Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Քննարկվել են էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցեր (տեսանյութ)

Վերջին ամիսներին ամբողջ հանրապետությունում աճել են էլեկտրաէներգիայի խափանումների դեպքերը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս խնդրի առչությամբ սեպտեմբերի 20-ին կազմակերպել էր «էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում:

Քննարկմանը, որը  վարել են  խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հրավիրված էին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Հայկ Կոնջորյանն առաջարկել է քննարկումը ծավալել բաժանորդակենտրոն, քաղաքացիակենտրոն տրամաբանությամբ՝ հաշվի առնելով այն բոլոր զանգվածային դժգոհությունները, որոնք հատկապես վերջին մի քանի ամիսներին առկա են Հայաստանի մարզերում եւ Երեւանում՝ կապված էլեկտրաէներգիայի խափանումների եւ դրա հետ ածանցված բազմաթիվ խնդիրների հետ: Նա նաեւ ներկայացրել է քաղաքացիների մյուս դժգոհությունները՝ կապված տեխնիկայի խափանումների, փոխհատուցման մեխանիզմների, բազմաթիվ տնտեսավարողների մեծ  կորուստների հետ եւ այլն:

«Պետք է կարողանանք քննարկումը տանել լուծման միտված ուղղությամբ, քանի որ սրանք խնդիրներ են, որոնք պարզապես չեն կարող մնալ չլուծված»,- ընդգծել է Հայկ Կոնջորյանը: Նրա դիտարկմամբ պետք է հասկանալ, թե որտեղ ինչ անելիք կա, որ կառույցը որտեղ է թերանում, եւ եթե կա օրենսդրական նոր լուծման կարիք, ապա անել դա:

Խմբակցության ղեկավարը նշել է, որ քննարկումները կլինեն շարունակական՝ խնդրի լուծման ուղիները գտնելու համար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է էլեկտրաէներգիայի հաճախակի դարձած խափանումների պատճառները՝ նշելով, որ դրանք երեքն են: Առաջին եւ հիմնական պատճառը, ըստ նրա, ոլորտում ենթակառուցվածքների գերմաշվածությունն է, որն առավելապես նկատելի է ցածր լարման հատվածում: Բացի այդ, համայնքներում առկա է միայն ռադիալ համակարգ, այսինքն՝ Երեւանից դուրս որեւէ համայնքում չկա երկսնուցման համակարգ, եւ ցանկացած բնույթի վթարի դեպքում հնարավոր չի լինում տարածքն ապահովել էլեկտրական  հոսանքով, մինչեւ չվերացվի վթարը:

Երկրորդ խնդիրը կապված է ընկերության մենեջմենթի՝ կառավարման հետ: Խնդիրներ կան նաեւ ընկերության թեժ գծի հետ, որը, զեկուցողի խոսքով, բարելավման կարիք ունի:

Որպես երրորդ խնդիր նշվել է էլեկտրաէներգիայի խոշոր սպառողների ենթակայությամբ գործող էներգետիկ ենթակառուցվածքների վատ վիճակը: «Շատ դեպքերում նույն վթարներն ու հոսանքի անջատումներն ուղեկցվում են այդ ենթակայններում տեղի ունեցած խնդիրներով: Այս խնդիրը բարձրաձայնել ենք նաեւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, եւ, կարծում եմ, որ այստեղ որոշակի օրենսդրական փոփոխության կարիք կարող է առաջանալ, քանի որ կա օրենսդրական բաց»,- ասել է զեկուցողը:

Գարեգին Բաղրամյանը պատգամավորներին է ներկայացրել նաեւ  սպասարկման որակի մասով արդյունքային ցուցանիշները, որոնք, ըստ զեկուցողի, կառույցը ձգտում է բարելավել: Գարեգին Բաղրամյանը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ դիտարկումներին, անդրադարձել ներդրումներին, աշխատանքի թերակատարումների պատճառներին, կատարվելիք աշխատանքներին, տվել պարզաբանումներ:

