Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն և կարևորել Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում: «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, և այս ճանապարհին, իհարկե, Ֆրանսիայի աջակցությունը մենք շատ բարձր ենք գնահատում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է նաև ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու Ֆրանսիայի պատրաստակամությունը:

Ստեֆան Սեժուրնեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես շեշտել Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացման կարևորությունն անվտանգության ու տնտեսության բնագավառներում: «Ֆրանսիան Հայաստանի կողքին է և շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին, մենք նաև բոլոր ջանքերը գործադրել ենք, որպեսզի ամրապնդվեն հարաբերությունները մեր երկու ժողովուրդների միջև»,- նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ փոխգործակցության շուրջ: Կողմերը կարևորել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչպես նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանն աջակցելու որոշման ընդունումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: