ձևը։
Նիստում քննարկվել են նաև Երևանի քաղաքապետի՝ սեպտեմբերի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունները։ Երևանի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Լուսինե Գուրգենի Բուղայանին։
Երևանի ավագանու անդամ Անույշ Ռուբիկի Խուդավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Դիաննա Արսենի Ալեքյանին։
Երևանի ավագանու անդամ Գրիգոր Աշոտի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալբերտի Իսոյանին։