Նրա  խոսքով ՀԷՑ-ի ներդրումների մեծ մասը պետք է ուղղված լիներ սպասարկման որակի բարելավմանը: 2016-2023 թվականներին նախատեսված է եղել կատարել 233 մլրդ դրամի ներդրումներ: «Ի՞նչ է տեղի ունեցել փաստացի: Գրեթե պահպանվել են 7 տարում  ներդրումների ծավալները, այսինքն՝ մոտ  233 մլրդ դրամի դիմաց  փաստացի 230 մլրդ դրամ ներդրում իրականացվել է: Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել: Այսինքն՝ սպասարկման որակի բարելավման համար 65 մլրդ դրամով ավելի քիչ ներդրում է իրականացվել: Կան օբյեկտիվ պատճառներգ դա նոր սպառողների միացումն է: Ընդ որում` նոր սպառողների միացման համար նախատեսված է եղել մոտ 28 մլրդ դրամ, բայց տնտեսության ավելի արագ զարգացման, նոր կառուցապատման ավելի արագ տեմպերը հաշվի առնելով՝ այս թիվը գերազանցվել է մոտ 39 մլրդ դրամով»,- ասել է բանախոսը:

Ծրագրերին անդրադառնալով՝ նա հայտնել է, որ  2024-2025 թվականներին նախատեսված է 6,3 մլրդ դրամով ամբողջապես  վերազինել Երեւանի փոքր կենտրոնի ենթակառուցվածքները. «Այսինքն՝ փոխվելու են բոլոր տրանսֆորմատորները, էլեկտրահաղորդման լարերը, եւ գրեթե 100 տոկոսանոց արդյունքի ենք հասնելու: Նման պրակտիկա ենք առաջարկում նախարարության, մարզպետարանների ու համայնքների հետ քննարկել, վեր հանել ամենախնդրահարույց համայնքները, եւ այդ հասցեական ներդրումներն իրականացնել ամբողջական վերակառուցման արդյունքում»:

Հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խոսել է համակարգի նկատմամբ հանրության անվստահությունից, օրենսդրական կարգավորման խնդիրներից, էլեկտրաէներգիայի անջատման հետեւանքով ոչ միայն անհատներին, այլ նաեւ բիզնեսին հասցված վնասներից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ բաշխման ծառայությունը մենաշնորհ է ու հավելել՝ ազատականացման արդյունքում պետք է հասնել այն իրողության, որ ՀԷՑ-ը մատուցի միայն բաշխման ծառայություն: Նրա խոսքով վաճառքն է ազատականացվել, բայց բաշխման ծառայությունն ամբողջ աշխարհում է մոնոպոլ: Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ զեկուցողը նշել է, որ մեծ ծավալի ներդրումներ են արվում, սակայն 298 մլրդի ներդրումը տասնապատիկ քիչ է դեռեւս 30-ականներին կառուցված համակարգն ամբողջությամբ վերազինելու համար:

Հարցուպատասխանի ձեւաչափում մտահոգություն է հնչել ՀԷՑ-ի սեփականատերերի ներդրումային քաղաքականության, պարտավորությունների կատարման ընթացքի առնչությամբ: Գարեգին Բաղրամյանի գնահատմամբ եթե մեզ մոտ էլեկտրաէներգիան ավելի թանկ է, ապա դա խոր պատճառներ ունի: «Տարածաշրջանի ենթակառառուցվածքները դեռեւս ամբողջապես բացված չեն, մեր ազատ շուկան լիարժեք կգործի, երբ կունենանք հաստատուն կապ Վրաստանի հետ, կկարողանանք դուրս գալ ԵԱՏՄ եւ ԵՄ շուկաներ»,- նշել է զեկուցողը:

Պատգամավորները փորձել են հասկանալ՝ ՀԷՑ-ի աշխատաոճի, շատ դեպքերում ոչ պատասխանատու քայլերի, անհիմն հոսանքազրկումների մասով ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հնչած հարցերի առնչությամբ հանձնաժողովի նախագահը պարզաբանումներ է ներկայացրել:

«Կարծում եմ՝ արդյունավետ քննարկում էր: Համոզվեցի, որ այն խնդիրները, որոնք կան էլեկտրաէներգիայի մատակարարման եւ ՀԵՑ-ի հետ վերջին տարիներին, չեն լուծվելու այն ստանդարտ գործիքակազմով, որոնք ունենք»,- ամփոփելով քննարկումը՝ ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Ըստ նրա՝ խնդրի լուծման համար նոր գործիքակազմ է պետք: Նա հավելել է, որ թեեւ ՀԷՑ-ն անցած 6-7  տարիների ընթացքում, ըստ Գարեգին Բաղրամյանի, 690 մլն դոլարի  ներդրումներ է կատարել, այնուամենայնիվ, իրավիճակը ոլորտում ավելի է վատացել:

Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ այն հարցադրումները, որոնք հնչեցնում են քաղաքացիները, շատ հստակ եւ առարկայական են: Դրանց լուծման հարցում անելիքներ ունեն թե՛ օրենսդիր եւ գործադիր մարմինները, թե՛ հանձնաժողովները:

Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։